▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծում էին նրա համար, որ չէի ուզում վաճառվել թուրքերին.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց պատմությունների շարքում այս հերթական դեպքը առանձնահատուկ ողբերգական երանգներ ունի: Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիքինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը:

Ինչպե՞ս ընկաք թակարդը:

18 տարեկան էի, Ապրում էինք սոցիալապես ծանր պայմաններում, տեսնում էի՝ ինչպես են ծնողներս ծայրը ծայրին հասցնելով փորձում ինձ ուսման տալ: Մեր հարեւանուհին՝ Աննան, տեսնելով մեր վիճակը, մի օր եկավ մեր տուն, մամայիս ասաց, որ ինքը երկու ամսով գնում է Անթալիա՝ բարեկամների մոտ: Իբր թե, նրանք էնտեղ ռեստորանային բիզնես ունեն: Եւ առաջարկեց. «Աղջկադ տանեմ էնտեղ: Մի երկու ամիս երեխեքին կնայի, հայերեն կսովորեցնի, ամսական 1000 դոլար փող կտան: Երկու ամիս կաշխատի, հետս հետ կբերեմ»: Ծնողներս համաձայն չէին, բայց ես հավատալով ու մի կաթիլ անգամ չկասկածելով հարեւանուհուս խոսքերի ճշմարտացիությանը՝ իր հետ գնացի Անթալիա: Հիշում եմ՝ մայրս մինչեւ վերջին պահն էլ սիրտն անհանգիստ էր, ասում էր՝ ո՞ւր ես գնում, ախր, երեխա ես, քո ի՞նչ աշխատելու ժամանակն է:

Հիշելով՝ Նարինեն էլ սկսեց արտասվել, ապա արցունքները խեղդելով՝ շարունակեց. «Որ իմանայի մորս արցունքները տեղին են, չէի գնա: Հասնելով Անթալիա՝ ինձ տարան մի բար, որտեղ սեղանի շուրջ նստած էին թուրք մարմնավաճառներ: Պարզվեց՝ նրանք պետք է ընտրություն կատարեին մեզնից որեւէ մեկի հետ գնային առանձին սենյակ: Սկսեցի ըմբոստանալ, ասացի, որ սա իմ տեղը չէ, բայց Գագիկը (թրաֆիքյորը) ապտկեց ինձ ու ասաց. «Դերասանություն մի արա, Հայաստանում ով է իմանալու էստեղ ինչ ես արել, թուրքերի հետ կեր-խմի, քեֆ արա ու գնա»:
Ինձ հետ այլ հայ աղջիկներ էլ էին եկել, որոնք մի քիչ ըմբոստանալուց հետո համաձայնեցին, բայց ես երբեք նման քայլի չէի գնա: Դրա համար էլ ինձ տարան, փակեցին սենյակում ու 15 օր անընդմեջ ծեծում էին: Մենակ նրա համար, որ թուրքերի հետ սեռական հարաբերություն չէի ուզում ունենալ, չէի ուզում ստրկանալ, վաճառվել թուրքերին:

Կկարողանա՞ր երկար դիմանալ Նարինեն, եթե բախտը մի փոքր չբերեր.

«Երբ մեզ բերեցին Տրապիզոն, որպեսզի վիզայի ժամկետները երկարացնեն, ես նկատեցի մի ոստիկանի, ով ռուսերեն, չէի ասի շատ լավ, բայց հասկանում էր: Մոտեցա եւ միանգամից՝ հենց իրենց ներկայությամբ ասացի, որ օգնեն ինձ, որ ինձ բռնի ուժով են պահում: Մեր ղեկավարը սկսեց արդարանլ, թե նա իմ քեռին է, եւ ես պարզապես շատ եմ կարոտել ծնողներիս, որոնք իբր շուտով պետք է միանան ինձ: Ոստիկանն այնուամենայնիվ հավատաց ինձ, վերցրեց անձնագիրս եւ իր հեռախոսը տրամադրեց, որ զանգեմ ծնողներիս: Զանգելուց հետո ծնողներս միանգամից դիմել էին Հայաստանի ոստիկանություն, իսկ ես ոստիկանի շնորհիվ եւ աջակցությամբ վերադարձա: Նույն օրն էլ գնացի ոստիկանություն եւ պատմեցի այն դժողքի նման 15 օրերի մասին, որոնց անցկացրել եմ Թուրքիայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին