▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռելոցների մասին և ոչ միայն

Հայաստանում կրկին հասարակությունը, հատկապես համացանցային, սկսել է քննարկել նախորդ կառավարության խորհրդանիշներից մեկը դարձած «Մեռելոց»-ների հարցը: Նույնիսկ հրապարակում եղավ առ այն, որ նույնիսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է փորձել բարձրացնել հարցը կաթողիկոսի մոտ, սակայն լուրջ դիմադրության է հանդիպել և ավելին Գարեգին Բ-ն այնքան է զայրացել, որ խոստացել է վեր հանել մեռելոցների նախապատմությունը, քանի որ, պարզվում է, դրանց հիմնադիրը ոչ այնքան Տիգրան Սարգսյանն է, որքան Սերժ Սարգսյանը՝ վարչապետ աշխատած օրերին: Իսկ դա կնշանակի, որ Աբրահամյանը ոչ միայն Տիգրան Սարգսյանի դեմ է պայքարում, այլեւ գործող նախագահին է դեմ գնում:

Ինչ-որ տեղ անհասկանալի է այս պատմությունն առհասարակ: Այն, որ մեռելոցների վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը որպես առաջարկություն ներկայացվել էր Մայր Աթոռի կողմից ու «քնեցվել»  մի քանի տարի շարունակ, դա բոլորին է հայտնի. նույնիսկ առանձին բարձրաստիճան եկեղեցականներ իրենց հեռուստաելույթների ժամանակ, ինչպես օրինակ եպիսկոպոս Միքայել Աջապահյանն իր հեղինակային հաղորդում «Եղիցի լույս»-ներից մեկի ժամանակ, այդ մասին խոսել են: Ու այդ «քնեցումը» հասկանալի է, կարելի էր դիտարկել որպես ցուցիչ այն բանի, որ հարցն այնքան էլ կարևորություն չի ներկայացրել նախա-տիգրանսարգսյանական կառավարության, ասել է, թե երկրորդ նախագահի վարչակազմի համար. հասկանալի է, ինչքան էլ այդ ժամանակվա վարչապետ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն ուզենար հարցը մտցնել օրակարգ, ինչպես փորձել է ակնարկել Գարեգին Բ-ն, սակայն նախագահ Քոչարյանի հավանությունը չի եղել, ու հետևաբար նաև` հարցը մնացել է առկախված:

Հարցի հանդեպ վերաբերմունքը փոխվեց, երբ արդեն իշխանության եկավ Սերժ Սարգսյանն ու ձևավորեց բոլոր ժամանակների ամենաապաշնորհ ու սկանդալային վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետը: Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք հարցը «արթփնացվեց», մտավ օրակարգ և կառավարության համապատասխան որոշումը կայացվեց: Այստեղ մի բնական հարց կա. ինչու:

Պատասխանն ամենևին էլ բարդ չէ ու գտնելն էլ բարդ չէ այդ պատասխանի: Ամեն բան կարելի է ասել պարզից էլ պարզ է: Հարցին պատասխանելու համար պետք է ուղղակի հիշել,  թե ինչպես, ինչ պայմաններում նոր նախագահն եկավ իշխանության` նկատի ունենալով մարտիմեկյան դեպքերը: Ավելի պարզ ասած, կատարյալ անվստահության մթնոլորտում, երբ երկիրը կարելի է ասել բոլոր մակարդակների վրա ուղղակի երկատված էր: Բնականաբար, այդ ժամանակ արդեն տեղի էին ունեցել հայտնի մի շարք դեպքեր` Գարեգին Բ-ն շտապել էր օրհնել ու շնորհավորել նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, ստացել էր ընդունվելու ու տեսակցության մերժումը Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանի կողմից Տեր-Պետրոսյանի իսկ տան մուտքի առաջ,  որին այն ժամանակվա Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձագանքեց իր հայտնի «Իսկ գուցե Տեր Պետրոսյանը չուներ նաև աստծո կարիքը» արտահայտությամբ:

Ստեղծվել էր մի վիճակ, որ կաթողիկոսը հայոց պատմության մեջ առաջին անգամ հայտնվել էր իշխանության ճամբարում հարյուր տոկոսով, սակայն իր սեփական ժողովրդի, իր հոգևոր զավակների աչքին դարձել էր «իզգոյ», ու այդ «իզգոյության» ճարտարապետը առաջին նախագահն էր իր հայտնի մերժմամբ` իր իսկ տան դռան առաջ:

Ի դեպ, այդ վիճակը շարունակվում է նաև այսօր օրըստօրե խորանալով` անկախ եկեղեցաշինության ներշնչող ծավալներից: Միաժամանակ նոր իշխանությունները տենդագին կերպով փնտրում էին իրենց հենարաններ հասարակության մեջ ու այս դեպքում արդեն Եկեղեցին դարձավ այդ հենարաններից մեկը անհարկի կերպով իր վրա վերցնելով ու մինչև այժմ էլ տանելով իշխանությունների քավության նոխազներից մեկի ոչ այնքան պատվաբեր դերերից մեկը:

Եկեղեցուն սիրաշահելու համար բնական է,  որ նախորդ իշխանությունների կողմից անտեսված այդ հարցը պետք է կրկին ստանար արդիականություն ու ընդունվեր ի նպաստ Եկեղեցու: Չէ որ ասենք Եկեղեցին կարող էր ցանկացած պահի անցնել ընդդիմության շարքերը թեկուզ անուղղակի կերպով ու իր կասկածները հայտնել եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե կիսաձայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, իսկ հարյուր տոկոսով դրսի գումարներով սնվող Հայաստանի ու այդ գումարները լափող իշխանությունների համար, դա կլիներ սեփական գերեզմանի փորելու նման մի բան, հատկապես, որ նույնիսկ բարձրաստիճան եկեղեցականներից շատերը առանձնապես մեծ համակրանք չունեն ներկայիս իշխանությունների հանդեպ ու երբեմն երբեմն կարելի է նրանց հանրային ելույթների տողատակերում դա կարդալ:

Եվ Լևոն Տեր Պետրոսյանն էլ Եկեղեցուն ու Մայր Աթոռին օտար մարդ չէ: Աստվածաշնչի արդի արևելեահայերեն աշխարհաբարի թարգմանության գիտական խմբի անդամներից է եղել, դասավանդել է ճեմարանում, իբրև հայագետ աշխատակցել է Մայր Աթոռի ամսագրին .... մի խոսքով, հարազատ անձնավորություն է նույնիսկ իբրև դասախոս Ճեմարանի, ինչ որ տեղ կոլեգա շատ բարձրաստիճան եկեղեցականների համար, իսկ արդեն որպես քեսաբցի, երջանկահիշատակ Գարեգին Առաջին կաթողիկոսի երկրացին ու ու նրա կողմից ընդունված, գնահատված ու սիրված անձնավորություն: Սա քիչ դերակատարություն խաղացող խաղաքարտ չէ, որի մասին գիտեն նաև ներկայիս իշխանությունները:

Սա այն ժամանակն էր, երբ ներկայիս իշխանությունները դեռ չէին ամրապնդվել. նույնիսկ հողն իրենց ոտքի տակ դեռ երերուն էր ու ներկա վիճակը չէր, երբ կարելի է ասել լիակատար տեսքի է բերված «մի երկիր մի օլիգարխ» սկզբունքն ու մնացած բոլոր քիչ թե շատ հայտնի ու կարող ուժային կենտրոնները երկրի ներսում կամ «փչացված» ու մերժված են կամ ենթարկված իշխանություններին հայտնապես կամ ոչ այնքան հայտնապես, ու պարում են իշխանության դուդուկի ներքո:

Սակայն սա դեռ հարցի մեկ կողմն է: Կա նաև այլ մի շարք երեսներ ևս, որոնց կանդրադառնանք ստորև: Միաժամանակ պետք է հիշել, որ Գարեգին Բ-ն, անկախ միջանձնային հարաբերությունների որակից ու բնույթից, ի դեմս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի, իշխանությունների ներսում ուներ հուսալի հենարան, իսկ իշխանություններն էլ հուսալի հենարան ունեն Եկեղեցու ներսում: Այս երկկողմանի ինչ որ տեղ բիզնես համագործակցությունն այնքան հուսալի էր, որ հայկական հին ավանդույթների ուժով ամրապնդվեց Տիգրան Սարգսյան-Նավասարդ Կճոյան քավոր-սանիկական հարաբերություններով ու չպետք է անտեսել նաև այդ նրբերանգը Մեռելոցների հարցի լուծման մասով: Գալով արդեն Տիգրան Սարգսյանին, դժվար է ասել, թե նա կրոնական` բարեպաշտ կամ աստվածավախ անձնավորություն է:

Դա մի այնպիսի հարց է, որին պատասխանել կարող է միմիայն ինքը Տիգրան Սարգսյանը, քանի որ երբեմն գործերը թելադրականության տարրեր են ունենում, իսկ հոգին միշտ ազատ է: Սակայն կուլիսային «տիրացու» մականունը և Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետությունը կարելի է հուշում դիտարկել այն բանի հանդեպ, որ ամեն դեպքում ինչ ինչ կրոնական ապրումներից զուրկ չէ, թեև ինչպես բոլորը իր դասակարգում, առաջնորդվում են նախ շահով նույնիսկ Եկեղեցու հանդեպ հարաբերություններ կառուցելիս, որը այս դեպքում հանդես է գալիս պարզապես որպես էլեկտորատ` ընտրազանգված:

 Սրանք աշխարհիկ իշխանությունների մոտավոր շահերի ու մոտեցումների մասով: Սակայն գոյություն ունի հարցի նաև զուտ եկեղեցական-կրոնական ու ֆինանսատնտեսական ենթատեքստերը: Այստեղ չենք խոսի մեռելոցի բարեպաշտական կրոնական կամ աստվածաբանական նշանակության մասին: Դա ավելի լավ կանեն եկեղեցականները, սակայն կխոսենք այն ֆինանսական ու տնտեսական ենթատեքստի մասին, որը հենց Գարեգին Բ-ի համար շարժառիթ կարող է հանդիսանալ, որպեսզի պայքարի հանուն մեռելոցների պահպանման:

-շարունակելի-

Սեփական թղթակից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին