«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն օրերս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց։ Համաձայն նախագծի՝ օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի` շուրջ 11 բացառիկ մշակութային հաստատությունների դեպքում «ազգային» բառը փոխարինվելու է «համապետական»-ով։ Քանի որ հարցն այս օրերին մեծ հնչեղություն ստացավ, ՔՊ-ական շրջանակներից սկսեցին ակտիվորեն պարզաբանումներ տարածել, թե ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել, պարզապես այսուհետ կունենանք «Հայաստանի ազգային պատկերասրահ» համապետական նշանակության պատկերասրահ կամ «Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն, եւ այսպես շարունակ, գրում է «Հրապարակը»։
Երաժիշտ, երգահան Վահան Արծրունու համար այսօրվա կառավարության օրենսդրական նախաձեռնությունների մեջ որեւէ բանական հիմք կամ տրամաբանություն փնտրելը, հատկապես մշակույթի, արվեստի ոլորտներում, անիմաստ է։ «Մենք տեսնում ենք համակարգային մոտեցման դրույթների բացակայություն, դրանք իբրեւ թե առանձին նախաձեռնություններ են, բայց փորձել գտնել բանական հիմնավորում` շատ դժվար է, որովհետեւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա՛մ ինքնաբուխ ի հայտ եկած գաղափարներ են, որոնք օրենքի կամ օրենսդրական ձեւաչափի մեջ են ներկայացվում հասարակությանը, կա՛մ սա կեղծ օրակարգեր ստեղծելու միջոց է, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ նման տիրույթների բզկտումը հսկայական լարվածություն է առաջացնում հասարակության մեջ: Հասարակությունը, որպես այդպիսին, ավելի հստակ պատկերացումներ ունի սեփական մշակույթի մասին եւ ավելի ճիշտ է ընկալում այն կարմիր գծերը, որոնք չի կարելի հատել, երբ դու խոսում ես հատկապես ազգային մշակույթի, ժառանգության, տեսակի մասին: Ուստի բնական է, որ այս փոփոխությունը պետք է դժգոհության ալիք բարձրացներ մտավորականության, մարդկանց շրջանում»,- ասում է Արծրունին ու անդրադառնում օրենքի ընդունումից հետո իշխանության ներկայացուցիչների պարզաբանումներին:
«Այսինքն, սկզբից թեզ է առաջ բերվում, հետո, երբ տեսնում են հակադարձում հասարակության կամ մասնագիտական տիրույթներում, սկսում են «պարզաբանումներ» տարածել համացանցում, թե դուք սխալ եք հասկացել, մենք ուրիշ բան նկատի ունեինք..., այսինքն, սա կա՛մ չմշակված թեզերի դրսեւորում է, կա՛մ իսկապես նրանք կողմնորոշված չեն այն ոլորտներում, որտեղ ուզում են փոփոխություններ իրականացնել»:
Այս տեսակ թեմաներին, հասկացություններին անդրադարձը, ըստ Արծրունու, ոչ միայն ժամանակավրեպ է, այլեւ՝ անիմաստ. «Այս հասկացությունների դաշտում որեւէ բան փոփոխելու կարիք չկա եւ չի էլ լինելու ապագայում, որովհետեւ այս պատկերացումները հղկվել, ձեւավորվել են դեռ խորհրդային ժամանակներում եւ նույնիսկ կոմունիստական հսկայական գաղափարախոսական ճնշումների ներքո, հաստատել են իրենց որպես ազգային ինստիտուցիաներ»:
«Ազգային» բառի խորը գիտակցումը, երաժշտի կարծիքով, բացակայում է այդ մարդկանց մոտ. «Ու քանի որ թերի է այդ գիտակցումը, կամ չեն հասկանում այդ բառի իմաստը, փորձում են հավելել այլ հասկացություններով, ու նորից գալիս ենք այն թեզին, որ սա չմտածված, չգիտակցված վերաբերմունքի դրսեւորում է, եւ արդեն որերորդ անգամն է՝ իրենք սեփական նախաձեռնություններով իրենց կրակն են գցում, որովհետեւ, եթե անգամ 65 հոգի կողմ է քվեարկել այս օրենքին, բնականաբար, վաղը՝ իշխանափոխությունից հետո, այս ամենը հետ է բերվելու, քանի որ իրավիճակը` հասկացությունների իմաստով, չի կարող փոխվել։ Այն, ինչն ազգային է` ազգային է, այն, ինչը պետական է` պետական է, եւ այն, ինչը հանրային է` հանրային է: Այսինքն՝ նոր մեկնաբանություններով ու նոր իմաստներ դնելով, չես կարող այդ ֆունդամենտալ հասկացությունների բնույթը փոխել»:
Գուցե կարգավիճակի փոփոխությունը նպատակ ունի այդ խոշոր մշակութային կառույցներին զրկել անձեռնմխելիությունից, ինքն ունի՞ նման մտավախություն, որ դա կարող է հետագայում ազդել այդ կառույցների գույքային կամ ստեղծագործական ամբողջականության վրա։ «Ես լսեցի հանձնաժողովի նիստերից մեկը, որը նվիրված էր օրենքի քննարկմանը, եւ երբ նման հարց հնչեց, մի կին պատգամավոր (նկատի ունի Թագուհի Ղազարյանին) այսպես բացատրեց, որ եթե բոլոր տպարանները, որոնք պարտավոր են Ազգային գրադարանին նվիրաբերել 2 օրինակ՝ ամեն նոր գրքի տպաքանակից, նույնկերպ գրքեր նվիրաբերեն բոլոր մարզային գրադարաններին, ապա գրքերի տպաքանակն այսպես կբաշխվի միայն գրադարանների մեջ, հետեւաբար, պետք է կարգավիճակի տարբերակում մտցնել... դուք պատկերացնո՞ւմ եք մակերեսային ընկալումների չափը, երբ հիմնավորումն արվում է այս մակարդակի վրա... այսինքն՝ դու 2 գրքով, տպարանի հոգսով ուզում ես ինձ բացատրել օրենք ընդունելու կամ փոփոխություն անելու անհրաժեշտությունը: Նա ոչ միայն օրենքի բնույթը չի հասկանում, այլեւ չի կարողանում բացատրել... Այս տեսակ հիմնավորումները բացի ծիծաղից ուրիշ բան չեն կարող առաջացնել: Ես նման հիմնավորում առաջ բերող մարդու հետ ինձ թույլ չեմ տա նույնիսկ շարունակել զրույցը, որովհետեւ դեմագոգների կամ ոչ այնքան խելոք մարդկանց հետ չի կարելի դիսկուրսի մեջ մտնել: Բայց քանի որ այդ մարդիկ 65-ն են, ապա նրանց մոտ այս հանգամանքը որեւէ հակասություն կամ իրարամերժություն չի առաջացնում, որովհետեւ խնդիրն ընկալվում է տպարանի հոգսերի մակարդակի վրա, եւ մեր ցանկությունը՝ հասկանալու, թե այդ մարդիկ ինչ են ուզում, դատապարտված է ոչնչի, քանի որ իրենց ընկալումն ու պատկերացումները շատ հեռու են ազգայինի պատկերացումներից»:
Արծրունին մատնանշում է նաեւ այն, թե այսօր ով է արտահայտվում՝ իր դժգոհությունը հայտնում այս օրենքի հետ կապված. «Միայն ազգային, մշակութային գործիչները, իսկ պետական, մշակութային գործիչները լուռ են։ Այս իմաստով այդ նախաձեռնությունը չտեսնված մարկեր է հասարակության համար, որպեսզի նա հասկանա, որ ով խոսում ու իր վերաբերմունքն է արտահայտում այս օրենքի նկատմամբ, ազգային է, ով չի արտահայտվում` պետական: Այս պարագայում պետք է հասկանանք, թե ովքեր են նրանք, որ ի պաշտոնե պետք է վերաբերմունք հայտնեին, իբրեւ պետության կողմից ճանաչված ազգային, մշակութային գործիչներ, բայց լռում են...: Հետեւաբար, գուցե այդքան էլ ազգային չեն այդ մարդիկ, չնայած որ պետության կողմից տիտղոսների եւ հատուկ վերաբերմունքի են արժանացել: Ո՞ւր են նրանց ձայնն ու վերաբերմունքն այս ամենի հանդեպ: Այստեղ ես տեսնում եմ նաեւ հսկայական բարոյական խնդիր, որովհետեւ այսպիսի իրավիճակներում պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։