▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորությունները. «ՀԺ»

«Հիմա, ինչպես և կարելի էր սպասել, Բերձորի դեպքերի շուրջ բազմաթիվ վերլուծություններ և քննարկումներ կան: Մարդիկ ուզում են հասկանալ տեղի ունեցածի խորքային իմաստը: Բայց ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, հաճախ վերլուծությունները հասնում են անհեթեթության մակարդակի: Բերձորի դեպքերը կապում են Գյումրիի դեպքերի հետ, Գյումրիի դեպքերից զնում-հասնում են Ամերիկա և Սիոն, Սիոնից գալիս-մտնում են թեժ աշուն, աշունից հետո գնում հոկտեմբերի 27, հոկտեմբերի 27-ից Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից զալիս-հասնում Շրջանառության հարկ:

 

Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա, որոնց կարևոր ենք համարում անդրադառնալ: Առաջինն այն պնդումն է, թե նման բռնություններով իշխանությունը վնասում է ինքն իրեն և հանրությանը հանում իր դեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանում հանրությունը վաղուց է իշխանության դեմ դուրս եկած և հենց այսօրինակ բռնություններն են, որ արդեն մոտ քսան տարի ապահովում են իշխանության կայունությունը մի պայմաններում, երբ հանրության մեծամասնությունն իշխանափոխություն է փափագում: Դուք Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի օրինակ, երբ բռնությունը թուլացրած լինի իշխանությանը: Չկա նման բան: Սա նաև նրանից է, որ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչները միշտ սխալ են արձագանքել բռնությանը: Հարց կառաջանա, բա ո՞րն է ճիշտ արձագանքը: Այս հարցի պատասխանը դեռ պետք է գտնել, բայց որ իշխանության կիրառած բռնությունը երբեք չի հաջողվել շրջել հենց իշխանության դեմ արդեն իսկ վկայում է այն մասին, որ բռնություններին հանրային, քաղաքական արձագանքը, որպես կանոն, միշտ սխալ է եղել: Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմությունը պետք է վերանայեն բռնությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը, դրան արձագանքելու նոր ձևեր ու մեխանիզմներ գտնեն:

 

Հաջորդ մոլորությունն այն է, թե երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ բռնություն է կիրառվում, այդ քաղաքական ուժը դրանից դիվիդենտներ է շահում, որովհետև նրա շուրջ քննարկումներ են առաջանում, համակրանք և այլն: Քննարկումն ու համակրանքը գուցե, բայց ցանկացած բռնություն, մեծ հաշվով, բացասաբար է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի վրա, եթե նա արագ ու արժանի հակահարված տալու ի վիճակի չի լինում: Խոսքը, իհարկե, ուժային հակահարվածի մասին չէ, այլ քաղաքական հակահարվածի: Ընդ որում այս քաղաքական հակահարվածը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ, քանի դեռ ծեծված և ջարդված համախոհները հանրային լայն քննարկումների, զորակցության խոսքերի ֆոնին չեն զգում ֆիզիկական ու բարոյական ցավը, նյութական վնասների ծանրությունը: Հակառակ դեպքում մեկ-երկու շաբաթ կանցնի, ու ինչպես բոլորը սկզբից հարց են տալիս, թե ինչո՞ւ ծեծեցին ծեծողները, բոլորը կսկսեն հարցնել, թե ինչո՞ւ ծեծվեցին ծեծվողները: Ընդ որում այս հարցը իրենք իրենց կտան նաև ծեծվողները: Ու պատասխան չեն գտնի: Այստեղ է, որ նրանց մոտ հարցեր կառաջանան իրենց իրականացրած և իրականացնելիք գործունեության մասին, և էլի պատասխաններ չեն գտնի: Նկատի ունեմ իզուր է ոմանց ոգևորությունը, թե Հիմնադիր Խորհրդարանին հաջողվեց մեծ աղմուկ անել իր անվան և գործունեության շուրջ: Աղմուկը կանցնի, իսկ ցավն ու անիմաստության զգացումը կմնա, և սա հնարավոր չի լինի հաղթահարել շատ երկար ժամանակ»,–գրում է թերթը։

 

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին