▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել են ընտանիքներ, որոնք մոռացել են, որ հայ են, սակայն թուրքական պետությունը սա երբեք չի մոռացել.Թուրքագետ

Օգոստոսի 1-ին «Ակօս» պարբերականում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ 1923 թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր. hայերի համար սահմանված է «2» թիվը, հույների համար` «1», հրեաների`«3»: Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց այս տեղեկատվությունը:

«Նման առանձնանշումը խոսում է խտրականության մասին: Սա բացահայտում չէ, առաջ հայերի կոդը 031-ն է եղել, որը վիրավորական դրսևորում ունի:  «2» թիվը  վերջին 10-12 տարիների ընթացքում է ի հայտ եկել»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան, դիվանագետ Արա Պապյանը:

Անդրադառնալով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրերի հարցին`թուրքագետ Արտակ Շաքարյանն ասաց, որ այս ամենը տանում է հետ դեպի Ցեղասպանություն:

«Օրինակ հայերի առջև երկու պայման էր դրված. Կամ մահ, կամ մահմեդականացում: Պատմաբանների վկայությամբ շատ հայեր հերթ են կանգնել մահմեդականություն ընդունելու համար: Թուրքական պետությունը, հասկանալով, որ ի վերջո դարձի կգան, 1915 թվականի հուլիսի 1-ից արգելում է հայերի մահմեդականացումը, որ գնա կոտորելու»,-փաստեց Արտակ Շաքարյանը` հավելելով, որ 1916թ. նորից առաջ են քաշել նախկին գաղափարը, այդ դեպքում կամ Դեր Զոր կամ մահմեդականություն:

Թուրքագետի հավաստմամբ տեղաշարժվելու համար անձնագրերի վերջում կնիք կար, որը փաստում էր կրոնափոխ մահմեդականների մասին:

«Հրանտ Դինքը պատմում էր, որ եղել են ընտանիքներ, որոնք մոռացել են, որ հայ են, սակայն պետությունը սա երբեք չի մոռացել: Օրինակ հայերից մեկի ծոռը մոլի ազգայնական է լինում, ընդունվում է Ռազմական ակադեմիա, կարճ ժամանակա անց հեռացնում են, իսկ ինչո՞ւ հարցին որպես պատասխան հնչել է. հայ ես»,-պատմում է Արտակ Շաքարյանը:                                                   

                                                                                 Անի Կարապետյան

                                                                                  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին