Տեղեկացրել էինք, որ Հանրապետության դպրոցներում կներդրվի ազգային երգ ու պար առարկան: Այն փորձնական կդասավանդվի 10 դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին, կտևի 1.5 ժամ: 10 դպրոցներից մեկը Աբովյանում է, մյուսը` Արմավիրում, մնացածը` Երևանում:
Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ողջունեց այս որոշումը` նշելով.
«Մեր խնդիրը գալիս է մանկապարտեզից: Այստեղ է, որ պետք է ուշադրություն դարձնենք երեխաների մշակութային դաստիարակությանը: Երեխային երբ սովորեցնես մաքուր հայկական երգ ու պար, ոչ թե պորտապար ու ցածրորակ երգեր, սա կնպաստի, որ երեխան մեծանա ու չխուսափի բանակից»:
«Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը, նույնպես ողջունեց գաղափարը` նկատելով. ավելի վաղ պետք է սկսել պար դասավանդել, ոչ թե 5-րդ դասարանից.
«Արևմտյան Հայաստանում էինք, տեսանք, որ այնտեղի քուրդ երեխաները, որոնք դեռ դպրոց չէին գնում կամ 1-ին, 2-րդ դասարան էին, ինչպես էին պարում: Պարը գիտակցելու, պարի շարժումներն ընկալելու բոլոր տեխնիկան յուրացրել էին»,-ասաց «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը:
Նրա խոսքով` անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնց պետք է փնտրել ու գտնել:
«Հակառակ դեպքում գտնում են մեկին, որպեսզի ժամ ավելացնեն, իսկ մշակույթի պահպանման կարևոր այս ռազմավարության շարունակությունը պետք է ճիշտ արվի»,-հավելեց Սարգիս Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է առարկան դասավանդել պատրաստվող, այն է` երգի ուսուցիչներին, Արսեն Գրիգորյանը սրա հետ համաձայն չէ.
«Կան նվիրյալներ: Մեր բոլոր ազգագրական խմբերը, որոնք հասնում են 20-ի, նրանց յուրաքանչյուր անդամ պոտենցիալ ուսուցանող կարող է լինել»,-ասաց նա:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև`Ազգագրական երգի, պարի փառատոն` Երևանում