Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն էին դիմել Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 10 հասցեի բնակիչները։ Արձագանքելով բնակիչների ահազանգին՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով տեղում ծանոթացանք խնդրին։
Նրանց խոսքով՝ քաղաքային իշխանությունները, փաստացի, հաշվի չեն առել բնակիչների մեծամասնության կարծիքը բակի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ։ Իրենք ստորագրահավաք են իրականացրել՝ տեղեկացնելով, որ չեն ցանկանում՝ քաղաքապետարանը բյուջեի հաշվին բարեկարգի իրենց բակը, քանի որ իրենք ունեն բավարար միջոցներ և ցանկանում են իրենց բակը բարեկարգել սեփական ուժերով։ Ստորագրությունները ներկայացվել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
Միաժամանակ բնակիչները մեզ ասացին, որ այդ գումարները քաղաքային իշխանությունը կարող էր ծախսել մեկ ուրիշ բակում, որտեղ խաղահրապարակի կարիքն իրականում ավելի շատ կա։
Փաստացի բակի բարեկարգման նախագիծը հաստատել են առանց բնակիչների առաջարկները հաշվի առնելու։
Նախագծով նաև պետք է ապամոնտաժվի 10-ից ավելի սեփականաշնորհված շինություն, ինչը նույնպես չի համաձայնեցվել բնակիչների հետ։
Քաղաքացիների բարձրաձայնած այս հարցը լինելու է «Մայր Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում։
Երևանի ավագանու անդամ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից