▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՓՊ նախագահը`` փաստաբաններին լռեցնելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով երեկ Գյումրիում փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ հնչած կրակոցներին, ասաց, որ անձամբ զրուցել է  փաստաբանի հետ:

 

-Պարո՛ն Զոհրաբյան, ինչպես նկատում ենք՝ փաստաբանների նկատմամբ ոտնձգությունները շարունակական բնույթ են կրում: 2014թ. ընթացքում ՀՀ ՊՆ  զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատավարության ժամանակ սպառնալիքներ էին հնչում մեղադրյալի պաշտպան Երեմ Սարգսյանի նկատմամբ: Օրերս Դուք հայտարարել էիք, որ փաստաբանի վրա ցանկացել են բենզին լցնել եւ այրել: Իսկ, ահա, այսօր Գյումրիում կրակոցներ են հնչել փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ: Ինչի՞ հետեւանք է այս ամենը:

-Սա նրա հետեւանքն է, որ փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ: Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից: Հասարակության զգալի հատվածը դեռեւս իրազեկված չէ այս կանոնի մասին: Այստեղ ունենք ԶԼՄ-ների աջակցության կարիքը, քանի որ թե՛ փաստաբանական համայնքը եւ թե՛ զանգվածային լրատվական միջոցները հանդիսանում են քաղաքացիական հասարակության անքակտելի մասը:

-Ի՞նչ քայլեր եք արել այս ընթացքում՝ փաստաբաններին հնարավոր վտանգներից զերծ պահելու համար:

-Այս նպատակով 2014թ. օգոստոսի 8-ին փաստաբանների պալատում ստեղծվել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որի առջեւ դրված է խնդիր՝ հրատապ արձագանքել փաստաբանների իրավունքները խախտող միջադեպերին եւ ձեռնարկել միջոցներ խախտումների վերացման ուղղությամբ: Փաստաբանների պալատը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում փաստաբանների իրավունքները խոչընդոտող դեպքերը, իսկ դրանք քիչ չեն: Շատ հաճախ այդպիսի միջադեպեր տեղի են ունենում պաշտոնատար անձանց ոչ պրոֆեսիոնալ վարքագծից: Օրինակ՝ երբ դատավորն ի վիճակի չի լինում պատշաճ կարգ ու կանոն ապահովել դատական նիստերի դահլիճում, երբ քաղաքացին վիրավորում է փաստաբանին ու անպատիժ մնում, հաջորդ անգամ նրան են միանում մի քանի քաղաքացիներ ու անցնում են նույնիսկ վիրավորանքի սահմանը:

-Փորձե՞լ եք ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ եւ հնարավոր միջոցներ իրականացնել փաստաբաններին պաշտպանելու համար:

-Թամարա Յայլոյանի դեպքի հետ կապված անձամբ խոսել եմ Թամարայի հետ, եւ ըստ մեր փաստաբանի համոզման՝ դա պատահականության արդյունք է, եւ կրակոցը, ըստ փաստաբանի, հավանաբար տեղի է ունեցել թափառող շներին վերացնող անձանց կողմից: Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոսել է նաեւ դատախազի հետ, եւ այս պահին մտահոգիչ որեւէ տեղեկություն չունենք: Բոլոր դեպքերում, իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով: Լյուքս Ստեփանյանի սպանության գործի հետ կապված միջադեպով փաստաբանների պալատն իր դատապարտող հայտարարությունը տարածեց, բացի այդ՝ անձամբ խոսել եմ Լյուքս Ստեփանյանի հոր եւ մեղադրյալի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: Ուրախ եմ, որ կողմերը շրջահայացություն ցուցաբերեցին եւ խուսափեցին նման սուր վեճերից:

Արդեն 2 տարի է, ինչ փաստաբանների պալատը հուշագիր է կնքել ոստիկանության հետ, որով ստեղծվել է հանձնախումբ, ինչի արդյունքում հաճախ են կանխվել փաստաբանների իրավունքների ոտնահարման դեպքերը:

-Չե՞ք կարծում, որ այս կերպ փորձում են փաստաբաններին լռեցնել, ի՞նչը կարող է հետագայում ազդել նրանց գործունեության վրա:

-Փաստաբանի արյան մեջ առկա է պաշտպանի գենը: Փաստաբանը հիմնականում պաշտպանում է իր վստահորդին ուժեղ հակառակորդից՝ պետական հարկադրանքի իրավունք ունեցող դատախազից: Երբեմն դատախազին միանում է նաեւ դատավորը: Եվ այս պայմաններում փաստաբանը չի վախենում նրանց դեմ դուրս գալ: Պաշտպանի այս հոգեբանությունը հասկացող որեւէ անձ չի փորձի վախի միջոցով նրան լռեցնել, քանի որ դա ամբողջությամբ հակառակ ազդեցությունը կունենա:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն իր ուշադրության տակ է պահում նաեւ փաստաբան Արշավիր Խալափյանի քրեական գործը: Ինչպես հիշում եք՝ համացանցում տարածված տեսաձայնագրությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված առեւտրային կաշառք ստանալու համար: Փաստաբանների պալատում այս դեպքի հետ կապված հարուցվել է կարգապահական վարույթ: Եթե Արշավիր Խալափյանի արարքում կա խախտում, ապա նա անպայման փաստաբանական համայնքի կողմից պատասխանատվության կենթարկվի: Բայց այս գործի մեջ ինձ անհանգստացնում է մեկ այլ բան: Սյունիքի մարզի իրավապահ մարմինները եւ դատական համակարգը, կարծես թե, ցանկանում են Արշավիր Խալափյանից «վրեժխնդիր» լինել նրա փաստաբանական ակտիվ գործունեության համար: Այս կարծիքն ինձ մոտ ձեւավորվել է մեկ անպատասխան պարզ իրավական հարցից: ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի դիսպոզիցիայից հետեւում է, որ փաստաբանը կարող է առեւտրային կաշառք ստանալու համար պատասխանատվության ենթարկվել, եթե դա տեղի է ունեցել ապօրինաբար, կամ որ նույնն է՝ իր վստահորդի հակառակորդ կողմից ստացել կամ պահանջել է գումար՝ նրա օգտին որոշակի գործողություններ կատարել կամ չկատարելու համար: Արշավիր Խալափյանի քրեական գործից չի երեւում նրա վստահորդը: Այս պայմաններում, իմ կարծիքով, չի կարող խոսք գնալ առեւտրային կաշառքի մասին: Առավել եւս, երբ ստեղծված վեճում Արշավիր Խալափյանը հանդիսացել է շահագրգիռ անձ եւ պահանջատեր:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին