▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է քննարկելու աննախադեպ և պատմական եպիսկոպոսական Ժողովը Մայր Աթոռում

Եվ այսպես. վաղը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր աշխատանքներն է սկսում Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց Ժողովը մասնակցությամբ Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռները ներկայացնող շուրջ յոթանասուն եպիսկոպոսների:

Եկեղեցականները այն անվանում են աննախադեպ և պատմական, քանի որ շուրջ վեց հարյուր տարվա ընդմիջումից հետո ժողովին մասնակցելու են ինչպես Էջմիածնական Աթոռի, այնպես էլ Անթիլիասի Աթոռի եպիսկոպոսները:

Երեկ ուշ երեկոյան Մայր Աթոռ ժամանեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Ժողովին մասնակցելու է լինելու նաև Կ. Պոլսի հայոց Պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ինչպես և սպասելի էր ժողովին չի մասնակցի Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը և թերևս Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ովքեր այս անցնող ամառ աչքի ընկան իրենց ակտիվ նամակագրությամբ ....

Արդարացի լինելու համար, եթե հիշենք թե Նորվան և թե Նուրհան արքեպիսկոպոսների նամակներն ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոսին, ուր նրանք իրենց մտահոգություններն էին հայտնում եկեղեցու կյանքում առկա տարբեր հարցերի վերաբերյալ, թերևս իրենք առաջինը պիտի ներկայանային և իրենց մտահոգությունները բարձրացնեին ժողովի ժամանակ, քանի որ այլ առիթ ու հարմար հարթակ դժվար թե ստեղծվեր նրանց համար բաց ճակատով ու մաքուր խղճով հանդես գալու, եթե միայն երկուսն էլ չեն նախընտրում լրատվական դաշտում անհարկի աղմկարարությունն ու ով իմանա ում ջրաղացին ջուր լցնելոը այդ աղմկարարությամբ: Ինչևէ: Վաղը կբացվի ժողովն ու քննության կառնվեն մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են օրինակ Մկրտության խորհրդի բարեփոխման հարցը, Հայ եկղեցում սրբադասման կարգի վերականգնումն ու Մեծ Եղեռնի զոհերի սրբադասումը որպես հավատքի նահատակներ;
Որպես կողքից դիտող կարելի է ասել, այս պահին Էջմիածնի համար բավական նուրբ իրավիճակ է ստեղծվել, քանի որ երկու հարցերն էլ կարևոր են և ունեն համաեկեղեցական ու համազգային նշանակություն, ինչպես նաև ողջ աշխարհի կրոնական մամուլի ուշադրության կենտրոնում են, քանի որ խոսքը վերաբերում է աշխարհի հնագույն և ամենապահպանողական ու ավանդական եկեղեցիներից մեկին, որ ցայսօր չի շեղվել Տիեզերական առաջին երեք ժողովներից և ոչ մի տառ:

Հետաքրքրական է, որ օրակարգային երկրորդ հարցն իր մեջ ունի նաև որոշակի պահանջատիրական քաղաքական ենթատեքստ և կրոնական հարթության վրա Հայ Եկեղեցին սկսում է իմաստավորել քաղաքական գործողությունը` Հայոց Ցեղասպանությունը:

Ինչ որ է. սպասենք ժողովի մասին լրատվական հաղորդագրություններին և հուսանք, որ ինչ ինչ ուժեր չեն փորձի կրկնել անցնող ամառվա իրենց քայլերն ու այլևայլ սադրանքներով չեն խաթարի Ժողովի բնականոն աշխատանքային ընթացքը:


<<Վերածնունդ Հայ Եկեղեցու>> նախաձեռնություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին