«ՀՀ սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի կամ մեկ գործընկերոջ վրա, դա լուծում չէ»,- ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան հարցին, թե հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման փաստաթուղթը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։ Անդրադառնալով Ալիևի սպառնալից հռետորաբանությանը՝ Պապիկյանն ասաց․ «Հռետորաբանությունը հռետորաբանություն, սակայն ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես Պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր խնդրի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ դիրքորոշումն այն է, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել խաղաղության։ *** |
«Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին։ ՀՀ ՊՆ-ի և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունը, ըստ էության, չի փոխվում այս նոր փաստաթղթից»,- ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը։ «Մեր համագործակցությունը ամբողջությամբ տեղավորվում է նոր փաստաթղթի շրջանակներում։ Վերջին տարիներին շարունակվում են մեր զորավարժությունները, մեր համագործակցությունը՝ խորհրդատվության, սերժանտական համակարգի և ՀՀ ԶՈՒ կերպափոխման շրջանակներում։ Առկա տեմպը բավականին լավն է և լիահույս ենք, որ համագործակցությունն ավելի կամրանա»,- հավելեց նախարարը։ *** |
«Օբյեկտիվ և կշռադատվա՞ծ է արդյոք մեր դիրքորոշումը՝ չլինել ՀԱՊԿ հովանու ներքո․․․ ես կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է։ Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը մնում է լեգիտիմ և բխում է ՀՀ շահերից»,- ընթացող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նաև նշեց, որ այս տարի հայ-ռուսական զորավարժություններ ծրագրված չեն․ «Իհարկե տարին նոր է սկսվել և չեմ կարող ասել, որ չեն լինի, բայց այս պահի դրությամբ պլանավորված չեն»,- ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ միջազգային մի շարք գործընկերների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու պայմանավորվածություններ կան, որոնց մասին հանրությունը կտեղեկացվի, երբ ժամանակը գա։ |
«Հայ-ամերիկյան փաստաթուղթը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ սահմանների անվտանգությունը»․ հարց՝ Սուրեն Պապիկյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet