▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզակի դեպք ՀՀ պատմության մեջ․ ՄԻՊ-ը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել էր պատգամավորի՝ նախօրեին արած գրառումից հետո.

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում է ինձ պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ ՄԻՊ-ին քննադատելուց՝ սպառնալով քրեական օրենսգրքի հոդվածներով։  

Տիկին Մանասյանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խայտառակ իրավիճակ է, և, որ, պատկան մարմինների, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թե այստեղ ՔՕ ո՞ր հոդվածն է խախտված:

Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար: Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը: 

Իսկ հիշու՞մ է ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը էթիկայի մասին, երբ    
▪️ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա    
▪️Իշխանական պատգամավորը սպառնում է լեզու ու ականջ կտրել
▪️Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում մեր քաղաքացիներին։   

Քննադատությունից վրդովված ՄԻՊ-ը որտե՞ղ է, երբ ապօրինաբար կալանավորում են ընդդիմադիրներին, անչափահասներին, արցախցիներին, վերջիններիս նկատմամբ ատելության խոսք հնչեցնում։     

Որտե՞ղ են վերջինիս հստակ գնահատականներն ու գործողությունները, երբ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվում են արգելված միջոցներ, աննախադեպ բռնություն։    

Բոլոր նման դեպքերում արագ արձագանքում են կամ ընդդիմադիր պատգամավորները, կամ փաստաբանները։ Տեսնես ինչի՞ց է, որ երբևէ մեր կողքին չենք նկատում իմ հրապարակումները ուշադիր կարդացող Մարդու իրավունքների պաշտպանին։    

Նշեմ նաև, որ երբ Սրբազան պայքարի համակիրների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար տուգանային հրապարակներում էին, Մարդու իրավունքների գրասենյակից չլսեցինք որևէ արձագանք այդ մասին։    

Ինչ վերաբերում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց խնդիրներին, ինքս անձամբ, պարբերաբար այցելություններ եմ ունենում այդ վայրեր, և փաստում եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք ներկայացրել եմ իմ հրապարակներում, ամիսներ շարունակ չեն ստանում լուծում։  

Միայն վերջին 4 շաբաթում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 4 մահվան դեպք․ 2-ը ինքնասպանության, 1-ը՝ հացադուլի հետևանքով։

Վերահաստատում եմ պնդումս, որ այս հարցերը նախևառաջ ՄԻՊ-ի գործունեության շրջանակներում են: Իսկ թե ինչու՞ է նման արձագանքի արժանանում ՄԻՊ-ի կողմից՝ պետք է ենթադրել:

Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն նույն ջանասիրությամբ լծվել իր պարտականությունների կատարմանը։ Այլապես, ոչ մեկիս պատիվ չի բերում ՀՀ ՄԻՊ-ի հանդեպ աննախադեպ ցածր վստահությունն ու վարկանիշը։

***

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին բարկացրել է ԱԺ պատգամավոր ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին։ Անահիտ Մանասյանը նույնսիկ սպառնացել է օրենսդիր մարմնի ներկայացուցչին։

Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է.

«ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է։

Տարրական պայմանների բացակայությունն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկված անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության։

Վերջին տարիներին ՔԿՀ-ներում մահվան և ինքնասպանության բազմաթիվ դեպքերը պետք է ընդունել ահազանգ։

Բազմիցս խոսել եմ այն մասին, որ կարիքի դեպքում ազատազրկվածներին շատ հաճախ չեն տրամադրվում անհրաժեշտ դեղորայք և բժշկական ծառայություն, ինչն էլ հանգեցնում է ծանր հետևանքների։ Տպավորություն է, որ որևէ մեկին հետաքրքիր չէ այս անձանց առողջական վիճակը։
Քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ջրի որակի, դարակաշարերի, և ընդհանրապես՝ կահույքի բացակայության հետ։
Այս ամենի մասին բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ․ աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել Արդարադատության արդեն իսկ նախկին փոխնախարարի հետ, որին փոխանցել ենք մեր առաջարկությունները։ Նորանշանակ նախարարի ներկայությամբ ևս խոսել եմ այս խնդիրների մասին։
Այստեղ իր անելիքը պետք է ունենար ՄԻՊ-ը, որը շրջայցերի արդյունքում անձամբ պետք է արձանագրեր այս բոլոր խնդիրները՝ պահանջելով իշխանություններից հրատապ լուծումներ։
Ցավոք, ո՛չ սույն անձնավորությունը, ո՛չ էլ Արդարադատության նախկին և ներկա նախարարները որևէ քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու, ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը վերանայելու ուղղությամբ»։

ՄԻՊ աշխատակազմը պատգամավորի գրառումից հետո տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ, իբր «վերջինս քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է,  այլ  իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ: Սույն պատգամավորին հորդորում ենք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և նրա հանձնարարությամբ` իր ներկայացուցիչների կողմից իրականացվող պարբերական այցերի, դրանց արդյունքում արձանագրած խնդիրների վերաբերյալ հրապարակումներին, Պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներին, որոնք, ի դեպ, յուրաքանչյուր տարի քննարկվում են Ազգային ժողովում, արտահերթ զեկույցներին, որոնցից մեկը հրապարակվել է նախորդ տարվա ավարտին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային բազմաթիվ ելույթներին և զերծ մնալ  հասարակության շրջանում թյուր կարծիք ձևավորելու փորձերից:

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց հրավիրվում են ինչպես իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Ազգային Ժողովի պատգամավորներ:
Ազատությունից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի հետ կապված հենց Մարդու իրավունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդյունքում այժմ առկա են նաև քրեական վարույթներ: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում հենց Պաշտպանի միջամտության արդյունքում:

Ավելին, այժմ հրապարակային քննարկվող խնդիրների մեծ մասը նույնիսկ հասանելի չի եղել դրանք այսօր հրապարակային քննարկող դերակատարներին` մինչև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարբեր ձևաչափերով դրանք հրապարակային դարձնելը, քանի որ նման բնույթի խնդիրներն արձանագրելու լայն մանդատ և հնարավորություն ունի հենց ՄԻՊ-ը:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և խթանման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա ուշադրության ներքո:

Հորդորում ենք պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին