▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես «ատամներն» առանց «Վիտամինի», այնպես էլ «Վիտամինը» առանց 32-ի` այն չէ.Կարեն Բաբաջանյան

Դիտեք նաև՝

Տարիներ շարունակ յուրաքանչյուր կիրակի մարդկանց ժպիտ պարգևող նախագծերից մեկը և առաջինը իր ձևաչափում՝ «32 ատամ» ակումբը, այլևս անցյալում է: Սակայն ակումբի տղաները բոլոր այն մարդկանց, ովքեր միանշամակ չէին վերաբերում իրենց հումորին,ցույց տվեցին, որ «32 ատամ» ակումբով չէ, որ ամեն ինչ վերջանում է: Գրեթե մեկ տարի է, ինչ իր դռներն է բացել «Թատրոն 32»-ը և ըստ տղաների` սա իրենց կյանքի կարևոր էտապներից մեկն է: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «32 ատամ» ակումբի պրոդյուսեր, այժմ «Թատրոն 32»-ի գեղ. ղեկավար և ռեժիսոր, դերասան և հումորիստ Կարեն Բաբաջանյանի հետ «Արմենիա» հեռուստաընկերությունից դուրս գալու, «Թատրոն 32»-ի հաջողությունների, իրենց ներկայիս գործունեությունը հանրային չդարձնելու, հումորային նախագծերի կողքին իրենց պարտված չզգալու և Արամ MP3-ի եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի վերաբերյալ իր կարծիքի մասին:

Որոշ ժամանակ առաջ ողջ համացանցը ողողված էր այն նորություններով, որ 32 ատամ ակումբը  Արմենիա հեռուստաընկերությունից տեղափոխվում է Հանրային հեռուստաընկերություն: Դուք՝  որպես ակումբի հիմնադիր, պրոդյուսեր բազմիցս հերքել եք այդ տեղեկությունները: Սակայն այսօր փաստ է այն, որ մարդկանց հումոր պարգևող սակավաթիվ նախագծերից մեկը՝ «32 ատամը», այլևս եթերում չէ: Հետաքրքիր է՝  ո՞րն է իրական պատճառը:

Ցավոք, մեզ մինչև այսօր ասոցացնում են «32ատամ» հաղորդման հետ: Ինչու եմ ասում ցավոք, որովհետև արդեն մեկ տարի է, որ  դա պետք է այդպես չլիներ՝ չնայած որ արդեն շատ-շատ տեղերում մեզ ասոցացնում են նաև թատրոնի հետ: Այսինքն՝ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է ընկալեն, որ «32 պրոդաքշնը», «Թատրոն 32»-ը դա «32 ատամ» հաղորդման հեղինակների, կազմակերպիչների խումբն է, որը կարող է նաև ուրիշ բան անել: Մենք արտադրող ենք, ովքեր հիմա զբաղվում են «Հայադարան» հաղորդումով, որը «32 ատամի» հետ ընդհանուր ոչ մի կապ չունի: Մենք ոչ մի կոնֆլիկտ չունենք «Արմենիա» հեռուտաընկերության հետ, այսօր մեր թատրոնի գովազդները հեռարձակվում են հենց այդ հեռուստատեսությամբ:

Չնայած որ դուք նշում եք, որ «Արմենիա» հեռուստաընկերության հետ տարաձայնություններ չի եղել, բայց, այնուամենայնիվ, այսօր չկա նաև այլ նախագիծ ձեր կողմից իրականացված: Վերջ ի վերջո, թեկուզ առանց տարաձայնության, ով  ումի՞ց հրաժարվեց: Դուք հեռուստատեսությունից, թե՞ հակառակը:

Գալիս է մի ժամանակ, երբ ցանկացած ձևաչափի հաղորդում կարիք է ունենում վերարտադրման, վերափոխման, և բացառություն չէր նաև «32 ատամ» ակումբը: Իմ կարծիքով, «32 ատամի» այն ձևափաչը, որը մենք 2006թ-ին դրել էինք, այլևս իրեն սպառել էր, և ես դեմ էի շարունակել դրա եթեր հեռարձակելը և միայն ես չէ, դա հանրային կարծիք էր: Իմ սեփական հետազոտությունը ցույց է տվել, որ այս ձևաչափով հաղորդումները այսօր քիչ չեն՝ գրեթե յոթ տարի եթեր է հեռարձակվել «32 ատամը», այս պահին եթերում է տղաների՝ մեր գործընկերների հաղորդումը, որը նույն ձևաչափում է: Այդպիսի հաղորդումները իրենց սպառել են և, բնականաբար, պետք էր ինչ-որ նոր հետաքրքիր բան անել, որի մասին շուտով հեռուստադիտողը կտեղեկանա:

Եթե համեմատություն անցկացնենք ձեր և «Վիտամին» ակումբի միջև, ապա պարզից էլ պարզ է, որ այսօր ակումբի տղաները, ի տարբերություն ձեզ, շարունակում են նույն ոգով աշխատել: Այստեղից կարելի է եզրակացություն անել, որ, ի տարբերություն այլ նախագծերի, այն դեռ չի սպառել իրեն և մարդկանց հետաքրքրո՞ւմ է:

Սպառելը ուրիշ բան է, եթերում հեռարձակվելը ուրիշ խնդիր է: Կարող է լինել այնպես, որ որևէ ձևաչափ իրեն սպառած լինի, բայց, այնուամենայնիվ, շարունակի իր գործունեությունը: Տղաները որոշել են շարունակել, նրանք այդպես են գտել ճիշտ և դա իրենց որոշումն է: Սակայն բոլոր առկա հումորային հաղորդումները իրենց սպառել են: Եվ ես համոզված եմ, որ «Վիտամին» ակումբի տղաներն էլ դա շատ լավ գիտեն և հենց դրա հետևանքն է, որ նրանք աշխատում են պարբերաբար հաղորդման մեջ որևէ նորություն մտցնել:

Շատ արվեստագետներ, մշակութային գործիչներ, իրենց մասնագիտությանն ու գործին գիտակ մարդիկ այսօր միանշանակ չեն վերաբերում Հայաստանում առկա հումորին և շատ հաճախ քննադատության են արժանացնում դա: 32 ատամը, չնայած իր վարկանիշին և մասսայականությանը, բացառություն չէր: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էին այդ ամենին հեռվից հետևում և վերաբերում հենց դրա «մեղավորները»: Արդյո՞ք ընդունում էիք առողջ քննադատությունը:

Շատ նորմալ էինք վերաբերում: Եթե, օրինակ, մատնանաշում էին անորակ հումորը, համաձայնվում էինք, սակայն նման դեպքեր շատ քիչ էին լինում: Դու չես կարող անել մի բան, կապ չունի, թե որ ոլորտում, որը կարժանանա հանրության բացարձակ վստահության: «32 ատամ» հաղորդումը այպես թե այնպես մեր պատմության մեջ մնում է առաջին ստենդափ ձևաչափով հաղորդումը, և երբ մենք նոր էինք սկսում մեր աշխատանքը շատ շատերն էին ցանկանում հիմնել նման հաղորդում, նույնիսկ փորձեր եղել էին, սակայն նրանք բոլորն էլ եկել էին այն եզրակացության, որ Հայաստանում հնարավոր չէ դա անել: Բայց մենք բոլորին ապացուցեցինք ճիշտ հակառակը: «32 ատամը» իր ժանրով եղել է առաջինը, վարկանիշային առումով եղել է շատ բարձր հորիզոնականում, ինչպես նաև շատ արագ սիրվել է հեռուստադիտողի  կողմից, ինչը շատ լուրջ, ծանր աշխատանքի, երկար տարիների արդյունքն է: Եվ, բնականաբար, այս գործընթացի  մեջ կլինեն մարդիկ, ովքեր չեն սիրի, կլինեն մարդիկ, ովքեր կվիրավորվեն, ովքեր կչարախոսեն, ովքեր կնախանձեն և կլինեն մարդիկ, ովքեր կանհանգստանան:

Երբ նախագիծը լքեցին տղաներից ոմանք, սկսեցին խոսակցություններ պտտվել, որ  «32 ատամն» այլևս այն չէ առանց նրանց և կարծես թե հենց իրենց էլ համարում էին նախագծի մեխը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Հասարակությունը ամեն բան ընկալում է այնպես, ինչպես որ իրեն տրված է: Ինչպես որ «Վիտամինը» առանց «32 ատամի» այն չէ, այնպես էլ «32 ատամը» այն չէր առանց տղաների: Ինձ թվում է՝ այս դեպքում սխալ է ասել, որ այս նախագծում ինչ-որ մեկը հանդիսանում է մեխը, որովհետև «32 ատամը», ի տարբերություն այլ հումորային նախագծերի,  հենց այն հաղորդումն էր, որտեղ առանձին անուններ չէին, այլ հենց ամբողջ 10 հոգին միասին:

Նախագծի վերջին շրջանում դուք անընդհատ ինչ-որ նորամուծություններ էիք անում՝ թե դերասանական խմբի և թե ձևաչափի հետ կապված: Երբ նախագծում իր էջով հայտնվեց տաղանդավոր դերասան Նարեկ Ներսիսյանը, կարծես թե «32 ատամը»  նոր թափ ստացավ: Կանխատեսե՞լ էիք նման հաջողությունը: Դա լավ իմաստով խորամանկությո՞ւն էր ձեր կողմից արված, թե՞ ուղղակի պատահականություն:

Մենք Նարեկին շատ վաղուց է, ինչ ճանաչում էինք: Նարեկը շատ հետաքրքիր ճանապարհ անցավ այստեղ: Երբ անհատը ունենում է տաղանդ, անպայման պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա կարողանա այդ ամենը ցուցադրի: Նարեկը, կարծում եմ, շատ ճիշտ ժամանակին հայտնվեց մեր նախագծում, և մենք էլ ամեն ինչ արեցինք, որ նա ճիշտ ներկայանա հանրությանը, ինպես նաև մենք էլ օգտվեցինք այդ ամենից:

Վերջ ի վերջո, արդյո՞ք հանրությունը հնարավորություն կունենա տեսնել ակումբին վերամիավորված և նոր լիցքերով ու նորություններով իր գործունեությունը շարունակելիս և եթե այո, արդյո՞ք դա յոթ սարի հետևում չի:

Մենք հիմա ունենք տարբեր նախագծեր և միանգամից զբաղվել այդ ամենով ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ: Նույնիսկ նախագծեր էլ կան, որոնք մեր մտքում և սրտում կան, բայց հերթականությամբ դրանք գտնվում են հետին պլանում: Հիմա մեր առաջնային նախագծերից մի մասը հանրային է, իսկ մի մասը` ոչ: «32 պրոդաքշնը» ցանկացած ժամանակ կարող է նորից սկսել զբաղվել «32 ատամ» հաղորդումուվ, սակայն դեռ դրա ցանկությունը չկա:

Չնայած այն բանին, որ «32 ատամը» և «Վիտամին» ակումբի տղաներն արդեն վաղուց է, ինչ միասին չեն համագործակցում, սակայն մինչև այսօր ձեր միջև համեմատականներ են անցկացնում: Այսօր «32 ատամը» դադարեցրել է իր աշխատանքը՝ ի տարբերություն «Վիտամին ակումբի»: Հետաքրքիր է, հեռուստատեսությունից հեռանալուց մինչ այսօր երբևէ ձեզ պարտված զգացե՞լ եք:

Ոչ: Ես իմ կյանքում, Փառք Աստծո, երբեք չեմ պարտվել և նաև ունեմ ընկերներ, որոնք ևս երբեք իրենց պարտված չեն զգացել: Մեր ճանապարհը և նպատակներն այլ են: Պարտվելը դա եթերում չլինելը չէ: Այս կյանքում շատ ավելի կարևոր և նշանակություն ունեցող երևույթներ կան: Իմ կյանքը դա «32 ատամը» չէ:

Մարդկանց մոտ մեծ զարմանք առաջացրեց նաև «Թատրոն 32»-ը, որտեղ դուք ներկայանում էիք նորովի, ինչն էլ արժանացավ շատերի հավանությանը, նույնիսկ այն մարդկանց, ովքեր թերահավատորեն էին վերաբերում այդ ամենին: Հնարավո՞ր է, որ դա նաև արվեց ձեր հասցեին հնչող քննադատությունները սակավաթիվ դարձնելու և որոշ մարդկանց ապացուցելու, որ դուք կարող եք մատուցել նաև այլ որակի աշխատանք: Գուցե՞ դա յուրօրինակ հակահարված էր այդ մարդկանց:

Միգուցե մարդկանց մոտ դա այդպես ընկալվի, սակայն ինձ և ընկերներիս համար որևէ մեկին ինչ-որ մի գործ անելով բան ապացուցելը գործելաոճ և ապրելակերպ չէ: Պարույր Սևակի ընտրությունը արվեց նրա համար, որպեսզի մարդիկ ընկալեն, որ սա կոնկրետ հումորային ուղղվածության թատրոն չէ, սա բաց թատրոն է: «Թատրոն 32»-ը ներկայումս մեր նպատակն է, մեր կյանքի էտապներից մեկը և հետևաբար այդ անցումը՝ «32 ատամից» դեպի «32 թատրոն», մարդկանց մոտ մինչ այսօր զարմանք է առաջացնում: Փորձն արդեն ցույց է տվել, որ մոտ մեկ տարի է, ինչ Պարույր Սևակ ներկայացումը կա, այսօր արդեն մանկական ներկայացումը նույնպես: Սա ցույց տվեց, որ նոր ծնված Հայաստանում կա նոր ծնված թատրոն: Մարդկանց խորհուրդ կտամ նայել նաև «Հայադարան» հաղորդումը, որից հետո նրանք կտեսնեն, թե մենք ստեղծագործական որ փուլում ենք գտնվում: Բնականաբար, այդ ամենի համար ահռելի աշխատանք է տարվում, որի դիմաց մենք ստանում ենք բազմաթիվ մարդկանց կողմից գովեստի խոսքեր:

Արդյո՞ք ռիսկային չէիք համարում  այդ ամենը: Վախ չկա՞ր, որ հաջողության փոխարեն  ձեզ կայցելի անհաջողությունը, քանի որ դուք այստեղ գործ ունեիք հանճարի և նրա գրչով գրված հանճարեղ բանաստեղծությունների հետ:

Իհարկե վախ կար: Եվ երևի թե այսպիսի խոսք էլ կլինի, եթե անգամ չկա, ապա երևի թե հենց ինձ մոտ ծնվեց, որ հանճարեղ գործերը պարտավոր ես ներկայացնել հանճարեղ, որովհետև եթե դա արվի իմիջիայլոց, ապա առաջինը հենց ինքդ քեզ վնաս կտաս: Փառք Աստծո, մեզ մոտ դա ստացվեց, որովհետև մարդիկ, երբ անգամ չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում թատրոն, գալիս են մեզ  մոտ և հասկանում են դրա իմաստը, երկրորդն էլ ընդունում են, որ Երևան քաղաքում նման բան կարող է լինել:

Ձեր խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ դուք, ինչպես նշեցիք, ձեր գործը հանճարեղ եք անում:

Ես այդ ձևակերպումը տվեցի այն իմաստով, որ մենք պարտավոր ենք, իսկ թե ինչքանով է դա մեզ մոտ հաջողվում, թող մարդիկ ասեն: Սակայն պետք է նշեմ, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ ինձ մոտեցել են՝ շնորհակալություն հայտնելով ներկայացման հանճարեղ լուծումների համար:

Ձեր առաջին գեղ. ֆիլմի փորձը Հայոց բանակի 20-ամյակին էր նվիրված: Ինչ խոսք, նշված փաստը պահանջում էր ոչ միայն համարձակություն, այլ նաև պատասխանատվություն ինքդ ձեր առջև: Ֆիլմից հետո կարծիքները կիսված էին, գովեստների և շնորհավորանքների կողքին հետ չմնացին նաև դժգոհություններն ու քննադատությունները: Հիմա, երբ անցել է բավականին ժամանակ, ի՞նչ եք կարծում, որոնք էին քննադատության պատճառները և գուցե՞ սուր քննադատություններն էին, որ կոտրեցին Կարեն Բաբաջանյանին, քանի որ ձեր երկրպագուները «Ես եմ» -ից հետո սպասում էին ձեր նոր ֆիլմերին:

Ես չեմ հիշում, որ ֆիլմն արժանացած լինի քննադատությունների: Ֆիմերը մեր ուղղություններից մեկն է, և շատ շուտով հեռուստադիտողը հեռուստաէկրաններին կտեսնի միմյանցից շատ տարբեր ֆիլմեր: «Ես եմ»-ը մեր առաջին ֆիլմն էր և, իմիջիայլոց, ոչ կոմերցիոն: Ես ուզում եմ ասել, որ առաջին փորձի համար մենք նկարահանել ենք արդար ֆիլմ, որը դեռ երկար կմնա էկրաններին: Վերջապես, պետք է ընդունել, որ մեր իրականության մեջ համախմբվելը և ինչ-որ մի գործ անելը, դա արդեն իսկ հերոսություն է:
 

Իսկ ի՞նչ քայլեր եք անում ներկայիս ձեր գործունեությունն ավելի հանրային դարձնելու համար:

Շատ հեռուստաընկերությունների եթերում մեր թատրոնի գովազդն է ցուցադրվում, ամեն ամիս 3000-ից 4000 մարդ է դուրս գալիս մեր թատրոնից, և այսօր քաղաքում բավական մարդիկ գիտեն մեր մասին: Բնականաբար, եթե մենք ինչ-որ սկանդալային քայլ անեինք դա ավելի շուտ հանրային կդառնար: Այն, ինչ մենք անում էինք նախկինում, և այն, ինչով մենք հիմա ենք զբաղվում իրենց ձևաչափերով միանգամայն տարբեր բաներ են: Մարդուն կրթելը շատ ավելի դժվար է, քան նրան ծիծաղեցնելը: Իսկ մենք հիմա դրանով ենք զբաղված:

Այս տարի Արամ MP3-ն Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում: Դուք որպես նրա նախկին գործընկեր՝ ի՞նչ կմաղթեք մեր հայաստանյան մասնակցին և կխնդրեի նշել ձեր կարծիքը նաև երգի վերաբերյալ:

Արամին ճանաչում եմ շատ վաղուց: Նրա ներկայիս կարգավիճակը և մասնակցությունը Եվրատեսիլին մեր վաղեմի երազանքն է եղել: Ինքներս էլ այդ ուղղությամբ ժամանակին քայլեր ենք արել, ինչի արդյունքն էլ, կարծում եմ, արդեն տեսանելի է: Արամը բարձր հորիզոնականներ զաբղեցնելու բոլոր հնարավորություններն ունի: Ինչ վերաբերում է երգին, ապա ասեմ, որ այն կամ հաջողություն չի ունենալու կամ ունենալու է շատ մեծ հաջողություն: Այս պահին չեմ կարող զուգահեռներ անցկացնել, որովհետև մինչ այս Հայաստանը նման ոճի երգով չի ներկայացել: Ամեն դեպքում, հակված եմ նրան, որ հաջողություն անպայման լինելու է:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին