▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարականների շքերթը սկսեց.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետական կուսակցության, «Դաշնակցության» եւ «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորության թեկնածուների ցանկը, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել եւ հետեւաբար չեն դառնա մանդատի տեր: Այսպիսով, մի քանի շաբաթ տեւած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեեւ, իհարկե, դեռեւս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում այսպես ասած ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»:

Ընդ որում, դա ամենեւին չի նշանակում, որ զտման մյուս փուլերը անպայման լինելու են մինչեւ մայիսի 18-ը, երբ տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը, եւ կլինի կառավարության հրաժարականը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ կառավարության հաջորդ հրաժարականը, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ, գտնվելու է հենց զտման ռեժիմում: 2018 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանը անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը եւ այն այլեւս գոյություն է ունենալու որպես առավելապես խորհրդանշական ինստիտուտ, որը զբաղեցնելու է մարդ, որին կնշանակի Ազգային ժողովը:

Այդպիսով, հանրապետության Առաջին դեմքը դառնում է վարչապետը, ձեւավորվելու է նոր կառավարություն: Ահա առաջիկա տարվա ներիշխանական գլխավոր ինտրիգը եւ, ըստ էության, գուցե ամբողջ հնգամյակի գլխավոր ինտրիգը: Եվ այս տեսանկյունից, ներկայիս խորհրդարանական կազմն առաջիկա տարվա ընթացքում ենթակա է այդ ինտրիգին: Իսկ այն հանգուցալուծվելու է իշխանության բեւեռների կամ թեւերի ուժերի հարաբերակցությամբ: Այստեղ կան առնվազն երկու հիմնական հավակնորդներ՝ Սերժ Սարգսյանի թեւը եւ Կարեն Կարապետյանը, որն ինքը թեւ չունի, այլ ավելի շուտ հանդիսանում է Սամվել Կարապետյանի թեւի ներկայացուցիչ: Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ խաղին բավական գործուն ներգրավվածություն ունենալու են «Դաշնակցությունն» ու Գագիկ Ծառուկյանը: Կլինեն բավականին տարբեր այլ ավելի մանր գործոններ, մինչեւ անգամ ընդդիմադիր դաշտում, եւ գուցե նույնիսկ խորհրդարանից դուրս մնացածների շարքերում:

Այսպիսով, կաթսան շարունակելու է եռալ, կամ ավելի շուտ դեռեւս չի էլ հասել եռման կրիտիկական աստիճանի: Այդ իրավիճակում անունները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել առաջին փուլում, անկասկած, չեն արտացոլում ամբողջական պատկերը, խճանկարը, որ առկա է նոր խորհրդարանում: Կախված հիմնական բեւեռների միջեւ ուժերի հարաբերակցությունից առաջիկա տարում, անկասկած, շատ հավանական են նոր ինքնաբացարկներ՝ մինչեւ մայիսի 18, եւ մանդատներից հրաժարականներ՝ արդեն 18-ից հետո:

Ի վերջո, հաղթող բեւեռը իր հաջողությունը պետք է արտացոլի հենց խորհրդարանական խճանկարում, հետո արդեն կառավարության պատկերում արտացոլելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին