«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ
– Մասոնների ղեկավարները նաև չեն թաքցնում, որ հետաքրքրված են «հոգևոր զարգացածությամբ հայտնի հնագույն Հայաստանով», ինչո՞վ է նրանց ուշադրությանն «արժանացել» մեր քրիստոնյա երկիրը։
– Հայ ժողովուրդն ունի երկու կարևոր հատկանիշ՝ համադրող և մունետիկ։ Երբ Հռոմի պապն ասաց՝ դուք այս աշխարհի մունետիկներն եք, նկատի ուներ այն, որ հոգևոր ազդակները Հայկական լեռնաշխարհից անընդհատ գնացել են դեպի Եվրոպա, դարձել հոգևոր Եվրոպայի միաբանությունների հիմքը, կազմել եվրոպական մշակույթի կարևոր մասը։
Իսկ այսօրվա խուժանությունը, որ մեզ հրամցնում են, ոչ մի առնչություն չունի բուն եվրոպականի հետ, որի ստեղծմանը մասնակցել ենք մենք՝ աշխարհի ժողովուրդների հետ մեկտեղ։ Ի դեպ, այն, որ Հայաստանը հոգևոր ազդակների աղբյուր է, գիտեն բոլորը՝ բացի մեզանից։
Հայաստանը նաև եղել է շտեմարան, մենք ոչ միայն տվել ենք մեր սեփական ազդակները, այլև հավաքել ենք դրանք տարբեր տեղերից, այսինքն՝ մեր մշակույթի մեջ նստած է համադրումը, մենք համամոլորակային համադրող ենք եղել։ Ճապոնիայից մինչև բրիտանական կղզիներ դարեր շարունակ գնացել են հայ հոգևորականները, վաճառականները (նրանք այսօրվա չարչի առևտրականների հետ ոչ մի աղերս չունեն), վարպետները՝ իրենց հետ տանելով մեր հոգևոր ազդակները։
Հիմա աշխարհի ուժերը փորձում են օգտագործել հայության այս երկու հատկանիշը։ Մի կողմում մարդու փրկությանը ձգտող ուժեր են, որոնք օգնում են հայկական համակարգի ուժեղացմանը։ Մյուս կողմում մարդուն խամաճիկ դարձնել կամեցող ուժերն են, սրանք ուզում են տարալուծել, ոչնչացնել ու բզկտել հայկականը։ Ահա, թե ինչու և՛ մեկին, և՛ մյուսին
հետաքրքրում է քրիստոնյա Հայաստանը։
Ցավոք, առաջին բանակը դեռ թույլ է ու անկազմակերպ, քանի որ երկրագնդի վրա երկար ժամանակ աշխատել են դեստրուկտիվ ուժերը։ Ու հիմա առաջին անգամ պետք է կտրուկ անցում կատարվի դեպի մարդկայնության ուժերի հաղթանակ։
– Տարբեր երկրներում ստեղծված մասոնական օթյակները գործում են արևմտյան օթյակների ազդեցության ներքո՝ այնտեղից ստանում հրահանգներ, տալիս հաշվետվություն։ Սա չի՞ նշանակում, որ դրանք տվյալ երկրում 5-րդ շարասյան դեր են խաղում։ Սրան էլ գումարվում է նրանց գաղտնի գործելաոճը, փակ դռների հետևում կազմակերպվող հավաքները թույլ են տալիս մտածել, որ երկրի դեմ թակարդ է լարվում։
– Եթե օթյակը գաղտնիության խորհրդավորություն է ստեղծում, ուրեմն արդեն նրանում անառողջ բան կա: Դրանք չպետք է լինեն այստեղ, հենց միայն այն պատճառով, որ մեզանում ընկալվում են որպես գաղտնի գործող կառույցներ: Ու եթե մեր մեջ հարց է ծագում՝ գուցե դրանք 5-րդ շարասյո՞ւն են մեր երկրում, սա արդեն բացասական երևույթ է:
Այն, որ կան մարդատյաց համակարգեր, որոնք Հայաստանի, Արցախի ու հայության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն են իրականացնում, ակնհայտ է։ Հիմա դա արվում է մասոնական օթյակների, Բիլդերբերգյան ակումբի թե մեկ ուրիշի կողմից, դա ինձ քիչ է հետաքրքրում։ Փաստն այն է, որ Նաթանյահուն ռազմական մեքենա է պատրաստում ու տալիս հայատյացությամբ լցված Ադրբեջանին, դրանով նա Ադրբեջանին լարում է հայության դեմ։
Արքայազն Չարլզը գալիս է Հայաստան, ոսկու հանքերն է «օրհնում», որոնց շահագործումից կթունավորվի մեր Սևանա լիճը, մեր երկիրը կդառնա անապատ։ Մենք պետք է հասկանանք, որ նման քայլերը հայության դեմ ուղղված պայքարի դրսևորումներ են։
Ես տվեցի Նաթանյահուի ու Չարլզի անունները, բայց բոլորովին նկատի չունեմ աշխարհի հրեաներին ու անգլիացի ժողովրդին։ Հակառակը, մենք պետք է կարողանանք բոլոր երկրներում գտնել մեր դաշնակիցներին, քանի որ այդ գործողությունները ոչ թե միայն մեր դեմ են ուղղված, այլև բոլոր ժողովուրդների, այդ թվում անգլիացիների, հրեաների։ Ուրեմն պետք է կարողանանք բոլոր ժողովուրդների հետ աշխատել։
Բայց ամենից կարևորն այն է, որ կարողանանք, նախ, ինքներս մեզ գտնել, մեզ հզոր համախմբում է հարկավոր, մեր կյանքի բոլոր ոլորտներում հարկավոր է գործել մեկ միասնական օրգանիզմի պես։ Հայաստանի, Արցախի ու աշխարհի հայությունը պետք է գտնի այդ համախմբման հնարավորությունը։ Պետք է հասկանանք, որ պետք է հենվենք մեր հոգևոր համակարգի վրա, ու այդ հայապահպան համակարգը աղերս չպետք է ունենա դրսի հետ, չպետք է դրսից ազդակներ ստանա, քանզի օտար համակարգերը մեզ համար քայքայիչ են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում