ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչությունը Երևանի և մի շարք մարզերի նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում ստուգումներ է իրականացրել: Արձանագրվել են օրենսդրական խախտումներ, վատ է նաև կրթության որակի վիճակը:
«Ստեղծեցինք առարկայական հանձնաժողով և կրթության որակն ուսումնասիրելու համար որոշեցինք ուսումնասիրություններ կատարել Երևանի, Արագածոտնի, Արմավիր, Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի դպրոցներում: Ընտրվեցին հետևյալ առարկաները. Հայոց լեզու, հայոց պատմություն, ռուսերեն, մաթեմատիկա: Հայոց լեզվի մակարդակը սկզբում որոշեցինք ստուգել թեստերի միջոցով, հետո նախընտրեցինք թելադրությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով` դժգոհություն է եղել թելադրության համար: Իսկ արդյունքը ապշեցուցիչ է եղել.
«Թեստային աշխատանքից 4-ից ցածր գնահատական ստացան 8 տոկոսը, թելադրության պարագայում` 36 տոկոսը: Դասարաններ կային, որ 60 տոկոսն անբավարար ստացավ»,-տեղեկացրեց ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետը:
Նա նշում է` հատկապես ավագ դպրոցներում պատկերը ցավալի է:
Ինչ վերաբերում է դպրոց հաճախելիությանը, Արամ Կարապետյանը նկատեց.
«Դպրոցը միայն գիտելիք տալու տեղ չէ: Պետությունն ասում է` ինձ ոչ թե պատմաբան, քիմիկոս կամ ֆիզիկոս տուր, այլ դաստիարակված մարդ: Երեխան դպրոց չգալով չի դաստիարակվում»:
Անի Կարապետյան