Life.panorama.am-ը գրում է, որ Ամանորի խորհրդի, նախատոնական թոհուբոհի մասին զրուցել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
-Տիկին նախարար, ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը:
-Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է, իսկ Նոր Տարվա գիշերը՝ անցնող տարվա վերարժևորման և նորի, գեղեցիկի սպասումների տոն է:
-Ինչպե՞ս եք սովորաբար դիմավորում Նոր տարին, և ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար նախատեսված:
-Նոր տարին դիմավորում եմ տանը՝ ընտանիքիս ու մերձավորներիս հետ: Ծնողներիս օջախում թևածում է ուրախ ու անկաշկանդ մթնոլորտը: Մեր ընտանիքում ջանքեր չենք գործադրում, որ ամանորյա սեղանը խիստ զարդարված կամ ծանրաբեռնված լինի, կարևորը Քյավառի ուտեստներ լինեն և մեր հարազատներին հյուրասիրենք այդ ամենով: Որպես կանոն, տանն ամեն ինչ պատրաստվում է մեր կողմից: Մեր ընտանիքում թևածող սերն է «պատճառը», որ Նոր Տարվա գիշերը դառնում է անկրկնելի և անվերջ սպասված:
Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա տարին առանձնահատուկ է նրանով, որ լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՀՀ սփյուռքի նախարարությունը 2014թ. կատարել է նախապատրաստական աշխատանքները և 2015թ. պիտի ներդնի բոլոր ջանքերը՝ Սփյուռքի համայնքներում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները հավուր պատշաճի և համակարգված կազմակերպելու համար: Իհարկե, շատ կարևոր է, որ տարբեր կառավարություններ ու սենատներ ընդունեն 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը, ինչպես վերջերս՝ Հունաստանը, Բոլիվիան: Քաղաքական, լոբբիստական գործողություններից զատ ակտիվանալու են գիտական, քաղաքական, մշակութային, տպագրական աշխատանքները:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում