▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատության «մասամբ»-ը լավ չէ. «Ժողովուրդ»

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2015 թ» հերթական զեկույցը, որում Հայաստանը, ինչպես եւ վերջին տարիներին, գնահատվել է որպես մասամբ ազատ երկիր: Ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման՝ մասամբ ազատ երկրներն այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։

Թեեւ մասամբ ազատ կարգավիճակը Հայաստանին տրվում է 2002 թվականից ի վեր, սակայն  հեղինակավոր այս կազմակերպության մեթոդաբանությամբ դասակարգվող 7 բալանոց  ցուցանիշներով մեր երկիրն իր դիրքերն էլ ավելի վատթարացրեց 2008թ. նախագահական ընտրություններից հետո` եւս 1 միավորով մոտենալով անազատ երկրների խմբին: Այս տարի, սակայն, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, եւ դարձյալ մեր երկրի քաղաքական համակարգի ազատությունը գնահատվել է 5 միավոր: Իսկ, ահա, քաղաքացիական ազատությունները գնահատված են ավելի բարձր` 4 միավոր:

Իհարկե, թեկուզ մեկ միավորով առաջընթացը ուրախալի է, սակայն եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նախկինում դասվել է ազատ երկրների շարքին, ապա այս ցուցանիշները պետք է որ մտահոգեն մեր երկրի իշխանություններին: Հատկապես որ մենք շարունակում ենք ազատությունների հարցում զիջել հարեւան Վրաստանին, որտեղ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ազատությունները գնահատվել են 3 միավոր:

Զեկույցում անազատ Ադրբեջանի եւ մասամբ ազատների հետնապահ Թուրքիայի մասին կոշտ գնահատականների կողքին սուր քննադատության է արժանացել նաեւ Ռուսաստանը եւ հատկապես ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո, ըստ ամենայնի, հաջորդ տարի այդ գնահատականների մի մասը կպրոեկցվի նաեւ Հայաստանի վրա:

Այս տարվա զեկույցում մեզ համար դրականը, թերեւս, ԼՂՀ-ին տրված գնահատականներն են: Հիշեցնենք, որ վերջին չորս տարիներին Ղարաբաղը դասվում էր անազատ երկրների շարքին, այն դեպքում, երբ մինչ այդ համարվում էր մասամբ ազատ երկիր: Եվ, ահա, այս տարի ԼՂ-ն կրկին վերականգնել է իր դիրքերը` քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների համար ստանալով 5-ական միավոր: Հատկապես Ադրբեջանում ազատությունների խայտառակ հետընթացի ֆոնին սա շատ կարեւոր ձեռքբերում է, եւ ԼՂ իշխանությունները պարզապես պարտավոր են անել ամեն ինչ` Ղարաբաղի առաջընթացը շարունակական դարձնելու եւ ավտորիտար Ադրբեջանից տարբերությունն առավել ցցուն դարձնելու համար:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին