Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Դենդրոպարկին միլիոնավոր դոլարների վնաս տված Իջևանի գինու գործարանը ինչպե՞ս է պայքարելու դենդրոպարկում հիվանդությունների ու վնասատուների դեմ
«Արգելապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ է գտնվում Իջևանի դենդրոպարկը։ Այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Տեր-Ներսիսյանին հարցրել եմ՝ 2023թ․ փետրվարի 6-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հեկտար տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտի վերածելու նպատակով։ Որքա՞ն է կազմում 5,7 հեկտարի վարձակալության տարեկան գումարը, Իջևանի գինու, կոնյակի գործարանն այդտեղ հանգստի ի՞նչ գոտի է ստեղծել, գործարանն ունի՞ բուսաբան-մասնագետներ, որպեսզի նրանք այդ 5,7 հեկատար այգու հազվագյուտ, արժեքավոր ծառերի պահպանություն և խնամք իրականացնեն։
Հոկտեմբերի 9-ին ստացել եմ Լևոն Տեր-Ներսիսյանի պատասխանը, ուր նշված է , որ հիշյալ տարածքի վարձակալության տարեկան գումարը կազմում է 5 155 150 դրամ։ Պատասխանում նաև նշված է ․ «Պայմանագրի 2-րդ կետի պայմաններով հողամասը տրամադրվել է հանգստի գոտի կազմակերպելու նպատակով։ Ինչ վերաբերում է Վարձակալի բուսաբան-մասնագետներ ունենալուն՝ հազվագյուտ, արժեքավոր ծառերի խնամք ու պահպանություն իրականացնելու համար, ապա Պայմանագրի 2-րդ կետի մյուս պայմաններով վարձակալը պարտավոր է չիրականացնել կառուցապատման աշխատանքներ, չվնասել տարածքում աճող ծառաթփերն ու ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանիները, ժամանակին կանխել բուսական և կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը» ։
Իջևանի գինու, կոնյակի գործարանը գինի ու կոնյակ է արտադրում, ի՞նչ գործ ունի դենդրոպարկից վարձակալությամբ վերցված տարածքում հանգստի գոտի կազմակերպելու հետ։ Առավել անտրամաբանական է, որ գինու, կոնյակի գործարանը կարող է այդ տարածքում «ժամանակին կանխել բուսական և կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը»։ Սկսած 2020 թվականից Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստև գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետևանքով Իջևանի դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են շուրջ 25 000 տնկի, 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնիցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի դենդրոպարկից 5,7 հեկտար տարածք տրվել է բնությանը միլիոնավոր դոլարների վնաս տված Իջևանի գինու, կոնյակի գործարանին»։
|