▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն Փաշինյան, ես սրա համար չէի կանգնել ձեր կողքը 2018-ին». Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ թռիչքի տոմսի պատմությանը, ասել է. «Քանի որ ես էլ եմ էդ պաշտոնը զբաղեցրել, ասեմ՝ բացառվում է, որ քաղաքապետը տեղյակ չլինի՝ ինքը հասարակ տոմսո՞վ է գնում, թե՞ բիզնես դասի, որովհետև համապատասխան աշխատողներն ամեն անգամ դա իրեն հարցնում են»:

Հիշեցնենք՝ Ավինյանն ասել էր. «Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները»:

Շարունակելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ թռիչքի տոմսի թեման, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ինչի՞ պետք է բիզնես դասով գնար, էդ ո՞վ է ասել, որ 30 տոկոս աղքատություն ունեցող պետությունում քաղաքապետը պետք է բիզնես դասով գնա: Ո՞վ է ասել, որ քաղաքապետը պետք է 85 հազար դոլարանոց «Մերսեդես» քշի: 2018-ին Նիկոլ Փաշինյանն էդ էր ասո՞ւմ, որ գալիս էր իշխանության: Պարո՛ն Փաշինյան, 2018-ին էդ է՞իք ասում: Ես որ եկել, ձեր կողքը կանգնել եմ, դրա համար չեմ կանգնել»:

***

«Եկել եմ՝ աջակցեմ Հայկ Մարությանի կազմակերպած արշավին, քանի որ շատ ճիշտ գաղափար է հիմքում»,- միանալով տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը․ «Հայկ Մարությանը Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ցուցադրեց, որ իր հաշվարկները ճիշտ են․ նայել եմ, ստուգել եմ»,- նշեց Զուրաբյանը՝ բացատրելով, թե ուղեվարձը չթանկացնելն ու քաղաքապետարանի կողմից սուբսիդավորումը ինչպես կարող են նպաստել Երևանի տնտեսության զարգացմանը։

***

Ինչպես հայտնել էինք, Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացնում: «Պետք է պայքարենք, կանգ չենք առնելու, որովհետև անհավանական պայմաններ են լինելու փետրվարի մեկից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մարությանը:

Հարցին՝ ի՞նչ քայլերով եք կասեցնելու այդ որոշումը, պատասխանել է. «Խոսքը բոյկոտի մասին է, բոյկոտի տարբեր ձևեր կան, պետք է հասկանանք, թե բոյկոտի ո՞ր ձևն ենք նախընտրելու: Ձևերից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ ուսանողները՝ դասադուլ, աշխատողները գործադուլ անեն, մյուս տարբերակը՝ չօգտվել տրանսպորտից, հաջորդը՝ վճարել 100 դրամ, անցնել առաջ: Տարբեր են: Եթե քաղաքացիները համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենալու, քան՝ «Տարոն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը»:

***

«40․000 թոշակ եմ ստանում, ի՞նչը տամ ավտոբուսներին, ինչը՝ ուտելուն, ինչը՝ դեղերիս։ Դեմ եմ թանկացումներին։ QR-ներից էլ չենք կարողանում օգտվել, մինչև սովորենք, ուրիշ բան է դուրս գալու»,- ասում է տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունները պարտավոր են լսել իրենց ձայնը․ «Ասում էր՝ իմ ժողովուրդն ինչ ասի, ես կանեմ։ Հիմա ժողովուրդն ասում ա՝ թո՛ղ, գնա՛, մի հատ խելքը գլխին մարդ գա։ Էս ի՞նչ կյանք ա։ Իրան ատելով ատում եմ, չեմ ուզում, որ ինքը մնա, Փաշինյանին էլ՝ իրա անձնակազմով: Ոչ մեկն էլ ժողովրդի մասին չեն մտածում»,- ասում է կինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին