▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է կուլ չտանք Ադրբեջանի հերթական խայծը»․ Նարինե Աղաբալյան

«Հաշվի առնելով, որ այսօր Բաքվում մեկնարկում է հայ գերիների դատական պրոցեսը, շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատութան դեմ կատարվող ոճրագործության մասին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա և փորձել կանխել հերթական հանցագործությունը»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հայ գերիների ազատ արձակման պահանջով կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյան։ Նրա խոսքով Ռուբեն Վարդանյանի երեկվա հայտարարությունը սթափության կոչ էր, որպեսզի կուլ չտանք Ադրբեջանի հերթական խայծը՝ էլ ավելի պառակտվելու, էլ ավելի թուլանալու և խոսցելի դառնալու։ «Իշխանությունն առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության, ինչը ցավոք սրտի չենք տեսնում։ Ամբողջ աշխարհի փաստարկումն է դա, որ եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնակում, ապա անիմաստ է արդարադատության պաշտպանություն ակնկալել որևէ մեկից»,- ասաց Նարինե Աղաբալյանը։

***

Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու ուղղությամբ միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, մինչև որ ՀՀ իշխանությունը քայլեր չձեռնարկի, հստակ պահանջներ չձևակերպվեն թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։ Ընթացող ակցիայի ժամանակ նման տեսակետ հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ թեև Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ բանակցային գործընթացներում մշտապես անդրադառնում են այդ հարցին, բայց առնվազն այդ ջանքերը տեսանելի չեն. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ առնվազն քաղաքական մակարդակում առավել մեծ ջանքերի անհրաժեշտություն կա։ Ինչ վերաբերում է իրավականին, այո, գործընթացներ կան»։
Հիշեցնենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կազմակերպվել է հանրային ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենք:

Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:

***

«ՄԱԿ-ից պահանջում ենք հստակ գործողություններ, որոնք նշված են ՄԱԿ-ի կանոնադրությունում։ Այն, ինչ-որ Ադրբեջանն անում է՝ քաղաքական առևտրի նպատակով պահելով հայ պատանդներին, անում է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին քաջալերող լռության պայմաններում»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև հայ գերիների ազատման պահանջով ընթացող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

***

«Առաջին հերթին պետք է ստիպենք ՀՀ իշխանություններին, որպեսզի տեղներից շարժվեն և առավելագույնը կատարեն մեր պատանդներին, մեր արժանապատվությունը վերադարձնելու համար»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Քանի դեռ մեր պետական ինստիտուտները մեր իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում՝ անհատական և հավաքական մակարադակով, բնականաբար այլ պետությունները ընդհանրապես չեն զբաղվելու»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ Բաքվի կեղծ շոուներն ու նրանց կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վերաբերյալ հրապարակվող նվաստացուցիչ տեսարանները չպետք է տարածվեն հայկական տիրույթում։
«Իրենք այնտեղ են իշխանությունների մեղքերի, բացթողումների պատճառով»,- ասաց Բեգլարյանը՝ հորդորելով հատկապես իշխանավորներին՝ չթիրախավորել Բաքվի դատարանի առջև հայտնված հայ պատանդներին։

***

Հայ պատանդներին ազատելու պահանջով կազմակերպված ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից երթով հասան ԱԳՆ շենքի դիմաց։ «Հարց՝ Արտաքին գործերի նախարարությանը, վստահ եմ, որ երեկ ընթերցել են Ռուբեն Վարդանյանի նամակը։ Իրենց խղճի առաջ թող հարց տան՝ արդյո՞ք անում են այն ամենը, որպեսզի թեթևացվի մեր հայրենակցիների տանջանքը Բաքվի բանտում»,- ԱԳՆ դիմաց իր ելույթում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ արտաքին գերատեսչությունից պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել՝ բանակցություններում հայ պատանդների վերադարձը օրակարգային հարց դարձնելու ուղղությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին