ԿԳՄՍՆ-ն չի արգելել ՌԴ-ից Հայաստան ուղարկված շուրջ 50 000 ռուսերեն լեզվով դասագրքերը, այլ ուղարկել է այն փորձաքննության, ինչպես և նախատեսում է ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն ցանկացած ուսումնական նյութ, դասագիրք, ձեռնարկ, որը կիրառվում է դպրոցում։ Այս մասին «24Նյուզ»-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցումը, հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։
«Այս պարագայում խոսքը ռուսերենով ուսուցում նախատեսված ավելի քան 30 անուն դասագրքերի մասին է։ Խոսքը ոչ թե միայն ռուսերեն առարկայի մասին է, այլ, որպես օրինակ՝ մաթեմատիկա, քիմա, կենսաբանություն և հարակից այն առարկաների, որոնք ռուսերենով երեխաները սովորում են»,- պարզաբանում են նախարարությունից, նշելով, որ այդ փորձաքննությունն իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը։
Նախարարությունից պնդում են, որ բոլոր գրքերն են անցնում այն ընթացակարգը, որոնք նախատեսված են դասավանդման համար․ «Մենք ունենք ավելի քան 40 դպրոց, որտեղ ռուսերենով ուսուցում է իրականացվում, սակայն կրթական պահանջները, ստանդարտները նույնն են, ինչի համար էլ փորձաքննություն է իրականացվում: Եվ քանի որ հանրակրթության նոր չափորոշիչը, ինչպես գիտեք, 2 տարի առաջ Տավուշի մարզում է ներդրվել, իսկ այս տարվանից արդեն հանրակրության բոլոր դպրոցներում` փուլային տարբերակով 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, բնականաբար, այդ մուտք գործող դասագրքերն էլ պետք է համապատասխանեն չափորոշիչներին, անկախ նրանից, թե որն է ուսուցման լեզուն` հայերե՞նը, թե՞ ռուսերենը»:
Նախարարությունից վստահաբար ասում են՝ արգելելու մասին խոսք չի եղել: