Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է:
«Ամենաշատը 50 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք են ինքնասպանություն գործում: Երեխաները կողքին չեն, դեղորայքի համար անհրաժեշտ գումար չկա, ի վիճակի չեն ինչ-որ բան փոխել»,-ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով` ինքնասպանության պատրաստվողների 80 տոկոսը մինչ այդ քայլը կատարելը խոսում է դրա մասին: Ինքնասպանությունները հիմնականում գործում են գարնանը, երբ զգացողությունները սրվում են.
«Ինքնասպանության պատրաստվողի հետ եթե մեկը զրուցում է, 70 տոկոսով նա չի կատարի այդ քայլը»,-ասում է սոցիոլոգը:
Նա նշում է` «Երբ ինքնասպանություն է գործում ասենք երեխա, ծնողներն ասում են` լավ ուտում էր, լավ հագնում: Բա ո՞ւր մնաց ներաշխարհը»:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` մենք չունենք ինքնասպանության փորձ կատարած մարդկանց հետ աշխատող մասնագետներ:
«Ցանկացած մարդ, ով ինքնասպանության փորձ է կատարել, հետո պարտադիր կրկնում է: Չունենք մասնագետներ, ովքեր կասեն, թե ինչն է դրդել ինքնասպանության: Պետական մակարդակով աշխատանքներ պետք է տարվեն` մարդկանց հետ աշխատելու համար»,-նկատեց Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով` խարիզմատիկ եկեղեցիների մեջ շատ են ինքնասպանության փորձերը.
«14 տարեկան աղջկա ինքնասպանությունը որակեցին, որպես կենցաղային հողի վրա կատարված. մոր կարոտ: Ի՞նչ մոր կարոտ. Նրա ուղեղը լրիվ «լվացած» էր: Մտանք աղջկա սենյակ. փոքր էր ու պատերը սև, ջեռուցման հետևանք էր: Նա մի վառ զգեստ չուներ, իսկ գտնված միակ գիրքը կրոնական էր ու ամբողջովին կարմիր գրիչով գծված»,-պատմեց Ալեքսանդր Ամարյանը:
Ահարոն Ադիբեկյանը նկատում է` Հայաստանում անգամ թեժ գիծը չօգնեց. «Ամբողջ աշխարհում կա նման բան. ինքնասպանություն կատարել պատրաստվողը զանգահարում է: Մեզ մոտ, ցավոք, դա չաշխատեց»:
Իսկ, թե ինչու, Ալեքսանդր Ամարյանը գիտեր պատասխանը. «Հույս չունեին, որ կօգնեին, մասնագետ չկա»:
Անի Կարապետյան