▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչն է, որ չեն գրում Չարենցի մասին». Վահրամ Մարտիրոսյան

Հայ գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչն է, որ չեն գրում Չարենցի մասին։ 1936 թվականին արդեն պետք չէր գնդակահարել Չարենցին, բավական էր նրան չբուժել։
Չարենցը մորֆի էր օգտագործում առնվազն 1929 թ-ից, երբ վիրահատվեց Լենինգրադում և տեսավ թմրանյութի կախարդական ազդեցությունը։ Նա սուր ցավ էր ձևացնում հիվանդանոցում, որպեսզի բուժքույրերը գթան ու լրացուցիչ սրվակ ներարկեն, և նրանք գալիս - սրսկում էին։
Հիվանդանոցից հետո արդեն ինքն էր հայթայթում մորֆին, որը նրան մոռացնել էր տալիս տառապանքը՝ իրեն մեղավոր էր համարում Արփիկի մահվան համար (Արփենիկ Տեր-Աստվածատրյան, ծնվ. 1899 թ., Չարենցի առաջին կինը) արտարգանդային հղիությունից, 1927 թ. հունվարի 2-ին։ Ճիշտ է, մեղավոր էր կողմնակի կերպով։ Սիրահարվել էր մի աղջնակի՝ Մարիաննա Այվազյանին, 1926-ին, երբ Արփիկը Լենինգրադ էր մեկնել սովորելու, ամուսնության առաջարկ էր արել, փողոցում, հարբած, հետո կրակել հեղափոխական բանաստեղծի իր ատրճանակից ու թեթևակի վիրավորել։ Բակունցը կողքին էր, փրկեց Չարենցին ինքնադատաստանից, բայց նա հայտնվեց Ուղղիչ տանը։ Արփիկը վերադարձավ Լենինգրադից՝ ուսումը կիսատ թողած, եկավ այցելության Ուղղիչ տուն… Երբ նրան վիրահատում էին, Չարենցը հոգեբուժարանում էր, ուր բարեկամների միջնորդությամբ նրան տեղափոխել էին բանտից, շուտ կալանքից ազատելու համար։
Բայց արժանահավատ է թվում մեկ այլ վարկած ևս։ 1915 թ-ին Չարենցը համառել էր այնքան, որ իրեն` որպես մարտիկի, տարել էին ռազմաճակատ՝ հայկական կամավորական գնդի կազմում։ 18-ամյա Չարենցին սկզբում չէին ընդունել կարճ հասակի պատճառով, միայն` որպես սանիտար. սվինավոր հրացանը իրենից բարձր էր։ «Դանթեական առասպել» պոեմում (1916) նկարագրված մղձավանջը բավական է, որ մարդը դա դարմանելու դեղ փնտրեր, իսկ ռուսական բանակի խրամատներում մորֆին թափված էր՝ ցավազրկելու համար վիրավորներին, մինչև բժշկի մոտ կհասնեին։
Աղասի Խանջյանը, որ Հայաստանի ղեկավարն էր, կարողացել էր 1935-ին Ստալինի համաձայնությունը պոկել, որ Չարենցին ուղարկեն Փարիզ, որտեղ բացվել էր աշխարհի առաջին կլինիկան, որը բուժում էր մորֆինիզմը վերջին՝ III ու IV փուլերում։ Չարենցն արդեն ստացել էր արտասահմանյան անձնագիրը, սպասում էր ֆրանսիական ֆրանկներին, որ մեկնի, բայց 1936-ի հուլիսին Լավրենտի Բերիան՝ Անդրկովկասյան ֆեդերացիայի ղեկավարը իր առանձնասենյակում սպանեց Խանջյանին (որին Չարենցը կոչում էր «նաիրյան Դոֆին»), և նրա ուղևորությունը խափանվեց։
Չարենցին բանտարկեցին ավելի ուշ, քան Բակունցին, Գուրգեն Մահարուն։ Նախ՝ նրա հռչակի պատճառով։ Նա 30 տարեկանից գրականության դասագրքերում էր։ Ապա, ինչպես արդեն գրեցի՝ հույս ունեին, թե հյուծված մարմինը չի դիմանա, թե մորֆի չի հայթայթի։ Բայց 1936-ին հայրենիք էր վերադարձել Ավետիք Իսահակյանը՝ հայկական գաղութային կյանքից տանջահար։ Նա եզակիներից էր, որ համարձակվում էր հանդիպել Չարենցին, անգամ նրան մորֆի էր հասցնում։ 1937 թվականի մարտին Հայաստանի գրողների միության վարչության նիստին Ազատ Վշտունին բողոքում է՝ բավական չէ, որ Չարենցը ազատ շրջում է, երբ իր գլխավորած հակահեղափոխական խմբակի անդամները նստած են, դեռ մի բան էլ կան մարդիկ, որոնք նրան այցելում ու մորֆի են տանում։ Իսահակյանը չանտեսեց ակնարկը։ Չարենցը իմ ընկերն է, և նա հիվանդ է։ Ես ձեր՝ բոլշևիկներիդ նման չեմ, որ այսօր սրա հետ ընկերություն անեմ, վաղը՝ նրա, պետք է օգնեմ։ Անհավատալի կթվա Իսահակյանի խոսքը նրանց, ովքեր մի փոքր պատկերացում ունեն ստալինյան ահաբեկությունների շրջանի մասին, որ կիզակետն էր 1937-ը, բայց վարչության նիստի մեքենագիր արձանագրությունը կա, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում է, կարող եք գնալ-կարդալ։
Ի վերջո, Չարենցին բանտարկեցին։ Նա տնից դուրս էր գալիս հազվադեպ, բայց երբ դուրս էր գալիս, մարդիկ, որ վախենում էին նրան բարևել, ուղղակի կանգնում էին բոլորը, անգամ երթևեկությունն էր կանգ առնում։ Ժամանակակիցներից մեկը դա կոչել է լուռ օվացիա։
Բանտում երկար ժամանակ նա դրսի հետ կապ չուներ, բայց հետո… բոլշևիկյան բանտ՝ կալանավորներին դեռ համազգեստ չէին տալիս, թույլատրեցին հագուստները ինչ-որ հաճախականությամբ տուն ուղարկել՝ լվանալու: Դա հնարավորություն էր ինչ-որ բան տնեցիներին հաղորդելու...
1937-ին Չարենցին թույլ տվեցին, որ բանտից հագուստները ուղարկի տուն՝ լվանալու, քանի որ բոլշևիկյան բանտերում դեռ համազգեստ չէին տալիս կալանավորներին ու շորերը լվանալու ծառայություն էլ չէին մատուցում, բայց նամակ գրելը արգելված էր։ Չարենցը, այնուամենայնիվ, Իզաբելլային նամակ գրեց։ Ինչպե՞ս։
Կա քիմիական կոչվող մատիտ, որի գրածը չի երևում, մինչև չի հաղորդակցվում ջրին։ Դեռ տասնամյակներ հետո էլ վաճառվում էր սովետական գրախանութներում։ Չարենցը նամակը գրել էր ռուսերեն։ Հայ մեծագույն բանաստեղծի երկրորդ կինը, որ ծնվել էր Շամախիում, ապրել Մոսկվայում, հայերեն կարդալ չգիտեր՝ Չարենցը գրքերի գույներով էր խնդրում նրան գիրք բերել իր գրադարանից, երբ տանը հյուր էր ունենում։ Չարենցը իր սպիտակ շապիկին գրած ուղարկել էր նաև իր վերջին բանաստեղծությունը՝ նվիրված Ավետիք Իսահակյանին։
Բայց։ Ի՞նչ իմանար Իզաբելլան, որ Չարենցը իրեն նամակ է գրել։ Կարող էր գցել տաշտի մեջ, ուրիշ շորերի հետ, լեղակ լցնել՝ կապույտ գույնի կոշտեր, որոնք մաքրում էին ու թարմություն էին տալիս լվացքին, ու գրվածը կլուծվեր-կգնար։
Դա ինձ հայտնի չէ, բայց երբ գրում էի «Չարենց» 8-մասանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմի սցենարը, պետք է լուծում գտնեի, որ այդ վտանգը հաղթահարվեր։ (Ի դեպ, կինոյի ցանկացած տեսարանում պետք է ինչ-որ վտանգի հաղթահարում լինի, որպեսզի ֆիլմը նայվի, բայց՝ ոչ վատ գրիմով-միաչքանի-գրական-լեզվով-խոսող-գողաԳանի տեսքով, այլ անսպասելի, ամենատարբեր): Եվ ահա սցենարում, երբ Իզաբելլան, ուրիշ հայտնի հայ գրողների, գիտնականների կանանց հետ բանտի դռանը հերթ կանգնելուց հետո, բերում է Չարենցի շորերը, տանը նրա շապիկը սեղմում է դեմքին ու հեկեկում է։ Հուսահատությունից, որ իրենց տուն ոչ ոք չի գալիս, փողոցում իրեն չեն բարևում, որ իրեն էլ կարող է ձերբակալեն... ինչը տեղի ունեցավ մի փոքր ավելի ուշ, և, իհարկե՝ ամուսնու կարոտից... Հետո տանում գցում է շապիկը եռման ջրով տաշտի մեջ, մյուս շորերի հետ։ Րոպեները հերիք են, որ նամակը, որտեղ Չարենցի լավագույն բանաստեղծություններից մեկն է, ջնջվի առհավետ։ Բայց։ Երեխաները, որ 3 ու 5 տարեկան են, նկատում են մոր դեմքին տպված կապույտ տառեր՝ Իզաբելլայի արցունքներից շապիկին որոշ բառեր են երևակվել։ Նա մոտենում է հայելուն, տեսնում է իր դեմքին հայտնված բառերը, հասկանում է, որ շապիկից են դեմքին տպվել, ու վազում է դեպի լվացքի տաշտը... Փրկում է նամակը։ Հետո վազում է Իսահակյանենց տուն, որ հայերենը կարդան՝ քիչ տեղերից մեկը, որտեղ չէին վախենում իրեն ընդունել։
Սցենարի համապատասխան տեսարանը՝ առաջին մեկնաբանության մեջ, որտեղ մեջբերված են նամակները։
Հ.Գ. Նրանց համար, ովքեր ռուսերեն չեն կարդում։ Չարենցը նաև բանտից ուղարկած գաղտնագրված նամակով է խնդրել Իզաբելլային, որ իր ձեռագրերը հանձնի նկարչուհի Ռեգինա Ղազարյանին։ Ռեգինան այդ ժամանակ ընդամենը 22 տարեկան էր։ Չարենցը գրում է, որ հանկարծ Իսահակյանին չտա՝ նա, իհարկե, իր ձեռագիրը «օրգաններին» չի հանձնի, բայց կոչնչացնի, որ վտանգը չեզոքացնի։ Իսկ Ռեգինան պահեց ձեռագրերը համարյա 20 տարի»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին