▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք.«Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ վերաբերմունքը հակասական է։ Ոչ միայն բուն Վրաստանում, այլեւ հարեւան երկրներում։ Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամերիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ։

Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմոնքը Սաակաշվիլիի նկատմամբ դրական է՝ կոռուպցիան հաղթահարեց, ճանապարհները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, բիզնեսը զարգացրեց եւ այլն։ «Ահա ձեզ օրինակ,- ասում են Սաակաշվիլիին որպես օրինակ բերողները,- թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողանում է երկիրը «դզել»։

Իհարկե, այդ գնահատականները չափազանցված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են:  Վրաստանն իսկապես փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո: Պարզ օրինակ. մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստանի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սեւանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»` ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար դրամով: Այդ գումարով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմարություններով երկուսենյականոց բնակարան:

Մի խոսքով՝ Վրաստանը շատ հարցերում իսկապես մեզնից առաջ է՝ չնայած վերջին տարիներին ընդհանուր տնտեսական ցուցանիշները թե՛ մեզ մոտ եւ թե՛ հարեւանների մոտ առանձնապես տպավորիչ չեն:

Բայց արդյոք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին: Կարծում եմ՝ ոչ: Մեր տարբերությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք, նրանք պետությունն ավելի շատ են սիրում, քան, ասենք, Կազբեկ սարը:

Երկրորդ պատճառն այն է, որ վրացիները հստակ ընտրել են Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհը՝ դրա համար շատ թանկ գին վճարելով: Իհարկե, չի կարելի նաեւ նսեմացնել «վարդերի հեղափոխության» լիդերների՝ Սաակաշվիլիի, Բուրջանաձեի եւ հատկապես Ժվանիայի դերը:

Ինձ թվում է՝ Վրաստանի նախկին նախագահին, իր հախուռն եւ անկայուն բնավորությամբ հանդերձ, պետք է վերաբերվել հարգանքով: Բոմժի նման բռնել-փողոց գցելը սխալ է, արդար չէ: Չգիտեմ՝ ինչ խնդիրներ ունի նա Վրաստանում, բայց կարծում եմ՝ նա հանգիստ պետք է ապրեր հայրենիքում: Լավ չի, որ այդպես չեղավ: Հիմա էլ Պյոտր Պորոշենկոն, զրկելով Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից, իրեն պահեց իսկական հետխորհրդային լիդերի նման՝ մանրախնդիր, կոնյունկտուրային եւ, ինչպես ասում են, «ոչ թափանցիկ»: Ինչ արած, «մեծ քաղաքականություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին