▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հայ դիզայները չի ուզում կորցնել սեփական դեմքը՝ պետք է անդրադառնա իր ազգային արմատներին

Հաջողության հասած մարդկանց ճանապարհը  բարդ է ու երկար: Ահա հենց այսպիսին է եղել նաև դեպի իր հաջողությունը քայլող նկարիչ-դիզայներ Լիլիթ Մարգարյանի ուղին: Նա հայտնի ու սիրված է թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս, իսկ ամեն ինչ սկսվել էր այսպես՝ «…Բախվեցի դաժան իրականությանը, երբ ամենուրեք փակ էր ամեն ինչը: Բայց պետք էր ինչ-որ բանից սկսել…» :

Լիլիթը նվիրված մայր է, սիրելի կին, երախտագետ դուստր, խելացի ու հաջողակ գործարար, համեստ բարեգործ: Նրան ծանոթ ու անծանոթ շատ մարդիկ համարում են նաև կանացիության ու մայրության  խորհրդանիշ:

Նկարիչ-դիզայների տարբեր տարիների կոլեկցիաների մեջ ինչպես համաշխարհային, այնպես էլ դրա մասը կազմող հայկական յուրատիպ մշակույթի դրոշմը կա. իտալական վերածննդի ժամանակաշրջանի բնությանը շաղկապված կնոջ կերպարը, հայուհու համեստ, բայց խորը ներկայությունը, փոքրիկ Ալիսայի հրաշքների աշխարհի երևակայության մասնիկներն ու հայկական լեռնաշխարհի առեղծվածային և միստիկ խորհրդաբանությունը: Կնոջ կերպարը, որն ամբողջանում է Լիլիթի ձևավորած զգեստներով, միշտ տարբեր է ու միշտ հետաքրքիր՝ ինտելեկտուալ, թեթև, խորաթափանց, բայց պարզ… . Ահա՛ նրա ձեռագիրը:

Լիլիթ Մարգարյանը մեզ հետ զրույցում  խոսեց իր անցած ճանապարհի, ընտանիքի ու աշխատանքի մասին: Համոզված ենք, որ կյանքում հաջողության հասնելու նրա բանաձևը  շատերին կոգևորի:

 

-Ինչպե՞ս որոշեցիք  նվիրվել այս բարդ, բայց հետաքրքիր մասանգիտությանը՝ դիզայներությանը. մանկակա՞ն, թե՞ պատանեկան երազանք էր:

-Պատանեկան երազանք էր, քանի որ այնպիսի մասնագիտություն էր, որ մեր ժամանակներում ավելի հասուն տարիքում կարող էի գիտակցել, թե ինչ է. ես «սովետական միության սերունդ եմ», ու այն ժամանակ չկային անգամ  հագուստի մոդելավորման  համար համապատասխան բուհեր:

Հինգ տարեկանից նկարել եմ և միշտ երազել եմ դառնալ գեղանկարչուհի. հաճախել եմ գեղանկարչական խմբակների, հայրիկիս հետ շրջել ողջ Հայաստանով և նկարել բնապատկերներ, եկեղեցիներ, գյուղական կոլորիտի գեղեցիկ պատկերներ:

- Իսկ ընտանիքում կա՞ր ինչ-որ մեկը, որից ժառանգել եք նկարելու ձիրքը, գուցեև մասնագիտական հակումները:

- Երևի ժառանգաբար եմ ստացել այդ ձիրքը: Պապիկս՝ Գրիգոր Մարգարյանը, որին, ցավոք, չեմ տեսել (նա Հայրենական մեծ պատերազմի տարիներին անհայտ կորել է), մեր Հանրապետության հրապարակի շենքերի բազմաթիվ նախշաքանդակների հեղինակն է: Լսել եմ նաև, որ մայրիկիս տատիկը՝ Ասլի Հովհաննիսյանը,  Երևան քաղաքում եղել է հանրաճանաչ դերձակուհի, որի մոտ մեծ հերթեր են եղել միշտ, քանի որ կարել է որակով և արագ, ինչն այսօր շատ դերձակների մոտ է բացակայում: Իսկ նրա դուստրը՝ իմ տատիկը՝ Մարուսյա Հակոբյանը,  ամբողջ կյանքում և մինչ օրս՝ 87 տարեկան հասակում, չի դադարում ձեռագործ աշխատանքներ ստեղծել ու նվիրել (ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ ես ծնվել եմ նրա 40-ամյա տարեդարձի օրը):

Եվ արդեն իններորդ դասարանում, երբ պիտի որոշեի, թե ուր պետք է ընդունվեմ (ենթադրվում էր Գեղարվեստի ակադեմիա), տեղեկացա հագուստի մոդելավորողի մասնագիտության մասին: Հետաքրքրվեցի և իմացա, որ միակ բուհը, որը պատրաստում է նման մասնագետներ Մոսկվայի տեքստիլ ակադեմիան է: Ասացին, որ այստեղ ընդունվելը գրեթե անհնար է, քանի որ ամբողջ Խորհրդային Միության տարածքում այն միակ բազային բուհն էր: Ես ընդամենը տասնյոթ տարեկան էի, բայց  այս ասպարեզում մասնագիտանալու ցանկությունս այնքան մեծ էր, որ չվախեցա և,Փառք Աստծո, հենց առաջին տարում  ընդունվեցի (ողջ ֆակուլկտետում միակ ուսանողուհին էի, որ ընդունվել էի անմիջապես դպրոցից հետո): Շատ երջանիկ էի, չնայած այն դժվարություններին, որ սկզբնական շրջանում ի հայտ եկան. պատանեկան հասակում մենակ հայտնվել մեծ քաղաքում, խիստ ուսումնական հաստատությունում: Հետո էլ այս ասպարեզում կայանալու համար խնդիրներ եղան, բայց ցայսօր չեմ զղջում, որ ընտրել եմ հենց այս մասնագիտությունը և արդեն 18 տարի ակտիվ աշխատում եմ իմ սիրելի բնագավառում:

-Սկսնակ դիզայները, հատկապես այն դիզայները, որը ԽՍՀՄ փլուզումից հետո կանգնած է ոչ միայն սեփական, այլև առանձին հայկական արտադրանք ստեղծելու բարդ գործի առաջ, ի՞նչ խոչընդոտներ է հաղթահարել ու հաղթահարում, և ո՞րն է եղել  այս ասպարեզում Ձեր հաջողության գաղտնիքը:

-Այո, երբ ես մեկնում էի սովորելու, մեր Կրթության նախարարությունից ինչ-որ ուղեգիր էր անհրաժեշտ, որպեսզի ընդունվեի: Նախարարության աշխատակիցը հայրիկիս ասաց, որ երբ Ձեր դուստրը ավարտի ակադեմիան և վերադառնա, մենք կարմիր գորգերով կդիմավորենք, որովհետև մեր հանրապետությանը շատ անհրաժեշտ են նման մասնագետներ: Ես ակադեմիա ընդունվեցի  1988 –ին և վերադարձա 1992-93–ին, և արդեն չկային այդ կարմիր գորգերը, այդ նախարարներն ու նախարարությունները, ֆաբրիկաները. չկար ոչինչ: Շատ ցավալի էր.  վերդարձա ցուրտ, մութ պատերազմած, երկրաշարժ տեսած Հայաստան: Հայրենիքս մեծ ճգնաժամ էր ապրել: 

Երկու տարի ուղղակի տանն եմ անցկացրել, բայց անդադար աշխատել եմ. անընդհատ նկարում էի, կարում էի, ինձ վրա աշխատում էի: Հետո հասկացա, որ չեմ կարող տանը նստել. սկսեցի փնտրել աշխատանք, տարբեր համույթների ցույց տվեցի էսքիզներս, և առաջին իսկ փորձերս պսակվեցին հաջողությամբ: Առաջին պատվերս, որ ստացել եմ, 1996 թ.-ին Նադեժդա Սարգսյանի «Հայեր»  համույթի համար էր. նրանց՝ «Սև ու Սպիտակ» համերգային ծրագրի համար ստեղծեցի ավելի քան հարյուր հագուստ: Եվ համերգին իմ հագուստները նույնպես մեծ հաջողություն ունեցան: Մենք այդ նույն ծրագրով հանդես եկանք նաև  Մոսկվայում, և իմ հագուստներով հիացավ նաև ռուս հանդիսատեսը, ոգևորող խոսքերով արձագանքեցին հաղորդավարները: Սա ինձ համար ոգեշնչող քայլ էր, և ես հասկացա, որ պետք է անընդհատ աշխատել, ու ստեղծեցի առաջին անհատական հավաքածունները: Վերջինները ստեղծվում էին մեծ դժվարությամբ. իմ դերձակները քաղաքի տարբեր ծայրերում էին ապրում, և ես ստիպված էի մի քանի անգամ մի տեղից մյուսը գնալ, գործն արվում էր տնային պայմաններում, կտոր գտնելը դժվար էր: Երբ հետադարձ հայացք եմ նետում, զարմանում եմ իմ համառության վրա: Այս աշխատանքը շատ արագ տեսանելի արդյունք տվեց և  ավելի ոգեշնչվեցի: Սկսեցի համագործակցել հայաստանյան մոդելների երկու տների հետ, որոնց համար ես ստեղծում էի հավաքածուներ, սպասարկում էի հաճախորդներին. երկու սրահներն էլ մեծ հաջողություններ ունեցան՝ շնորհիվ իմ աշխատանքի ու անվան, որն արագ ձեռք բերեցի (այդ մոդելային տները իրենց աշխատանքը սկսել էին զրոյից, և մի քանի շաբաթ հետո դերձակներն արդեն չէին հասցնում արդեն սպասարկել հաճախորդներին):

-Ինչի՞ց է սկսվում կոլեկցիայի վրա աշխատանքը, ինչի՞ց են ծնվում գաղափարները, ի՞նչն է Ձեզ ներշնչում:

-Տարբեր ժամանակներում տարբեր կերպ է լինում: Ավելի վաղ երիտասարդությանս տարիներին քիչ ավելի ռոմանտիկ էի, հուզական, տպավորվող, ուզում էի ոգեշնչվել տիեզերքից ու բնությունից, ուզում էի ֆանտաստիկ գործեր անել, որ շլացնեի, զարմացնեի: Ու հենց առաջին հավաքածուս կենդանական թեմատիկայով էր. հասկացա, որ բնությունից առավել կատարյալ ոչինչ չկա՝ վերցրո՛ւ ու աշխատի՛ր: Այս հավաքածուի համար ստեղծվեց տեսահոլովակ, որը հաճախ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ, ինչը նորամուծություն էր այս առումով:

Հաջորդ հավաքածուն  կոչվում էր «Աստղային սիմֆոնիա». այն ավելի տիեզերական էր, հետաքրիր լուծումներով, նաև շախմատային դրվագներով:

 Հետագայում պահանջները փոխվեցին, մարդիկ սկսեցին հետևել նորաձևության միտումներին, Եվրոպան սկսեց թելադրել նոր ձևեր, գույներ. ես հասկացա, որ  պետք է ստեղծել նաև այնպիսի հագուստ, որը կարելի է կրել առօրյայում, քանի որ ավանգարդ  ոճով ստեղծածս հագուստները ավելի շատ արվեստի նմուշներ են:

 Նորաձևության Ժամանակակից տենդենցներին հետևելը պարտադիր է, եթե ուզում ես, որ քեզ՝ որպես դիզայների գնահատեն նաև միջազգային չափանիշներով ու նաև սեփական երկրից դուրս, բայց ես միշտ ասել եմ, որ պետք չէ կուրորերն հետևել, գերի դառնալ մոդային, չպետք  է կորցնել սեփական ձեռագիրը: Ես համոզվել եմ՝ եթե համաշխարհային այս բազմազանության մեջ հայ դիզայները չի ուզում կորցնել սեփական դեմքը, պետք է անդրադառնա իր ազգային արմատներին: Սա միակ ճանապարհն է, որ թույլ չի տա ձուլվել համաշխարհային միլիարդավոր դիզայներներին  և  անգամ կնպաստի հաջողության հասնել միջազգային շուկայում:

-Ինչպե՞ս  կանվանեք Ձեր սեփական ոճը :

-Իմ ոճը բնութագրել եմ որպես «Pret-a-Porter de Luxe», որովհետև ես չեմ կարողանում անել չափազանց հասարակ աշխատանք, չափազանց շուկայական, չափազանց մատչելի: Ես ավելի շատ ինքնաարտահայտվում եմ «Haut coutyure» ոճի մեջ, քանի որ գերադասում եմ ձեռքի աշխատանքներ, երկար աշխատել հագուստի վրա: Սակայն, եթե ունեմ կոնկրետ պատվեր անգամ համազգեստի, ես կարող եմ այն ստեղծել: Եթե առջևս կոնկրետ խնդիր կա, կլուծեմ ճիշտ, գրագետ, բայց եթե ստեղծագործել, ապա անպայման « Haut coutyure », «Pret-a-Porter de Luxe» ոճում:

-Իսկ արժեքի տեսանկյունից՝ որքանո՞վ է Ձեր աշխատանքն այսօր մատչելի ոչ միայն աստղերին, այլև  հասարակ սպառողին:

-Իմ հաճախորդները տարբեր բնագավառներից են, միայն աստղերը չեն՝ ուսանողներ, բժիշկներ, ուսուցիչներ….: Ցանկացած դիզայներ իր հագուստները գնահատում է ըստ արած աշխատանքի, ըստ ծախսված նյութերի, և հաճախորդի հետ միշտ էլ կարելի է գալ համաձայնության՝ որ գնային սանդղակում ստեղծել հագուստ: Անգամ ամենամատչելի գնային սանդղակում կարող ես ստեղծել շատ որակյալ, շատ գեղեցիկ ու օրիգինալ հագուստ:

-Հաճա՞խ եք օգտվում սեփական դիզայնով կարված զգեստներից:

-Հաճախ ու հատկապես ավելի պատասխանատու և ներկայանալի վայրերում, քանի որ ինչքան փնտրում ու մտածում եմ, վերջում գալիս եմ այն եզրակացությանը, որ ես ինքս պիտի կարեմ, որպեսզի լինեմ յուրահատուկ: Կա մի դիպուկ ասացվածք՝ «Կոշկակարը կոշիկ չունի», ինչը տիպիկ է շատ մասանգիտությունների տեր մարդկանց համար և ինձ համար նույնպես. եթե ինձ ինչ-որ բան պետք է, ամեն բան արվում է վերջին վայրկյանին: Այդուհանդերձ, կան ֆիրմային հագուստներ, որոնք նախընտրում եմ, առօրյա հագուստը նույնպես գերադասում եմ պատրաստի գնել:

-Իսկ ընտանիքում հաշվի առնո՞ւմ են Ձեր մասնագիտական խորհուրդները՝ ինչ հագնել, ինչպես հագնվել.

-Ես ունեմ 11 տարեկան տղա և 4.5 տարեկան աղջիկ, որոնք շատ հաճախ չեն լսում իմ խորհուրդները, ու հատկապես տղաս, որ մեծանում է և ցանկանում ինքնահաստատվել: Նրա հետ հաճախ ենք ունենում տարաձայնություններ. ես պատրաստում եմ հագուստ, որով ինքը պետք է դուրս գա, ինչը նրան դուր չի գալիս. վերջում ստիպված եմ լինում նրան ասել՝ «ինձ բոլորը լսում են, բացի քեզնից»: Նույն պահվածքը սկսել է դրսևորել նաև աղջիկս. նոր սերունդն ունի իր կարծիքը ամեն ինչի մասին, իր սկզբունքները: Իմ երեխաները ինձ գնահատում ու սիրում են որպես մայրիկ   ու ոչ թե մասնագետ: Իսկ ամուսինս բարձր ճաշակ ունի, ու անգամ ես եմ սիրում հետևել նրա խորհուրդներին: Նա հաճախ է ինձ համար արտասահմանից հագուստներ գնում, որոնց սկզբում տարակուսանքով եմ վերաբերվում, բայց հետո հասկանում եմ, որ դիպուկ ու ճիշտ ընտրություն է, ինչին նա հումորով արձագանքում է՝ «Վերջը հասկացա՞ր»:  Ընտանիքի համար դու ուղղակի մամա ես ու կին:

 -Ընտանիքից խոսեցինք…շարունակենք՝ ինչպե՞ս է հաջողվում համատեղել ընտանիքն ու աշխատանքային գործունեությունը:

- Արդեն 13 տարի է, ինչ ամուսնացած եմ և միշտ աշխատել եմ: Իսկ համատեղել ստացվում է, քանի որ շատ եմ սիրում և՛ ընտանիքս, և՛ աշխատանքս: 

-Գիտեմ, որ Ձեր ամուսինը՝ «Թաթա Prodoction» ընկերության գլխավոր տնօրեն, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը, չնայած իր գերզբաղված լինելուն,  աջակցում է Ձեզ նաև  սիրելի գործում:

-Եթե ամուսնուս աջակցությունը չլինի, ապա ամեն բան կձախողվի (ամուսնու աջակցությունը ցանկացած կնոջ համար է անհրաժեշտ): Աշխատանքներիս վերաբերյալ իր գնահատականը շատ բարձր եմ համարում, շատ եմ ուզում միշտ անել մի բան, որ իրեն գոհացնի, և եթե անգամ նա լինում է շատ խիստ քննադատ, նշանակում է, որ ուզում է՝ ես ձգտեմ ավելիին: Լավ է,  որ իմ կողքին հենց ինքն է, քանի որ ես երբեք չեմ թուլանում: Աջակցությունը կա, բայց ես ինքնուրույն մարդ էլ եմ  ու շատ չեմ սիրում ընտանիք բերել իմ աշխատանքային անցուդարձը, հոգնությունը, խնդիրները:

-Մայրության ու կանանց տոնի կապակցությամբ՝ ո՞րն է կնոջ երջանկության գաղտնիքը ու մայր լինելու առաքելության Ձեր ըմբռնումը:

-Ցանկացած կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է: Եթե Աստված այդ պարգևը տալիս է, ապա այն ամենամեծ երջանկությունն է: Բայց պետք է այդ ամենը կարողանանք կրել ճիշտ.  դաստիարակել արժանավոր երեխաներ, որպեսզի հետո գլուխը հանգիստ դնենք բարձին: Որպես կին՝ ուզում եմ նշել, որ կինը պիտի լինի համեստ ու ցանկացած դեպքում զիջի տղամարդուն.  պիտի հասկանալ՝ չնայած հավասար իրավունքներին՝ երջանիկ  է այն կինը, ով ավելի թույլ է, քանի իր ամուսինը:  Իսկ երջանկության համար պետք է պայքարել, զոհաբերել:

Զրուցեց  Զարուհի Դիլանյանը

72157643536297913

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին