▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում ենք Ձեր միջամտությունը, մենք կանգնած են առանց աշխատանքի մնալու առաջ. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

 

«Մենք դեռ նախորդ իշխանությունների ժամանակ ունեցել ենք խնդիրներ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ, քանի որ մշակվել էր օրենքի մի նախագիծ, որը եթե աբսուրդ ասենք, հնարավոր է հնչի նույնիսկ որպես հաճոյախոսություն: Այն ժամանակ էլ ենք պայքարել, սակայն հեղափոխությունից հետո հնչեցին մտքեր, որ ոլորտը կազատականացվի, ամեն ինչ կգա դեպի ինքնակարգավորում, սակայն այսօր մենք կանգնած ենք լուրջ խնդրի առաջ»,-այս մասին Asekose.am-ին ասաց Հայաստանի «Անկախ Գնահատողների Ասոցիացիա»-ի նախագահ Էդգար Խաչատրյանը:

Image may contain: 1 person

Ըստ Էդգար Խաչատրյանի՝ նախկին իշխանությունից եկած խնդիրն այն է, որ մշակվել էր մի նախագիծ, որը կարող է ոչնչացնել գնահատողների ոլորտը.

«Ըստ այդ նույն նախագծի՝ սահմանված էր տոտալ վերահսկողություն թե ֆիզիկական անձանց, թե կազմակերպությունների վրա այն դեպքում, որ Կադաստրի կոմիտեի կողմից մենք ստացել ենք որակավորում: Պարզապես ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նախկինում Կադաստրում մարդիկ կային, ովքեր ունեին գնահատման կազմակերպություններ ու այդպես էին անում, որպեսզի մյուսներին դաշտից հեռացնեին: Նրանք ամեն ինչ էին անում, որպեսզի բարդացնեին մեր աշխատանքը՝ սկսած որակավորման քննությունը գրեթե անհնարին դարձնելուց»:

Էդգար Խաչատրյանի խոսքով՝  այդ ամենի հետևանքով կտրուկ կրճատվել էր թե անհատների, թե կազմակերպությունների քանակը, սակայն այսպես շարունակվելու դեպքում իրենք կանգնած են առանց աշխատանքի մնալու վտանգի առջև:

«Ներկայումս մեզ առաջարկվել էր հայեցակարգ գրել,  մենք էլ, ուսումնասիրելով աշխարհի փորձը, ընդունված մոտեցումները, ներկայացրել էինք մեր կողմից մշակված օրենքի նախագիծը՝ փորձելով զիջումների գնալ, սակայն Կադաստրի կոմիտեից արձագանք այդպես էլ չստացանք, ավելին՝ արդեն ներկայացվել է օրենքի մի նախագիծ, որում ամեն ինչ նախկինի պես է, փոփոխություններ գրեթե չեն արվել, սակայն ամեն ինչ պահվել է նախկին տրամաբանության մեջ»,-ասաց Էդգար Խաչատրյանը:

Նշենք, որ Հայաստանի «Անկախ Գնահատողների Ասոցիացիա»  հանդես է եկել նաև  վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով, որն առանց խմբագրման ներկայացնում ենք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մեծարգո պարոն Վարչապետ,

Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ ՀՀօրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ https://www.e-draft.am/projects/1820/about) վրա, որը նախաձեռնվել է նախկին իշխանությունների կողմից ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակմամբ դեռևս 2018 թվականի փետրվար ամսին Կ. Կարապետյանի կառավարության օրոգ, նպատակ ունենալով այն կիրառելի դարձնել մինչև 2018 թվականի հուլիս ամիսը:

Մեր մտահոգությունները և առարկայական առաջարկները գրավոր և բանավոր կերպով բազմիցս ներկայացրել ենք ՀՀ նախկին կառավարությանը և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարներին նրանցից չստանալով ոչ մի պատասխան: Հեղափոխությունից հետո բարձացված հիմնախնդիրները ներկայացվել են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին և անձամբ Ձեզ:

ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարը ՀՀ-ում գործող գնահատողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր տեսլականը այս ոլորտի զարգացման և կայացման վերաբերյալ, այն է ոլորտը տանել ինքնակարգավորման և գնահատողների ինքնակազմակերպված միությունների ձևավորման ճանապարհով, որոնք իրենց հերթին կապահովեն իրական մեխանիզմներ և գործիքակազմ իրականացնելու գնահատման ոլորտի զարգացման և կարգավորման մի շարք գործառույթներ: Սակայն առաջարկելով նախկին իշխանությունների կողմից մշակված ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հակասական է դիտվում գնահատողների ինքնակարգավորման և ազատականացման գործընթացի իրականացման ֆոնին: Այն դեպքում, որ օրենքի նման նախագիծը նպատակադրված կերպով առաջացնելու է բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, սահմանում է տոտալ վերահսկողություն և շուկայում գերիշխող դիրքի ձևավորման երևույթներ, ինչը ակնհայտ ձեռնտու էր նախկին իշխանություններին և նույնիսկ բնորոշ չէ բռնապետական հասարակարգ ունեցող երկրներին:

Ինչպես նաև առաջարկվող օրենքի նախագիծը վերաբերվում է ոչ միայն անշարժ գույքի գնահատման ոլորտին այլ փորձ է արվում վերահսկել գնահատման ամբողջ գործունեությունը (շարժական գույք, ոչ նյութական ակտիվներ, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտներ և այլն), որի մասնագիտական փորձը և գործիքակազմը բացակայում է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում, որպես Լիազոր մարմին: Նախագիծը ներկայացվում է որպես ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, սակայն ներկայումս առաջարկվող նախագծում դրված է գնահատման ամբողջ դաշտը կարգավորելու և վերահսկելու գործառույթներ, որը ունի նոր օրենքի և նոր ոլորտների ներգրավման տրամաբանություն:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԱՆԿԱԽ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԻԱՄ-ը «Գնահատողների Համահայկական Խորհուրդ» հասարակական կազմակերպության և Գնահատողների ինքնակարգավորվող միություն <<Փորձագիտական խորհուրդ>> ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ (որոնց կազմում են գրեթե բոլոր գործող գնահատողները) իրականացվել է ՙԳնահատման գործունեության մասին՚ ՀՀ օրենքի առաջարկվող նախագծի համակողմանի ուսումնասիրություն: Համատեղ քննարկումների արդյունքում դուրս են բերվել գնահատման ոլորտի կարգավորմանը և զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ և մտահոգություններ, ինչպես նաև համատեղ ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում ձևավորվել են առարկայական և արդյունավետ լուծումներ պարունակող առաջարկներ։ ՀՀ Անշարժ գույքիկադաստրի կոմիտեի ղեկավարի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում մեզ առաջարկվել է մշակել  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» հայեցակարգի նախագիծը, ինչը իրականացվել է սեղմ ժամկետներում և 15.01.2019թ-ին ներկայացվել է ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտե, որը պարունակում է գնահատման գործունեության կարգավորման և վերահսկողության լավագույն փորձը։ ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Նշված հայեցակարգի վերաբերյալ ներկայացված օրվանից մինչ հիմա որևէ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։

Այնուհետ, ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ քննարկումների արդյունքում ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից դուրս է բերվել չորս հիմնարար դրույթներ, որոնց վերաբերյալ Կոմիտեի պնդմամբ պետք է լինի օրենքում։ Ի պատասխան այդ պնդման մեր կողմից 01.05.2019թ ներկայացվել են նաև հիմնարար չորս կետերի վերաբերյալ մեր կողմից առաջարկվող հիմնավորումները և մեկնաբանությունները (կից ներկայացվում է)։ Սակայն մեր կողմից ներկայացված հիմնարար չորս կետերի վերաբերյալ առաջարկվող հիմնավորումների և մեկնաբանությունների վերաբերյալ նույնպես պաշտոնական դիքորոշում չենք ստացել։

Ցանկանում ենք նաև Ձեր ուշադրությունը հրավիրել Օրենքի նախագծում առկա մասնավորապես այն դրույթին, որով ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվում է ֆիզիկական անձ գնահատողի մասնագիտական որակավորում, սակայն գնահատման արդյունքները ամփոփված գնահատման հաշվետվության տեսքով հանդիսանում է իրավաբանական անձի կողմից պայմանագրային հիմունքներով թողարկված արտադրանք։ Ինչը ստուգման նպատակով ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն պահանջում է ֆիզիկական անձ գնահատողներից, որը մեր կարծիքով պարունակում է իրավաբանական անձի առևտրային գաղտնիքի հրապարակման երևույթ։

Հարգելի պարոն Վարչապետ

Խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ականջալուր լինի մեր կողմից ներկայացված մտահոգություններին և առաջարկներին, ինչպես նաև հետամուտ լինի իր իսկ հռչակած ոլորտի կարգավորման տեսլականին, հակառակ դեպքում ներկայացված օրենքի նախագիծը ուղղակիորեն խոչընդոտում է բնագավառի առավելապես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և շատ շատերին ստիպում է դադարեցնել գործունեությունը, ինչը իր հերթին մեծացնում է ինչպես գործազրկության ծավալները, այնպես էլ գործունեության այս տեսակը մենաշնորհի վերածելու ռիսկերը»:

Հավելենք, որ բաց նամակին կից ներկայացվել է նաև «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ներկայացված նախագիծը, նախագծի վերաբերյալ առաջարկությունները և հիմնավորումները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին