▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոյաբանության տռաֆարետները

Մեկ ամսական դարձած «Ժան Պոլ էքզիստենցյալ սրճարանն» արդեն իսկ  հաստատվել է երևանյան գեղարվեստա-ժամանցային միջավայրում և արդարացրել իր հավակնոտ անվանումը: «Ժան Պոլի» այցելուներն, անկախ տարիքից, այս կամ այն չափով ուշխորհրդահայ նիստուկացի կրողն են… Հենց նրանց (այսինքն՝ մեր) ապրած դեժավյուներին է հղում սրճարանի անբռնազբոս, էկլեկտիկ (պոստմոդեռնիստական ոգուն համահունչ) ինտերիերը, որը վերստեղծում է խորհրդային-համայնական կյանքին հակադրվող ինտիմ-բնակարանային մթնոլորտը: «Բնակարանային ցուցահանդեսների», «խոհանոցային» արգելված զրույցների խորհրդային ֆենոմենը խորհրդային իսկ էքզիստենցյալիզմի (գոյաբանության), թերևս, առավել նշանային մոդելն էր, որը թույլ էր տալիս կերտել ազատ անհատներից բաղկացած այլընտրական հանրույթներ: Հենց այդ մոդելով են առաջնորդվել «Ժան Պոլ էքզիստենցյալ սրճարանի» նախաձեռնողները, քաջ գիտակցելով, որ իրենց ստեղծած կոմերցիոն-ժամանցային վայրն ի սկզբանե «դատապարտված» է մշակութային հաղորդակցման դաշտ դառնալու: Դրան է նպաստում այստեղ առկա և տեղի ունեցող ամեն ինչ: Այսպես, սրճարանի դիզայնում խորհրդային անցյալի իմիտացիան նվազագույն է, քանի որ միջավայրը կերտված է օրիգինալ արտեֆակտերից, ինչով էլ թանգարանի հետ զուգորդումներ է բերում: Ո՞վ չի հիշի, թե ինչպես կարող էր ավանդական, բայց նորաձև երևալ ցանկացող տներում, օրինակ, տատիկի ասեղնագործ սրբրոցի վրա հանդիսավորությամբ դրված լինել տեխնիկայի վերջին ճիչ համարվող ճապոնական մագնիտոֆոնը կամ ընտանեկան մասունք հանդիսացող հին գորգի ֆոնին հայտնվել ժամանակակից կահույքը… Եվ անշուշտ, իր ռետրո-գոյաբանական երանգով հանդերձ, արտիստական սրճարանների ավանդույթն այստեղ անավարտ կլիներ առանց արվեստի բաղադրիչի. սրճարան եկած հաճախորդն այստեղ ակամա դառնում է հանդիսատես և հակառակը:

Այսպես, նոյեմբերի 1–ից մինչև դեկտեմբերի 12-ը «Ժան Պոլում» կարելի է տեսնել  Նարեկ Բախտամյան-Վահագն Համալբաշյան դուետի «Ճանապարհային նշաններ» ցուցահանդեսը: Տարածական տեղաշարժերի այս նշան-պատկերներն ասես հավելում են «էքզիստենցյալ» սրճարանային միջավայրի ժամանակային նշանները: Երկու դեպքում էլ այդ նշանները պատմական են, մշակութային են, բայց, այդուհանդերձ, հեղինակների՝  պատմություն դարձած  անհատական ճանապարհի, հայացքի ու ձեռքի արգասիքն են: Գիտե՞ր արդյոք լուսանկարչական խցիկը ձեռքին ճանապարհորդող Նարեկը, որ նրա լուսանկարները դառնալու են Վահագնի ոգեշնչման առիթ… Համենայն դեպս, ստեղծագործող երկու սերնդակից ընկերները «Ճանապարհային նշաններ» ցուցահանդեսում հանդես եկան իբրև համահեղինակներ:

Լուսանկարի և կերպարվեստի (գեղանկար, գրաֆիկա) հարաբերություները վերջին առնվազն 200 տարվա արվեստի պատմության մեջ առանցքային նշանակություն ունեն և այդ հակասական սիմբիոզը դեռ շարունակվում է: Նարեկի ճանապարհորդական լուսանկարները Վահագնի տպագրական հաստոցի մամլիչից դուրս են գալիս իբրև օրիգինալ պատկերի վերամշակումներ: Լուսանկարն ինքը իբրև վերջնական պատկերի սկզբնաղբյուր նկարչի ձեռքում դառնում է յուրատեսակ մատրիցա (ավելի ստույգ՝ տռաֆարետ): Սակայն, եթե լուսանկար կիրառող ժամանակակից շատ գեղանկարիչներ նվազագույնի են հասցնում ձեռքի աշխատանքը, պատկերի փոխանցման ընթացքում լիովին ապավինելով համակարգչային մշակման եղանակներին և այլ տեխնոլոգիաներին, ապա Վահագնը, այնուամենայնիվ, հարազատ է մնում իր ձեռքի աշխատանքին, իր ուրույն գեղարվեստական հավակնություններին. նա լուսանկարի սկզբնական պատկերը հագեցնում է գույնի, ֆակտուրաների, տոնայնության նոր, լուսանկարին խորթ, տարրերով:     

Վահագն Համալբաշյանն, ինչպես հայտնի է, տռաֆարետի տեխնիկայի լավագույն երիտասարդ վարպետներից է. մի հնարք, որ պոստմոդեռնիստական արվեստում և հատկապես 1980-ականների 2-րդ կեսի – 1990-ականների ժամանակակից հայ գեղանկարիչության մեջ մեծ նշանակություն ունեցավ: Տվյալ պարագայում տռաֆարետը նկարչի ձեռքում դարձավ մի միջանկյալ կրիչ կամ յուրօրինակ «մեդիում», որը թույլ տվեց փոխառել, սեփականացնել պատկերի մեջ զմրսած ուրիշի (Նարեկի) փորձը և տեղափոխել այն գեղարվեստական նոր միջավայր: Տռաֆարետի մեթոդն առհասարակ թույլ է տալիս գեղարվեստական դաշտ բերել այլազան պատկեր-մեջբերումներ իբրև «պատրաստի պատկերներ» (առարկայական “ready-made”-ի երկչափ համարժեքները): Անցյալ դարի կեսերից ի վեր մարդկային քաղաքակրթությունն ավելի ու ավելի է հիշեցնում մեջբերումների կոլաժ. արագընթաց շարժապատկերների տարափը, ինֆորմացիոն հոսքերը, իրական իմաստների փոխարինումը դրանց նշաններով և այլն, և այլն… Ինչպե՞ս կարելի է հակազդել այս սիմուլյատիվ իրականությանն ու չտարրալուծվել սպառողական տեխնոկրատիայի հորձանուտում, ինքդ չվերածվել սեփական էությունը փոխարինող «նշանի».  խնդիրն անխուսափելիորեն կանգնած է անկախության սերնդի առջև, որին են պատկանում Նարեկն ու Վահագնը: Որտեղ էլ որ նրանք գտնեն ելքը (ստեղծագործությու՞ն, կենսակե՞րպ), պարզ է մի բան. բոլոր ժամանակներում գոյաբանական խնդիրը որոնողին բերում է մարմնական և ոգեղեն տեղափոխման, հարատև շարժունակության, փոխակերպման անհրաժեշտությանը: Նարեկի և Վահագնի շարժունակությունը ժամանակի, տարածության և արվեստի տեխնոլոգիաների մեջ գուցե այդպիսի փո՞րձ է…

Լիլիթ Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին