Նոյեմբերի տանսվեցին Նյու Յորքում, Բրուքլինի արվեստի թանգարանը կտոնի հիմնադրման երկու հարյուր ամյակը։ Այդ առիթով թանգարանն իր այցելուների համար կբացի հոբելյանական ցուցահանդես՝ Solid Gold խորագրով։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն ժամանակակից արվեստի նմուշներ, որոնք բացահայտում են ոսկու տարբեր իմաստներն ու բովանդակությունները, որոնցով մարդկությունը պատմության ընթացքում օժտել է ազնիվ մետաղը։
Ցուցահանդեսին մասնակցում է նաև ամերիկահայ արվեստագետ Զադիկ Զադիկյանն իր Path to Nine աշխատանքով։ Այն ծավալային ինստալյացիա է, որն իրենից ներկայացնում է ոսկու ձուլակտորների տասնութ սյուներ։ Դրանք կազմված են ոսկու թերթիկներով պատված 999 գիպսե աղյուսներից։ Այս աշխատանքը թվերի մաթեմատիկական, միևնույն ժամանակ՝ առեղծվածային բնույթի յուրովի վերարտադրություն է, որն արվեստագետը ներկայացնում է ոսկեզօծ աղյուսների շարքերի միջոցով։ Աշխատանքում շեշտադրված է հատկապես ինը թիվը, քանի որ, ըստ Զադիկյանի, այն համարվում է ամենակարևորը. «Ինը թիվը եզրափակում է միանիշ թվերի շարքը, որից հետո սկսվում է թվերի կրկնությունը՝ մինչև անվերջություն», ասում է Զադիկ Զադիկյանը։
Path to Nine աշխատանքն ընդգծում է նաև Զադիկ Զադիկյանի վերաբերմունքը ամենաազնիվ մետաղի՝ ոսկու նկատմամբ՝ իբրև մաքրության, կյանքի և հարատևության խորհրդանիշ։ «Ոսկին թերևս ամենաճանաչված նյութն է, որը գիտեն փոքր երեխայից մինչև մահվան վերջին օրերն ապրող մարդը։ Ոսկին հարգում են մեծ մասամբ՝ իբրև նյութական կապիտալ, բայց հոգեկան աշխարհում այն շատ ավելի մեծ իմաստ և կարևորություն ունի։ Այն եղել է և կա գեղեցկության, ուրախության, ծեսի, հաջողության, հարստության և կյանքի խորհրդանիշ», ասում է Զադիկ Զադիկյանը։
Արվեստագետն իր աշխատանքներում ոսկին կիրառում է 1970-ականներից։
Pathto Nine ինստալյացիայով նա շարունակում է ոսկու բացահայտումը՝ ազնիվ մետաղի նյութական գեղեցկությունը համադրելով խոր փիլիսոփայական հարցադրումների հետ։
Ցուցահանդեսը Բրուքլինի արվեստի թանգարանում կշարունակվի մինչև 2025 թվականի հուլիսի 6-ը։