▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, հուզվեցի. Լուսինե Մարտիրոսյանը՝ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի մասին

 

«Կան շատ լեգենդներ, համաշխարհային մեծություններ, բայց Շառլ Ազնավուրն ինձ համար առաջինն է, որի անվանը դիպչելը մեծ ռիսկ է յուրաքանչյուր հարցում, առավել ևս՝ եթե համերգ ես բեմադրում, քանի որ եթե նրան անդրադառնում ես, ապա պետք է դա անես լավագույն ձևով»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգի գեղարվեստական ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը:

 

 

Հիշեցնենք, որ օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել  մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը:

Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝  նման համերգ կազմակերպելու համար իրեն՝ որպես ռեժիսորի պետք էր ունենալ մի քանի «զենքեր».

«Եթե ես ունեմ տաղանդ և երևակայություն և կարող եմ այդ ամենն անել լավագույնս, ապա արդյունքի համար պետք է ինձ առաջին հերթին վստահեն: Բացի դրանից՝ ինձ պետք է տրամադրեն այն ամենը, ինչն ինձ հարկավոր է՝ տեխնիկական միջոցներ՝ բեմ, լույս, էկրաններ և այլն: Որոշում էի կայացրել, որ կողմնակի դետալներով, օրինակ՝ պարերով չեմ հագեցնելու համերգը, քանի որ Շառլ Ազնավուրն իր տեսակով մինիմալիստական լուծումներ էր նախընտրում:  Ազնավուրը միշտ մոնո աշխարհի մեջ է, քանի որ այնքան խորն է եղել, որ նրա մեկ ձեռքի շարժումը երևի շատ ավելին էր, քանի մյուս կատարողների միլիոնները, որոնք նրանք ծախսել էին բեմադրությունների վրա: Ազնավուրի մեկ հայացքը կամ գլխի պտույտն էլ բավական էր, նա կարող էր մեջքով կանգնել երկու րոպե, և այդ ամենի մեջ շատ ավելի մեծ ասելիք լիներ: Հենց այս ամենից ելնելով էլ որոշեցի համերգն այնպես անցկացնել, ինչպես սիրում էր հենց շանսոնյեն»:

Լուսինե Մարտիրոսյանը զրույցում նշեց, որ թեպետ մինչ այդ Ազնավուրի հետ շփվելու առիթներ չի ունեցել, սակայն իր ընտանիքի անդամները բավական մտերիմ են եղել Ազնավուրի հետ.

«Ընտանիքս, մասնավորապես՝ տատիկս, բավական մտերիմ էր Ազնավուրի մոր և քրոջ հետ, նրանք մեր տանը հյուրընկավելու առիթներ են ունեցել: Բացի դրանից՝  հայրս՝  Էռնեստ Մարտիրոսյանը, 1964 թ.-ին նկարահանել էր Շառլ Ազնավուրի մասին փաստավավերագրական ֆիլմ, երբ շանսոնյեն առաջին անգամ եկել էր Հայաստան: Ազնավուրի պատմությունը ես կրում էի դեռ մանկությունից: Տարիներ առաջ մտածում էի հիմնվել հայրիկիս ֆիլմի վրա և նկարահանել  Ազնավուրի հերթական այցի մասին ֆիլմ, սակայն չհամարձակվեցի: Հիմա էլ չեմ կարող, քանի Ազնավուրը չկա: Չգիտեմ՝ արդյո՞ք ինձ կարող եմ նման բան թույլ տալ, քանի որ ինձ պետք էր իր հետ անձամբ շփվել և իր աշխարհին ծանոթանալ, չեմ կարող արտացոլել այն, ինչից հստակ տեղյակ չեմ»:

Անդրադառնալով բուն համերգին՝ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ լեդ էկրանների միջոցով այնպես էին արել, որ Ազնավուրը «ներկա» լիներ համերգին.

«Շատ քիչ ժամանակ ունեինք  այդ ամենը կազմակերպելու համար, սակայն թե ես, թե իմ թիմը, մի քանի օր չքնելով, փորձեցինք անել հնարավորինս, որպեսզի  հանդիսատեսին մի փոքր փոխանցենք Ազնավուրի մոլորակից և նրա տրամադրությունից, չնայած այն կարծիքին եմ, որ բացի իրենից որևէ մեկը չի կարող այդ մթնոլորտը փոխանցել: Համերգին կարողացա իրականացնել մտածածիս միայն մասնիկները: Ինձ համար ամենակարևորն այն էր, որ համերգի եզրափակիչ հատվածում տպավարություն էր, որ Ազնավուրը ներկա էր, կատարում էր «Ավե Մարիա»-ն, փորձել էինք այնպես անել, որ բեմը համապատասխաներ էկրաններին ցուցադրվող կադրերին: Երբ վերջում հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, մի պահ ես էլ փշաքաղվեցի, հուզվեցի, պատկերացրի, որ եթե կարողանայի իրականացնել այն ամենը, ինչը մտածել էի, որքան ավելի շատ փոխանցած կլինեի»:

Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ համերգին կազմակերպչական փուլին միացել է բավական ուշ, ինչից ելնելով էլ խնդիրները բավական շատ էին.

«Ի սկզբանե առաջարկը հնչել էր Վահե Հարությունյանի կողմից, ով հայտնի է որպես համերգների կազմակերպիչ, չէի համաձայնի, եթե չլիներ Ազնավուրի գործոնը: Սկսեցինք աշխատել, համերգից մեկ շաբաթ առաջ կանգնեցինք խնդրի առաջ, գումարների փոխանցումներ չէին արվում, որոնք մինչ այդ արդեն պետք է կատարված լինեին միջնորդ ընկերությունների կողմից: Բացի դրանից՝  մատչելի տոմսերն արագ էին սպառվել, փոխարենը չէին սպառվում  ավելի թանկ տոմսերը, ինքս հասկացա, որ ոչ ճիշտ հաշվարկ էր տեղի ունեցել, ինչի արդյունքում տոմսերը շատ ավելի թանկ էին, քան պետք է լինեին: Պետք է նշեմ, որ հանդիսատեսը հաճախ է բողոքում, որ նմանատիպ համերգների տոմսերը թանկ են,  սակայն պետք է հասկանալ, որ ամեն բան ունի իր արժեքը, այդ թվում՝ նաև համալիրի վարձակալումը, տեխնիկան, մարդիկ, ովքեր աշխատում են, այդ ամենին ավելանում են հարկերը, որից էլ ունենում ենք նման արժեք, իսկ երբ  չեն լինում հովանավորներ, ամեն բան ավելի թանկ է լինում: Մեր պարագայում մեզ միացավ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամները, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը և այլք:  Այս բոլոր թիմերով մենք փորձեցինք սեղմ ժամկետներում  կազմակերպել նման պատասխանատու համերգ, որպեսզի բարձր պահեինք մեծն շանսոնյեի անունը»:

Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ իրեն որպես բեմադրիչի տրվել էր արդեն երգիչների ցանկը և ընտրված երգերը:

«Երգիչների  ընտությունն էլ նախորդ կազմակերպիչներինն էր, սակայն նաև այն կարծիքին եմ, որ ֆրանսիական  մթնոլորտը  լիովին փոխանցելու համար ճիշտ էր նրանց ընտրությունը: Այդ մարդիկ կրում են ֆրանսիական մշակույթը, քանի որ ապրում են այն քաղաքում, որտեղ ապրել էր լեգենդը: Մեր հայ կատարողների մասնակցությամբ  համերգներ մինչ այդ եղել էին, այս ձևաչափով կարողացանք փոխանցել էներգետիկան, թեպետ ես կցանկանայի, որ  ընդգրկված լինեին նաև այնպիսի դեմքեր, ովքեր իրենց աշխարհընկալումով շատ ավելի մոտ էին Ազնավուրին:  Հատուկ ցանկանում եմ շեշտել, որ որպես բեմադրիչ  առաջին անգամ էի համագործակցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ, հիացած եմ, քանի որ տեսա սահուն աշխատանք և պատրաստակամություն, այդ ամենը չէր լինի, եթե նման մոտեցում չցուցաբերեր տնօրեն Կարեն Ղազարյանը: Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին»:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև՝ Պատրիկ Ֆիորին հուզվեց դուդուկի հնչյուններից ու բեմում համբուրեց Կամո Սեյրանյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին