▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքվի բռնապետը հայ գերիներին օգտագործելու է որպես շանտաժի միջոց»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննկարագրելի տխություն է իջել հոգուս վրա։ Բաքվի բռնապետը Հայերի է դատում․․․ Հասկանո՞ւմ եք, թշնամին Հայի է դատում նրա համար, որ իրենք Հայի պատիվ են պահել, Հայի անունն են պահել, Հայի Հայրենիքին են պահել, չի դատում թալանելու համար, չի դատում կոռուպցիայի համար, չի դատում հովանավորչության համար, այլ, որ Հայ են ու Հայի Հայրենիքի համար կռիվ են տվել․․․ Բաքվի բռնապետի ուսուցիչ Էրդողանն էլ քուրդ քաղաքապետներին է դատում, ովքեր ունեն քրդամետ ուղղվածություն, ովքեր քրդերի համար փորձում են ստեղծել ավելի լավ պայմաններ, քրդերի ձայնն ավելի լսելի դարձնել։
Հիշե՛ք, Բաքվի բռնապետի ճիրաններից Հայերին փրկելը հնարավոր է միայն Բաքվի բռնապետի ռեժիմի տապալմամբ, մնացած բոլոր դեպքերում ՝ գրեթե անհնար է, եթե իհարկե որևէ երկրի ղեկավար ուղիղ չդիմի ու ասի՝ բաց թող։
Բաքվի բռնապետը Հայ գերիներին նաև օգտագործելու է Հայաստանի դեմ, որպես շանտաժի միջոց։ Մենք ոչ մի դեպքում չպետք է տրվենք այդ շանտաժին, Հայ գերիների, իբրև թե ցուցմունքները, պետք է դնել մեծ հարցականի տակ, քանի որ դրանք կա՛մ մտացածին են, կա՛մ կտտանքների արդյունք։ Բաքվի բռնապետի բանտերում պահվող Հայերի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի ոչ թե նրանց նկատմամբ ունեցած համակրկանքի, կամ հակակրանքի շրջանակներում, այլ պարզապես այն մեղադրական հոդվածների, որոնցով դատում են այդ մարդկանց․․․
Մի խոսքով, Հային դատում են Հայ լինելու համար․․․

***

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի հատուկ ծառայությունների կողմից Վլադիմիր Պուտինի անձնական իմացությամբ առևանգված ԼՂՀ նախկին նախագահների և մյուս պաշտոնյաների հասցեին մեկուկես տարի վայրահաչելուց հետո համոզվեցի՞ք, որ նրանք եվրոպաներում չեն, ալիևյան զնդաններում են: Հասկացա՞ք, որ ոչ թե Արկադի Ղուկասյանին կամ Արայիկ Հարությունյանին, այլ բոլորիս են ուզում դատել: Գիտակցո՞ւմ եք, որ կաշի եք փրկել՝ նրանց թողնելով մենակ: Խղճի խայթ զգո՞ւմ եք, որ Ռուբեն Վարդանյանին մղել եք արկածախնդրություն, երբ հարկադրել եք, որ շրջափակված Ստեփանակերտում «Արցախի դիմադրության և զարգացման ճակատ» ստեղծի եւ հռչակի, որ «պետք է Սարդարապատ լինի»: Եթե բարոյականության և մարդկային արժանապատվության նշույլ ունեք՝ վաղը հեռագրեք Իլհամ Ալիևին, որ ադրբեջանական «արդարադատությանը» հանձնվելու տեղ և ժամանակ որոշի: Իսկ եթե մարդկայնության վերջին փշրանքներն եք կորցրել, տեղներդ վեր ընկեք և առնետի ձեր որջում «կրծեք ձեր հացը»: Արդեն իրոք անտանելի եք դարձել, գոնե ձեր նվաստագույն չգոյությունը մի հիշեցրեք, հա՞»:

***

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, Բաքվում մեկնարկած նրանց դատավարությունը անհանգստություն և խորը մտահոգություն են առաջացնում։
Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին։ Փաստերը վկայում են, որ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող խտրականությունը պայմանավորված է ազգային պատկանելությամբ։
Հարկ եմ համարում նշել, որ միջազգային նորմերի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա էթնիկական պատկանելությունից, առաջնային պարտականություն է։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են պետություններին ապահովել արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք։
Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։
Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը։

Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։

Երկրորդը՝ Բաքվում գտնվող հայ մարտիկների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։

Այս երկու դրվագները նույնիսկ ավելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը, կամ իմ հարազատ տունը գրավված տեսնելը։

Ըստ այդմ ես հերթով հիշելու եմ և հիշեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր լռել են այս երկու առիթներով։ Առաջին հերթին նրանց, ովքեր ունեն հանրային լսարան։

Իսկ նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք։ Ու պետք է վաղ թե ուշ կրեն իրենց պատիժը, որոնցից գլխավորը՝ հանրային պարսավանքն է և դատապարտումը։

Հ.Գ. Լուսանկարում/ տես այս հղումով/ Արցախի պաշտպանության բանակի անկոտրում մարտիկն է՝ Լևոն Մնացականյանը Շուշիում։
Այ էսպես եմ հիշելու ու սպասելու իրեն ու մնացած տղերքին։

***

Բաքվում ապօրինի պահվող 15 հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը հետաձգվել է. հաջորդ նիստը կկայանա հունվարի 21֊ին։

Դատական նիստի հետաձգման և հաջորդ նիստի օրվա մասին «Արմենպրեսս»-ի փոխանցմամբ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Վարդանյանի նկատմամբ դատական նիստը ևս հետաձգվել է, այն կկայանա հունվարի 27֊ին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին