Լրագրող Թաթուլ ՀԱկոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին երեկ կրեց հերթական պարտությունը, այս անգամ` 53 հազար բնակչություն ունեցող Ֆարերյան կղզիների հավաքականից: 53 հազարը ընդգծում ենք ոչ թե նրա համար, որ ցույց տանք, թե ինչքան ամոթալի է պարտվելը կղզիաբնակներին, այլ հիշեցնելու, որ հետևողական, նպատակասլաց աշխատանքը տալիս է իր արդյունքները:
Ֆարերյան կղզիների հաղթանակը պատահական չէր: Շաբաթներ առաջ երկու հավաքականների միջև առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ ոքի, Հայաստանի ընտրանին միայն ավելացված ժամանակի վերջին րոպեին էր կարողացել կորզել ոչ ոքին: Տարիներ առաջ Ֆարերների երիտասարդական թիմերը երկու անգամ հաղթել են Հայաստանի իրենց հասակակիցներին: Ազգային այս հավաքականը վերջին 10-15 տարիներին հաղթել կամ ոչ ոքի է խաղացել աշխարհի ֆուտբոլային շատ հավաքականների հետ: Սրանով, կրկին, ոչ թե ուզում ենք արդարացնել երեկվա մեր սպասելի և տրամաբանական պարտությունը, հակառակը, ուզում ենք ցույց տալ, որ աշխատելու դեպքում հաջողությունը գալիս է:
Այսօր հայկական ֆուտբոլը խորը ճգնաժամի և պառակտման մեջ է: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական չեն տալու, քանի որ նրանք այդ դիրքին հասել են Հայաստանի վարչապետի և նրա թիմի հովանավորությամբ:
Արմեն Նիկողոսյանը երկար տարիներ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթի մարզական մեկնաբանը, իսկ Արմեն Մելիքբեկյանին և Նիկոլ Փաշինյանին միավորում է նաև տեղական հայրենասիրությունը՝ Իջևանի շրջանից լինելու իրողությունը:
Հայկական ֆուտբոլի առողջացման համար, նախ և առաջ, իշխանությունները չպետք է միջամտեն: Իշխանությունների, ավելի ճիշտ՝ պետության միակ միջամտությունը պետք է լինի ակումբներին ֆինանսապես և ենթակառուցվածքներով օգնելը»:
|