▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդշինինվեստբանկ»-ի հաճախորդների քարտերից «մինուս» է եղել մեծ գումար․ ի՞նչն է պատճառը

Բանկերի հաճախորդների բողոքների շարանը շարունակվում է․

Մեդիահաբ-ը գրում է, որ կայքն այսօր ահազանգեր է ստացել, թե «Արդշինինվեստբանկի» հաճախորդների քարտերը «մինուս են» գնացել։

«Բանն այն է, որ «Արդշինինվեստբանկի» քարտերով մարդիկ գնումներ են կատարել, սակայն, չգիտես ինչու, այդ պահին գումարները չեն գանձվել, իսկ հունվար ամսին պարզվել է, որ քարտի հաշվին «մինուս է»։

Ահազանգած քաղաքացիներից մեկը նշեց, որ խոսքը «Ardshin invest bank»-ի դեբետային քարտերի մասին է։ 

«Բոլորը գիտեն, որ դեբետորական քարտը «մինուս» բալանս չի կարող ունենալ, չի կարող լինել։ Եթե կրեդիտը թույլ է տալիս «մինուս» գնալ, ապա դեբետ քարտը ընդհանրապես թույլ չի տալիս։ Ամենը նորմալ էր, միշտ հետևել եմ, վճարումներն արել եմ, բալանսները հետևելուց ոչ մի կասկածելի իրավիճակ չի եղել, այս օրերի ընթացքում հերթական վճարը պետք է անեի, տեսա, որ քարտին «մինուս է» մի մեծ գումար»,- պատմեց նա։

Զանգելով բանկ` նա տեղեկացել է, որ խնդիր է եղել. «Ասացին՝ ARCA-ի հետ խնդիր կա, դուք վճարել եք ցույց ա տվել, որ հանել ա, բայց հետո այդ գումարը նստել ա, դուք նորից ծախսել եք և այլն։ Բայց ի՞նչ իրավունքով կարող էր նման բան տեղի ունենար, ասում եմ տվեք քաղվածք, ասում են՝ պետք է գնամ բանկ։ Գնում եմ բանկ, բանկում ասում են՝ «առաջինը չեք, հերթի մեջ մի քանի հոգու մոտ նույն խնդիրն էր»։ Բանկում ինձ ասում են, որ բալանսը դրական է, գումար կա, ասում են՝ երևի ծրագրային խնդիր կա։ Մի քանի օր հետո ոչինչ չի շտկվում, կրկին զանգում եմ բանկ, ասում են՝ «խնդիր ունենք, վճարումներ է տեղի ունեցել», ու ասում են՝ պարտքը կա իմ մոտ»։

Խնդիրը, ըստ մեզ ահազանգած քաղաքացու, այն է, որ ինքը չի ծանուցվել, որ իր բալանսը «մինուս է», տեսել է, որ հաշվին գումար կա, ծախսել է, ոչ մի ծանուցում չի ստացել, որ գումարը ետ է նստել։

«Իմ անձնական գումարները վստահել եմ այդ բանկին, որ օգտագործեմ վստահելի բանկից, դուրս է գալիս, որ «Ardshin invest bank»-ը մի ամսից ավել իր հաճախորդներին մատի փաթաթան է սարքել, բերել է այն իրավիճակի, որ սխալ տեղեկություններ է տվել ու փաստի առաջ է կանգնեցրել, որ մարդիկ պարտք են բանկին, ու նշում են, որ պետք է պարտքս փակեմ, որը, կրկին նշեմ, բավականին մեծ գումար է»,– դժգոհեց մեր զրուցակիցը:

Կայքը փորձեց կապ հաստատել «Արդշինինվեստբանկ»-ի հետ, մեր հեռախոսազանգին պատասխանեց ոմն Ելենա Մարկովա, որը սկսեց բղավել, թե հիվանդ է, ինչ իրավունքով ենք իրեն զանգահարում և նման անհեթեթ մեղադրանքներ հնչեցրեց, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է:

Տիկինը, թերևս, մոռացել է, որ ինքը մամուլի պատասխանատուն է և պարտավոր է բարեհամբույր պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին և եթե ինքը հիվանդ է, արձակուրդ է կամ, ասենք, Մալդիվյան կզղիներում արևի տակ պառկած, լրագրողը, որ իրեն զանգահարել է, այդ մասին տեղեկացված լինել պարտավոր չէ, բայց ինքը կարող է այդ մասին տեղեկացնել լրագրողին և ոչ թե անհարիր վարք դրսևորել:

Ու քանզի մենք ավելի պատասխանատու ենք մեր գործունեության մեջ, քան ոմանք, մենք ևս մեկ փորձ արեցինք կապ հաստատել «Արդշինբանկի» մարքեթինքի բաժնի հետ, նախ փոխանցեցինք, որ իրենց աշխատողները այսպիսի ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք ունեն ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, և խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է իրենց դեբետ քարտերը «մինուս» գնում, երբ դա ուղղակի տեխնիկապես չի կարող լինել:

Բանկից, սակայն, արձագանքեցին, որ միայն ուրբաթ, երբ պատասխանատուն վերադառնա, կարող ենք կապ հաստատել իր հետ։ Իսկ մինչ «Ardshin invest bank»-ի մեր աղբյուրները հաստատեցին, որ իսկապես, նման խնդիր եղել է, մարդկանց դեբետային քարտերը «մինուս են» գնացել, բայց ո՞վ պատասխան կկրի նման անփութության համար, որը մարդկանց մի քանի հարյուր հազար դրամի հավելյալ ծախսի տակ է գցում, պարզ չէ»,-գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին