▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղությունը չի լինելու երրորդ կողմի պարտադրանքով. «Ժողովուրդ»

Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, բայց միջազգային ասպարեզում այս երկրի դերն ու դիրքը հնարավոր չէ թերագնահատել: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչից «Ժողովուրդ»-ը երեկ հարցրել է, թե արդյոք միջազգային հանրության անգործությունը չէ պատճառը, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի թուլանում: «Մինսկի խումբը միայն միջնորդ է հանդիսանում, եւ դա երկու երկների պատասխանատվությունն է՝ խաղաղության մասին պայմանավորվելու, ու երբ որ պատրաստ կլինեն, Մինսկի խումբը կկարողանա օգնել, օժանդակել, որ այդ պայմանավորվածությանը կարողանան հասնել: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի երկները ոչինչ չեն անում: Անցած տարի երեք երկրներն էլ ջանացին, որպեսզի բարձր մակարդակի հանդիպումներ կայանան: Այնպես որ իրենք իրենց ջանքերը գործադրում են, որպեսզի այս հարցը առաջ տարվի»,- ասել է դեսպանը՝ դիվանագիտական լեզվով հորդորելով հույս չունենալ, որ խաղաղությունը կլինի երրորդ կողմի պարտադրանքով:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ նաև ստորև.

ԴԵՍՊԱՆԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: «Անցած գիշեր եւս մեկ զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո՛, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որն Կրակովում արեցին ՄԽ համանախագահները այն մասին, որ պետք է լարվածությունը թուլացնել եւ հակամարտությանը տալ խաղաղ կարգավորում` բանակցությունների սեղանի շուրջ գտնելով խաղաղ լուծում»,- ասաց դեսպանը:

 

-Հարգելի՛ տիկին Լիչ, 2015թ. սկզբից լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի կերպ չի հանդարտվում, իսկ միջազգային կառույցները, այդ թվում՝ Մինսկի խումբը, բացի հորդորներից, խոսքերից՝ որեւէ քայլ չեն կատարում: Արդյո՞ք նրանց անգործության հետեւանք չէ նաեւ, որ ունենք այս պատկերը:

-Կրկնում եմ՝ Մինսկի խումբը միայն միջնորդ է հանդիսանում, դա երկու երկների պատասխանատվությունն է՝ խաղաղության մասին պայմանավորվելու, ու երբ որ պատրաստ կլինեն, Մինսկի խումբը կկարողանա օգնել, օժանդակել, որ այդ պայմանավորվածությանը կարողանան հասնել: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի երկրները ոչինչ չեն անում: Անցած տարի երեք երկրներն էլ ջանացին, որպեսզի  բարձր մակարդակի հանդիպումներ կայանան: Այնպես որ իրենք իրենց ջանքերը գործադրում են, որպեսզի այս հարցն առաջ տարվի:

-Ակնհայտ է, որ ագրեսորն Ադրբեջանն է. զորավարժությունների ժամանակ ուղղաթիռ են պայթեցնում, կրակում են խաղաղ բնակիչներին, անգամ ավանակին սպանեցին: Երեկ էլ Ներքին Կարմիրաղբյուրի բնակչի տան ուղղությամբ են կրակել եւ մահացու վիրավորել գյուղացուն: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանն ագրեսիվացել:

-Այս հարցը ինձ չպետք է ուղղեք: Ես ինչպես կարող եմ ասել, թե ինչու է Ադրբեջանն այդպես վարվում: Չեմ կարող ասել:

-Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորականի կողմից քնած ընտանիքի 7 անդամների սպանությունից հետո առավել ակտիվացան Հայաստանում եւ Ռուսաստանում խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է ռազմաբազան հեռացնել: Եթե այդպես լինի, եւ Հայաստանը դիմի ՆԱՏՕ-ին՝ ռուսական ռազմաբազայի փոխարեն նրա խաղաղապահ ուժերը Հայաստանում տեղակայելու համար, կաջակցի՞ արդյոք ՆԱՏՕ-ն:

-Իրականում չեմ կարծում, որ այդպիսի բան կլինի: Նաեւ թույլ տվեք ասել, որ իմ խորին ցավակցություններն եմ հայտնում ընտանիքի անդամներին, բարեկամներին հարազատներին: Պետք է նշեմ՝ նաեւ չեմ կարծում, որ այս փոքրիկ միջադեպը կկարողանա ազդել Հայաստանի եւ Ռուսաստանի հետագա հարաբերությունների վրա: Կարծում եմ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ձեւեր կգտնեն այս հարցը կարգավորելու եւ համատեղ աշխատելու համար:

-Քաղաքական դաշտում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումները ցանկանում է իրականացնել, քանի որ եվրոպական որոշ երկրների ներկայացուցիչներին այդ առնչությամբ խոստումներ է տվել: Պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ին հայտարարեց ԵՏՄ մտնելու մասին, այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց ՍԴ բարեփոխումների հայեցակարգը սկսվեց մշակվել: Ի՞նչ կասեք այս մասին:

-Հայաստանի նման երիտասարդ երկրի համար շատ նորմալ է, որ Սահմանադրությունը ժամանակ առ ժամանակ փոփոխության է ենթարկվում: Ուստի չեմ կարծում, որ ճիշտ է Ձեր կամ վերլուծաբանների եզրահանգումը, թե դա արվում է Եվրոպային ինչ-որ բան ցույց տալու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին