▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանը դեպքից հետո նախընտրել է մեկնել երկրից ու որոշ ժամանակ «շառից-փորձանքից» իրեն հեռու պահել

«Իրավունք» թերթը գրում է. «Սեւ ամպեր են կուտակվում ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» գլխին: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են լուրեր, թե «Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վերջինիս եւ Նիկոլ Փաշինյանի քավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջեւ ծեծկռտուք է եղել: Ղալումյանն անգամ հիշել է Հայկ Սարգսյանի հորը՝ Զարեհ Սարգսյանին, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունում ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ. 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետն է եղել, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարը, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենը, ապա աշխատանքից հեռացվել է, քանի որ իր հասցեին այն ժամանակ մեղադրանքներ էին հնչում չարաշահումների եւ պետական միջոցների յուրացման հետ կապված:

Ինչու «բանը հասավ դիվան բաշուն», տավուշցիները վստահ են, որ գիտեն պատասխանը: Պարզվում է, որ Հայկ Սարգսյանը քիթը մտցրել է այնտեղ, որտեղ բոլորովին պետք չէր:  Նա բարձրաձայնել է Տավուշում առկա ապօրինի անտառահատումների մասին եւ շեշտել, որ այստեղ կոռուպցիոն սխեմա է տեսնում. անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական գործընթաց սկսել, բացահայտել ու պատժել բոլորին, ովքեր մեղավոր են, եթե անգամ լինի նախարար ու մարզպետ:

Սակայն, ի զարմանս ՔՊ-ականների՝ Նիկոլ Փաշինյանն, ով ժամանակին հայտարարում էր, թե «բացառված է, որ լինի որեւէ կոռուպցիոն դեպք, որը պատշաճ մակարդակով քննության չառնվի», հանկարծ ջղաձգվել է այս պատմությունից: Իսկ ուշագրավն այն է, որ ՔՊ-ականները զարմացել են, իսկ տավուշցիները՝ ոչ: Ասում են, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարզում անտառահատումների գրեթե մենաշնորհը տարիներ շարունակ եղել է Ղալումյանների հոր՝ ձյաձ Վալոդի եւ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբոր՝ Արտակ Փաշինյանի ձեռքում, հետեւապես Հայկ Սարգսյանի «դիվերսիան» անհարմար վիճակ է ստեղծել ե՛ւ մարզպետ Ղալումյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի համար:

Միթե այս մասին չգիտեր Հայկ Սարգսյանը, դժվար է ասել, իսկ գուցե գիտեր ու հենց հատո՞ւկ է արել՝ փորձելով ինքն էլ տարանջատվել նիկոլականներից, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, մեր տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը դեպքից հետո նախընտրել է մեկնել երկրից, հեռախոսն անջատել ու որոշ ժամանակ «շառից-փորձանքից» իրեն հեռու պահել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին