▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողների գործած մեղքի պատճառով կարո՞ղ է զավակների հետ ինչ-որ վատ բան կատարվել

Աստված Աբրահամին օրհնելիս ասաց, որ իր սերունդներն օրհնված կլինեն մինչև հազար սերունդ: Աստածաշնչյան անեծքներում կա մինչև չորս սերունդ անիծված լինելու միտքը: Նոր Կտակարանում մի տեղ կա, երբ բնածին կույրի մասին աշակերտները հարցնում են Հիսուսին, թե այդ երիտասարդն ո՞ւմ մեղքի պատճառով է հիվանդ` ի՞ր, թե՞ ծնողների: Հիսուս պատասխանում է, որ նա կույր էր Աստծու փառքի համար: Նա չի մերժում, որ ծնողների մեղքի պատճառով երեխաները կարող են վնասվել: Եվ դա բնավ այն պատճառով չէ, որ Աստված է պատժում, պարզապես մեղքի հետևանքներն են այդպիսին: Մեղքը նման է եռացող ձեթի, որը թափվելիս հաստատ վնասում է: Լավ կլինի, որ այդ ձեթը երբեք չթափվի, այդ մեղքը երբեք չգործվի, սակայն երբ թափվեց` վնասելու է: Եվ կախված այն հանգամանքից, թե ինչքան շատ է ձեթը կամ ինչքան տաք, այնքան վնասն ավելի շատ է լինելու: Եվ պատկերացրեք, թե եթե այդ ձեթը նույն տեղում մի քանի անգամ թափվի, որքան կվնասի: Այդպես էլ մեղքերի հետևանքն է, եթե մարդը չի զղջում և շարունակում է նույն սխալներն անել, պարզապես սպիների վրա նոր վերքեր է առաջացնում: Այս տրամաբանությամբ ծնողի մեղքը կարող է բացասաբար անդրադառնալ իր զավակների հոգևոր վիճակի վրա։ Հայտնի ասացվածք է. «Երջանիկ եղիր դու, և երջանիկ կլինեն քո զավակները»։ Քանի դեռ ծնողը դժբախտ է, իր զավակները երջանիկ լինել չեն կարող։ Մարդուն դժբախտացնում է մեղքը։ Մեղքի հետևանքով անջրպետ է առաջանում մեր և Աստծու միջև, ով մեր երջանկությունն է, քանզի Նրա հետ Սուրբ Հաղորդությամբ մեղքերի քավություն և թողություն ենք ստանում և երջանկանում, ինչպես երեխան` իր ծնողի ներկայությամբ։ Մինչդեռ մեղքի հետևանքով դժբախտանում է ոչ միայն ինքը՝ մեղք գործողը, այլ նաև իր հարազատները՝ առավել ևս իր երեխաները։ Մեղքի պատճառով բաժանություններ են լինում. Եթե հայրը հարբեցող է, խաղամոլ կամ կռվարար, երեխաները դժբախտ են։ Եթե մայրը ծույլ է, թափթփված, բամբասկոտ և մեղկասեր՝ երեխաները դժբախտ են:
Հղիության արհեստական ընդհատումն ուղղակիորեն սպանում է դեռ չծնված երեխային։ Ռուս Ուղղափառ Եկեղեցին ունի գերդաստանային մեղք հասկացությունը (родовой грех), որն իրական է։ Լինում են մարդիկ, ովքեր ծնվում են այս կամ այն մեղքին հակվածությամբ՝ կարծես այդ մեղքով դրոշմված. դառնում են հանցագործ, դժբախտ և շատերի դժբախտության պատճառ։ Սա լինում է ծնողների մեղքի պատճառով։ 
Ուստի պետք է զգուշանալ թեկուզև չնչին թվացող մեղքից և այն կրկնելուց, որպեսզի այն բացասաբար չանդրադառնա երեխաների վրա։
Իսկ որդիները պետք է գուշանան իրենց ծնողներին դատելուց, որովհետև նրանց փոխել չեն կարող։ Նրանք էլ պետք է զգուշանան մեղքից, որ երջանիկ լինեն և՛ իրենք, և՛ իրենց ծնողները, և՛ հետագայում իրենց զավակները։


Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

qahana.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին