1999թ. հոկտեմբերի 27-ին, ես քաղաքապետի խորհրդականն էի: Մի էրկու ամիս առաջ էինք Ազգային Ժողովից տեղափոխվել քաղաքապետարան:
Եթե անկեղծ ասեմ, քաղաքապետարանի աշխատանքն ինձ չէր ձգում ու ԱԺ-ից քաղաքապետարն էի տեղափոխվել միայն նրա համար, որ չնեղացնեմ ավագ ընկերոջս՝ քաղաքապետ նշանակված Ալբերտ Բազեյանին:
Էնպես որ՝ պատահական չէր, որ առիթը բաց չէի թողնում խորհրդարանի շենք գնալու համար:
Էդ չարաբաստիկ օրն էլ խորհրդարան էի գնացել՝ ժամը 3-ի կողմերը…
4 անց կես սկսվում էր կառավարության հետ հարցուպատասխանը:
Ընդմիջման ավարտին խորհրդարան մտավ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Ֆոեյում մեկ-երկու բառ փոխանակեցինք…Ինչ իմանայի, որ դա իմ վերջին հանդիպումն է մեր ժամանակների ամենաականավոր գործիչներրից մեկի հետ:
Գիտեի, որ Վազգենը չի սիրում, որ գործի ժամանակ պետական ծառայողն այլ տեղ թրեւ է գալիս ու հեռացա խորհրդարանի շենքից:
Իմ ծառայողական մեքենայով քաղաքապետարան էի գնում, երբ ընկերներիցս քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը զանգեց եւ խնդրեց իր գրասենյակ անցնել:
Գրասենյակն «Անի» հյուրանոցի մոտ էր:
Քաղաքապետարան չէի շտապում, որովհետեւ Աբոն էդ օրը տեղում չէր, կաթողիկոսական ընտրություններին էր մասնակցում:
…Մեկ էլ ռադիոյով կրակոցի ձայներ լսվեցին… ականջներիս չհավատացի:
Զանգեցի պատգամավոր ընկերներիս, ոչ մեկ հեռախոսը չէր պատասխանում…
Տագնապս գնալով մեծացավ:
Հասմիկը՝ Բազեյանի քարտուղարուհին, զանգեց ու շտապ քաղաքապետարան կանչեց:
5 անց կես էր, որ հասա գործի տեղը, Բազեյանն արդեն Էջմիածնից էկել էր:
Մտա մոտը, անհանգիստ շարժումներ անելով՝ ծխում էր ու շրջում աշխատասենյակում:
«Սուրեն, Վազգենին խփել են»,- մի կերպ ասաց նա:
Լսածիս չհավատացի…չի կարող պատահել…
Վազգենը մեռնել չէր կարող, նա տեղով Անպարտության խորհրդանիշ էր…
Գնացինք խորհրդարանի շենք, շոկի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ է կատարվում:
Երբեմն թվում էր, որ հեսա Վազգենը սենյակ է մտնելու, բոլորիս հանդիմանի, որ բան ու գործ թողած՝ մի սենյակում նստած անդադար ծխում-խոսում ենք:
…Բայց էդ օրը Վազգենն ըտենց էլ չեկավ, մեր վրա խոսացող չեղավ:
Բոլորիս որբությունը գնալով իրականություն էր դառնում:
Մի քանի օր հետո, Եռաբլուրում՝ Վազգենի թաղման օրը, հասկացա, որ ոչ միայն նրան ենք կորցրել, այլ՝ մեր պետությունը, որին հենց նոր հողին հանձնեցինք…
Բոլորիս որբությունը գնալով իրականություն էր դառնում...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet