«Ի՞նչը կստիպի հային վերադառնալ Հայաստան». Asekose.am-ի բացառիկ հարցազրույցներ նախագիծը ներկայացնում է «Սոնատա երաժշտական դպրոց»-ի հիմնադիր տնօրեն, դաշնակահարուհի Սոնա Վարդանյանին:
Փորձել ենք բացահայտել, Հայաստանից հեռացած, բայց միևնույն ժամանակ Հայաստանով ապրող մի հայի, որը Հայաստանի հանդեպ սերը պահելով իր սրտում, փորձում է օտարության մեջ սեփական գործով պահպանել հայկականը:
Շուրջ 9 տարի է բնակվում եք ԱՄՆ-ում: Ի՞նչ գործունեություն եք ծավալում այստեղ:
- Արդեն 6 տարի ղեկավարում եմ «Սոնատա» երաժշտական դպրոցը: Բացի տնօրենի պարտականություններից նաև շարունակում եմ մանկավարժական աշխատանքը` դասավանդելով դաշնամուրի դասարանում:
Առաջին տարիները Միացյալ Նահանգներում անցան փնտրտուքների մեջ, սակայն ուրախ եմ, որ ի վերջո որոշեցի զբաղվել իմ հիմնական մասնագիտությամբ: Սկզբում բացեցի «Սոնատա» երաժշտական ստուդիոն, որտեղ միայն ես էի դասավանդում: Շնորհիվ ամենօրյա աշխատանքի և այն մեծ ցանկության, որ ունեի իմ ներսում, ստուդիոն աստիճանաբար վերածվեց երաժշտական դպրոցի, որտեղ այժմ գործում են գրեթե բոլոր երաժշտական գործիքների դասարանները, ուր երաժշտական կրթություն են ստանում բազմաթիվ հայ և օտարազգի երեխաներ: Այստեղ աշխատում է շուրջ 20 հոգուց բաղկացած մանկավարժական անձնակազմ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր «Սոնատա» երաժշտական դպրոցը Լոս Անջելեսի հեղինակավոր երաժշտակրթական կրթօջախներից մեկն է:
Երաժշտական դպրոցում կա՞ն ծրագրեր, որոնք ստեղծվել են օտարության մեջ հայկականը պահպանելու նպատակով:
- Միանշանակ՝ այո՛: Հետաքրքրությունը դեպի ազգային մշակույթը շա՜տ մեծ է, իսկ հայկականը պահպանելու կարևրությունը՝ անհրաժեշտություն: Հայ մարդու համար ժողովրդական երգն ու երաժշտությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ մի բան է, իսկ օտար ափերում այդ սերը կրկնապատկվում է, միանում է նաև կարոտը… Մեր դպրոցի արդեն իսկ ավանդական դարձած ամենամյա համերգներին հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունում հատկապես ազգային նվագարանները ներկայացնող մեր աշակերտներին՝ դհոլահարների և դուդուկահարների ելույթները: Հատուկ ուշադրության են արժանանում ժողովրդական երգերի կատարումները, ի դեպ՝ այդ բաժինը ղեկավարում է սիրված երգիչ Պապին Պողոսյանը: Երգչախմբի ստեղծումն էլ հենց այդ նպատակն ուներ: Երեխաների երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում հատկապես հայկական ստեղծագործությունները: Բացի այդ, շատ եմ կարևորում օտարության մեջ հայ երեխաների հայերեն խոսելու և շփվելու հնարավորությունը:
Ընդհանրապես, «Սոնատա» դպրոցի ստեղծումը հայկական ոգին պահելու առաքելություն ունի: Սակայն լինելով ամերիկյան երաժշտական դպրոց, իհարկե մեր դռները բաց են բոլոր ազգերի համար: Մեզ մոտ ուսանում են նաև օտարազգի երեխաներ, դասավանդում են օտարազգի ուսուցիչներ, ինչը կարծում եմ լավ հնարավորություն է այլ ազգերին ծանոթացնել մեր մշակույթի հետ:
Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում դպրոցն իր աշակերտներին:
-Ամենակարևորն այն է, որ երեխաները ստանում են որակյալ երաժշտական կրթություն՝ հենց պրոֆեսիոնալներից: Ամեն տարի դպրոցի բազմաթիվ սաներ հանձնում են պետական երաժշտական քննություններ և ստանում Կալիֆորնիա Նահանգի Երաժշտական Ուսուցիչների Ասոցիացիայի կողմից տրվող վկայականներ, (MTAC-Music Teachers Association of California) որը հետագայում, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս նրանց մեծ արտոնություններ է տալիս: Ի ուրախություն մեզ, մեր աշակերտները հաճախ են ստանում ամենաբարձր գնահատականները և արժանանում հեղինակավոր մրցանակների:
Նաև տարին երկու անգամ Լոս Անջելեսի համերգային դահլիճներից մեկում «Սոնատա» երաժշտական դպրոցը համերգ է կազմակերպում, հնարավորություն տալով պատանի արտիստներին ներկայացնել իրենց կարողությունները նաև մեծ բեմում:
Հայաստանում ումի՞ց կամ ինչի՞ց հիասթափված որոշեցիք լքել երկիրը:
-Հայրենիքից չի կարելի ո՛չ հիասթափվել, ո՛չ էլ նեղանալ՝ անկախ ամեն ինչից: Մի շատ հայտնի դերասանի հարցրել էին, թե ի՞նչ է երջանկությունը: Պատասխանել էր.
Դա այն է, երբ տանից շտապում ես գնալ աշխատանքի, իսկ աշխատանքից շտապում ես տուն…
Այո՛, աշխատանքը պետք է լինի գրավիչ, պետք է հնարավորություն տա բացահայտելու մարդու մասնագիտական ու մարդկային ունակությունները, պետք է ստեղծի հեռանկարներ նպատակների իրականացման համար: Հիշում եմ տարիներ առաջ կյանքն անցնում էր շատ միապաղաղ, մի տարին մյուսից գրեթե ոչինչով չէր տարբերվում, և մենք սկսեցինք լրջորեն մտածել մեկ այլ երկրում ապրելու, աշխատելու մասին: 2009 թ-ին ամուսինս՝ Ալեքսան Չախոյանը, աշխատանքի հրավեր ստացավ, (Ալիկը բժշիկ է, վիրաբույժ) որն ընդունեց հաշվի առնելով կյանքում առաջ շարժվելու ցանկությունը: Այդպես մեր ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ: Այժմ երկուսս էլ զբաղվում ենք մեր սիրելի աշխատանքով, իսկ երեխաները՝ սովորում: Մի խոսքով՝ ամեն ինչ լավ է:
Հայրենադարձության գազափարը կարծես սկսում է նոր թափ առնել: Որքանո՞վ եք համարում այն իրատեսական Ձեր դեպքում:
-Սա այն հարցն է, երբ մեր ցանկություններն ու իրական կյանքը հակասում են միմյանց… Հայրենիքը ձգում է, կանչում մշտապես: Առավել ևս հիմա, երբ այդպիսի բախտորոշ իրադարձություններ են տեղի ունենում մեր հայրենիքում: Յուրաքանչյուր օրը մեզ համար սկսվում և վերջանում է հայաստանյան լուրերով: Այս պարագայում հասկանում ես, որ ապրում ու կիսում ես քո հայրենակիցների հոգսերն ու հույսերը: Եվ սա լոկ խոսքեր չեն: Սակայն մոտակա տարիներին հիմական բնակության վերադառնալ դեռ չենք կարողանա: Ինչպե՞ս թողնեմ դպրոցս, որ ստեղծել եմ այդպիսի դժվարությամբ, աշակերտներիս, որոնց կրթության համար ես պատասխանատվություն եմ կրում: Ավագ դուստրս այս տարի ընդունվել է UCLA` ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկը, կրտսեր դուստրս ամենաբարձր ցուցանիշներով սովորում է միջին դպրոցում, ամուսինս աշխատում է... Իսկ հետագայույում... ո՞վ գիտի, կարծում եմ կյանքը ցույց կտա:
Ի՞նչ ակնկալիքներ ունի օտարության մեջ ապրող հայը Հայաստանի նոր իշխանություններից։
-Ես միայն ուզում եմ, որ մեր հայրենակիցներն ապրեն լիարժեք և արժանապատիվ կյանքով, որ խաղաղություն լինի, մարդիկ աշխատանք ունենան, գնահատված լինեն և հասնեն հաջողության: Միացյալ Նահանգներում հարյուրավոր այլ ազգությունների մեջ մեր հայերը լուրջ հաջողությունների են հասնում, առաջ են գնում: Երկիրն ամեն կերպ օգնում և աջակցում է շնորհալի և աշխատասեր մարդկանց: Եվ ես հույս ունեմ, որ մեր հայրենիքում էլ տեղի կունենան արմատական փոփոխություններ, և աշխատող ու արարող հայը կծաղկեցնի իր երկիրը:
Ի՞նչն եք այսօր ամենից շատ արժևորվում հայրենի հողում՝ հայրենիքից հեռու:
-Անցած ամառ մենք ընտանիքով եղանք Հայաստանում: Երևանում ապրում են ամուսնուս ծնողները, ունենք շատ բարեկամներ և ընկերներ: Կարոտել էինք և՛մեր հայրենակիցներին, և՛ մեր քաղաքը: Շատ էինք շրջում փողոցներով և նկատում էի, որ մարդկանց աչքերում հույս չկա, հայացքները հանգած են… Այսօր կարծես ուրիշ է… Ես տեսնում եմ, որ մադիկ կարծես վերածնվել են, նրանց մոտ հույս է առաջացել, որ իրենք և իրենց երեխաներն ապրելու են բարեկեցիկ, քաղաքակիրթ երկրում: Հենց այդ հույսն է, որ այսօր ամենից ավելի եմ արժևորում:
Ի՞նչն է օգնում հային հայ մնալ օտարության մեջ:
-Դրանք հայտնի երեք կետերն են, որոնք դարեր շարունակ օգնել են հային մնալ հայ՝ հայոց լեզու, հայ մշակույթ, Հայ Առաքելական Եկեղեցի: Իհարկե, երեխայի դաստիարակության, անձի ձևավորման հարցում առաջին տեղում ընտանիքն է: Եթե տանը խոսում են հայերեն, լսում են լավ երաժշտություն, պահպանում են մեր ազգային ավանդույթները, երեխան արդեն իր ծնողներից է ստանում ամենակարևոր պատկերացումներն իր երկրի, իր ազգի մասին: Իհարկե՛, շատ կարևոր է նաև կրթությունը: Ուրախ եմ, որ «Սոնատա» երաժշտական դպրոցը, լինելով հայ մշակույթի կրթօջախ, իր լուման է ներդնում հայ երիտասարդների դաստիարակության և հայապահպանության գործում:
Որո՞նք են այն սկզբունքները, որով Դուք առաջնորդվում եք կյանքում :
- Երևի թե իմ գլխավոր սկզբունքը հավատարիմ լինելն է, հավատարիմ՝ այն գործին, որին նվիրվել եմ, հավատարիմ՝ ընտանիքիս, ծնողներիս, հավատարիմ՝ հայրենիքիս... Ես՝ լավատես եմ: Վստահ եմ, եթե մարդն իր շուրջ ստեղծում է բարության և բարյացակամության մթնոլորտ, եթե նպատակներն ու արարքներն ազնիվ են, ապա այդ բարությունն ու դրականը բումերանգի պես անպայման վերադառնում է:
Կա՞ն երազանքներ, որոնք կապում եք նոր Հայաստանի հետ:
- Երջանկությունը չի կարող լիակատար լինել, երբ գիտակցում ես, որ կան բազմաթիվ չլուծված հարցեր: Մարդ չի կարող առանձին երջանիկ լինել: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը կհաղթահարի այս դժվարին հետհեղափոխական փուլը և կթևակոխի նոր, զարգացման ու ծաղկունքի շրջան: Համոզված եմ, որ միլիոնավոր հայերի երազանքն էլ նույնն է՝ տեսնել մեր հայ ժողովրդին ազատ և երջանիկ:
Արման Խարազյան
Լոս Անջելես