▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան մարդիկ, որ սպասում են հերթական ձախողմանդ, որ ևս մեկ-երկու տարի հանգիստ ապրեն...

Life.panorama.am զրուցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է:

-Այս տարի առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձաք: Շնորհավորում եմ:

-Շնորհակալ եմ: Երբ լավագույն մարզավիճակում եմ լինում, գոտեմարտում եմ հենց այնպես, ինչպես աշխարհի այս առաջնության ընթացքում: Գոտեմարտն անթերի էր, հակառակորդներից ոչ-ոքի տեխնիկական միավոր չեմ զիջել: Հինգ գոտեմարտի ընթացքում վաստակել եմ 35-ից ավել միավոր, ինչով յուրաքանչյուր ըմբիշ կհպարտանար:

-Չորս տարի առաջ և մեզ, և Ձեզ համար ցավալի էր՝ այդքան մոտ լինել և չնվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Արդյո՞ք դա հոգեբանական պատնեշ էր առաջացրել, որն այս անգամ հաղթահարեցիք:

-Շատ ճիշտ նշեցիք, 2010 թվականի պարտությունս, երևի թե, իմ ամբողջ կարիերայի ընթացքում ամենացավալին էր ինձ համար: Ասել, որ դրանից հետո ինձ մոտ հոգեբանական բարդույթ էր առաջացել, կդժվարանամ: Բայց նշեմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ինձ ցավ պատճառել, տհաճ պահեր ստեղծել ինձ համար, բավական էր իմ ներկայությամբ մի ակնարկով հիշեին այդ գոտեմարտը, և ես 1-2 ժամ տրամադրության անկում էի ունենում: 2010 թվականի առաջնությունից հետո երբ տուն եկա, գիշերը չկարողացա քնել: 3 ժամ անընդմեջ նույն գոտեմարտն եմ նայել: Դրանից հետո այլևս խուսափում էի նայել, բայց մի դեպք պատմեմ, որը քչերը գիտեն. հետաքրքիր բան տեղի ունեցավ հենց այս աշխարհի առաջնությունից առաջ. Թռիչքից ժամեր առաջ որոշեցի՝ պետք է նստեմ ու սառնասրտորեն, մասնագետի աչքերով այդ գոտեմարտը նայեմ: Այդպես էլ արեցի ու որոշեցի փակել այդ էջն ու նոր սպասելիքներով մեկնել: Ազգությամբ գերմանացի ընկերներիցս մեկը շատ լավ խորհուրդ տվեց: Ասաց. «Դու մի գնա գոտեմարտելու այնպես, որ պետք է աշխարհի չեմպիոն դառնաս: Գոտեմարտիր այնպես, ինչպես կարող ես: Հաճույք ստացիր գոտեմարտից, մնացած ամեն բան փայլուն կլինի»:

-Արդեն իսկ նախատրամադրվում ե՞ք օլիմպիական չեմպիոն դառնալուն:

-Ես դրան նախատրամադրվել եմ 1999 թվականից, երբ առաջին անգամ մարզադպրոց եմ ոտք դրել (ժպտում է): Փառք Աստծո, կարողացել եմ Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ դառնալ, մնացել է օլիմպիականը: Հուսամ, որ կստացվի…

-Դուք հուսացեք ու աշխատեք, իսկ մենք հավատում ենք… Չեմպիոնական տիտղոսն ի՞նչ փոխեց Արսեն մարդու, քաղաքացու կյանքում:

 -Այժմ չափազանց մեծ հանգստություն եմ ձեռք բերել, որը չունեի 2010 թ.-ից մինչև այս: Այդ պահը ծանր քարի պես մնացել էր ուսերիս: Հիմա, երբ ծանր աշխատանքի ու դժվարության շնորհիվ արդեն ձեռք եմ բերել այդ ոսկե մեդալը, բացարձակ հանգստություն եմ զգում: Իմ ուղղին փաստորեն ճիշտ էր ընտրված և յուրաքանչյուր պարտություն իրականում ինձ ավելի մոտեցրեց ոսկե մեդալին: Դա ապացուցում է, որ աշխատանքն ու յուրաքանչյուր պարտությունից հետո եզրակացությունները ճիշտ էին արվել: Քիչ չէին չկամեցողները, վատաբանողները, ովքեր նշում էին, որ Արսենը հոգեբանական բարդույթ ունի և չի կարող ոսկին նվաճել: Անձամբ ես մեկ վայրկյան էլ չեմ մտածել, միշտ վստահ եմ եղել, որ նվաճելու եմ և ուրախ եմ, որ ապացուցեցի:

-Չեմպիոն դառնալուց հետո շփվե՞լ եք Ձեր ամենասկզբունքային մրցակցի՝ Ռոման Վլասովի հետ:

-Այո, նա հենց մյուս օրը ինձ մոտեցավ, շնորհավորեց: Մոտ 2-3 րոպե խոսեցինք, ոչ ավել, քանի որ որոշ չափով կոմպլեքսավորված էր: Հավանաբար, պատճառն այն էր, որ բացառությամբ այս աշխարհի առաջնության՝ նախորդ մեկ-երկու գոտեմարտերի ժամանակ, մեղմ ասած, դատավորությունն այնքան էլ օբյեկտիվ չէր, երևի ինչ-որ տեղ ամաչում էր դրանից: Ուղղակի նշեց, որ վաղուց էի արժանի այս ոսկե մեդալին և միմյանց հաջողություն մաղթեցինք:

 

-Նրանից բացի, ո՞ւմ եք համարում Ձեր գլխավոր մրցակիցը:

-Գիտեք, դժվար է ասել, իմ քաշային կարգում մրցակցությունը մեծ է: 8-10 մարզիկ նույն մակարդակի են… Խորվաթ մարզիկը, ադրբեջանցին, վրացին: Այս երեքն էլ իմ հիմնական հակառակորդներն են: Մի նրբություն նշեմ՝ կապված ադրբեջանցի մարզիկի հետ. Որոշ մարդիկ կարող է կարծեն, թե թույլ է ադրբեջանցի մարզիկը: Բայց պետք է հավատացնեմ, որ իրականում շատ ուժեղ ու վտանգավոր մրցակից է: Պարզապես ինձ հետ այդ մարզիկը գոտեմարտել չի կարողանում և միշտ մեծ հաշվով եմ հաղթում…

-Հավանաբար, հոգեբանական բարդույթը իր մոտ ուժեղ է:

-Հնարավոր է, որ նման բան կա: Ի տարբերություն այն բանի, որ մեր հավաքականում ամեն ինչ շատ հանգիստ է և մենք հոգեբանական ճնշման խնդիր չունենք, կարծում եմ, Ադրբեջանում հակառակն է, երբ հայի հետ են հանդիպում: Կա պարտադրանք, լրացուցիչ պարգևներ… Պարտավորեցնող բաներ շատ կան, որոնք խանգարում են վերջնական արդյունքին:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին