«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն առևտրական գործունեության հարկը 5%-ից բարձրացավ 10%-ի, այլև ոսկի վաճառողը այսուհետև պետք է ներկայացնի ապրանքի ձեռքբերման աղբյուրը հավաստող փաստաթղթեր։ Ոսկերիչների առաջ դրվել է ոչ միայն ֆակտուրա ներկայացնելու պահանջ, այլև մի շարք այլ դրույթներ ևս, որոնց մասին «Ոսկու շուկայի» մի մասն իրազեկվել է, մի մասը՝ ոչ։ Իրազեկման թերթիկում ասվում է. «Իրազեկում 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխությունների մասին. Առեւտրական գործունեության հարկը 5%-ից փոխվում է 10%-ի։ Այսպիսով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը նվազեցվում են միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնված ծախսերի 4%-ը, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաթղթերով հիմնված բոլոր ծախսերի 9.5%-ը, իսկ շրջանառության 1.5%-ի փոխարեն՝ 1%-ը»։ Հաջորդիվ հարկային տեսչական մարմինն իրավունք է ունենալու այցելելու և ստուգելու ապրանքային շարժը, որը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը իրավունք չուներ։ Փաստացի ստուգման պահին ապրանքային մնացորդները եթե տարբերություն տան, ոսկեվաճառները կտուգանվեն: Այսինքն՝ ոսկեղենի բոլոր տեսակները պետք է գրանցված լինեն և ունենան ձեռքբերման փաստաթուղթ: Եթե չունենան, հաշվարկված գումարի 20%-ի չափով վճարվելու է տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքում՝ 50%-ի չափով տուգանք։ Ստացվում է, որ տատիկի քյամարը և քավորի ոսկյա նվերը այլևս ոչ մի ոսկերիչ կամ «ոսկի առնեմ», «ոսկի՞ եք վաճառում» բղավող շուկայում չի գնի՝ առանց ձեռքբերման հավաստման փաստաթղթի։ Նման կերպ Կառավարությունը փորձում է, ինչպես տնտեսվարողներն են ասում, մանր և միջին բիզնեսի վերջը տալ, ասել է թե՝ ոլորտը դարձնել օլիգարխիկ մոնոպոլիստների, խոշորների զբաղմունքը»: |
Տատիկից ժառանգած քյամարը կամ քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet