«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ընտրության ավանդույթներից մեկն էլ այն է, որ ցուցակներում հայտնված թեկնածուները երկու դիմում են գրում, որոնցից մեկը՝ ինքնաբացարկի: Այս ավանդույթը նոր չէ , եւ կարելի է ասել՝ հաջողությամբ փորձարկվել է վերջին մի քանի ընտրություններում: Ուստի զարմանալի չէր, որ երեկ ԿԸՀ-ն հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներ, ինքնաբացարկի դիմումով, հրաժարվել են մանդատներից: Զարմանալին տեղի ունեցավ նախօրեին, երբ 23 հրաժարվողից 12-ն հայտարարեցին, թե իրենք ոչ մի դիմում էլ չեն գրել եւ պայքարելու են իրենց մանդատների համար:
Տարածված կարծիքի համաձայն` Գագիկ Ծառուկյանն իր ապագա խմբակցության անվանական կազմը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ եւ այդ վարկածը միանգամայն տրամաբանական է թվում: Մյուս կողմից` 12 «ըմբոստների» շարքում կան մարդիկ, ովքեր երբեք չէին համարձակվի ընդդիմանալ Գագիկ Ծառուկյանի կամքին, եթե չունենային հստակ երաշխիքներ:
Փորձենք հասկանալ, թե ովքե՞ր կարող էին երաշխիքներ տալ Ծառուկյանին ընդդիմացած մարդկանց, եւ առհասարակ, ո՞ր շրջանակները կարող են շահագրգիռ լինել Ծառուկյանի թիմի պառակտման հարցում: Ամենաայսբերգային պատասխանն այն է, որ Հայաստանում Ծառուկյանի դեմ պայքարի նման երաշխիքներ կարող են տալ միայն իշխանությունները: Համենայնդեպս, կարող է այնպիսի տպավորություն լինել, որ ԲՀԿ առաջնորդի դեմ «բունտը» կազմակերպել է Սերժ Սարգսյանի շրջապատը: Այս վարկածն, անշուշտ, հավանական է, սակայն նաեւ խոցելի, որովհետեւ Սերժ Սարգսյանին, բոլոր դեպքերում, ավելի ձեռնտու կլիներ` գործ ունենալ եւ պայմանավորվել բրգաձեւ համակարգի հետ` որպես գործընկեր ունենալով Ծառուկյանին, մանավանդ, ընտրարշավը ցույց տվեց, որ ԲՀԿ առաջնորդը վերահսկելի է եւ գերադասում է մնալ մշակված «գծի» շրջանակներում:
Բանն այն է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, խիստ լարված են եղել Գագիկ Ծառուկյանի եւ դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանի հարաբերությունները: Վերջինս, ինչպես նաեւ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը, Ծառուկյանի ցուցումով մեկուսացվել էին դաշինքային գործունեությունից: Չի բացառվում, որ Ծառուկյանի դեմ կազմակերպված «բունտի» ոգեշնչողը հենց Աբրահամյանն է` Զաքարյանի միջոցով: Վերջերս Արգամիչն աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում եւ լրագրողներին խոստացել էր դրսեւորվել տարբեր հարթակներում: Գուցե «Ծառուկյան» դաշինքը պառակտելը եւ խորհրդարանում սեփական «ֆրակցիա» ունենալը` հարթակներից մեկն է:
Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն դուրս է մնացել ներհամակարգային մագիստրալ գործընթացներից ու այս ճանապարհով գուցե ցանկանում է պայքարի գործիքներ ստեղծել ու իր «փայն» ունենալ համակարգում: Սակայն Իշխան Զաքարյանն ակտիվ շփվում է ոչ միայն նախկին վարչապետի, այլ նաեւ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին իր վերջին հարցազրույցում բարձրաձայնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Քոչարյանը վերջին շրջանում խիստ սառը, նույնիսկ ոչ բարյացկամ է Ծառուկյանի հանդեպ` համարելով, որ վերջինս իրեն «քցել» է: Երկրորդ նախագահը քինախնդիր բնավորություն ունի, եւ կարող էր պատեհ առիթն օգտագործել Ծառուկյանին պատժելու համար, մանավանդ, եթե Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունների չեղարկումը կարող է իշխանության վերադառնալու հեռանկարներ բացել:
Նույնիկ չի բացառվում, որ գործ ունենք Քոչարյան-Աբրահամյան-Զաքարյան «դավադրության» հետ, մանավանդ, նախկին նախագահն ու նախկին վարչապետն ինքնաթիռում «պատահաբար» հանդիպելու ավանդույթ ունեն:
Եվ վերջապես` Գագիկ Ծառուկյանի դեմ այսօրվա դեմարշի կազմակերպիչը կարող էր լինել Կարեն Կարապետյանի տնտեսա-քաղաքական հովանավորը` «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանը: Նոր խորհրդարանի անվանական կազմը Կարապետյաններին բավարարել չի կարող, եւ պատահական չէ վերջերս մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ Սամվել Կարապետյանը մտադիր է գործող վարչապետի համար ՀՀԿ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցություններից պատգամավորներ «գնել»` Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան ներհամակարգային պայքարում ուժերի բալանսը վերջինիս կողմը թեքելու նպատակով:
Այնքան էլ էական չէ` 12 խռովարարներից քանիսը, ի հեճուկս Ծառուկյանի, մանդատ կստանան: Փաստն այն է, որ Ծառուկյանը կամ պետք է դիմի Սերժ Սարգսյանի օգնությանը դաշինքի միասնականությունը գոնե արտաքուստ պահպանելու համար, կամ էլ հաշտվի այն իրականության հետ, որ իր արդեն պառակտված խմբակցությունում դարձյալ «ականներ» են պայթելու, եթե նա ինչ-ինչ անհամաձայնություններ ունենա ներհամակարգային ազդեցիկ կենտրոնների հետ: Երկու դեպքում էլ` Ծառուկյանի քաղաքական «գինը» ներհամակարգային պայքարում ընկնում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում