▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստվերային կոալիցիան․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի, այսպես ասած, համոզիչ առավելությամբ հաղթանակին գործնականում չի կասկածում երեւի թե ոչ ոք: Թերեւս, կասկածի ենթակա չէ եւ այն, որ դասավորությամբ առաջինը կլինի ՀՀԿ-ն:

Ինտրիգը շարունակում է լինել այն՝ արդյոք ՀՀԿ-ն կվերցնի՞ մեծամասնությունը միաձայն կազմելու հնարավորություն տվող տոկոս, թե՞ առանց կոալիցիայի այդ մեծամասնությունը կդառնա անհնարին: Եվ ո՞ւմ հետ այդ դեպքում կոալիցիա կկազմի ՀՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ ՀՅԴ-ի, որն անկասկած կհաղթահարի 5 տոկոսը, եթե անգամ ոչ առանց իշխանության օգնության, եւ այդպիսով կլինի այն հավելյալ տոկոսը, որը կարող է օգնել ՀՀԿ-ին կազմել կայուն մեծամասնություն:

Ամբողջ հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգնա՞ այդպիսի ռիսկի 2018 թվականի ապրիլից առաջ, երբ, փաստորեն, ինքն իրեն կախվածության մեջ կդնի ՀՅԴ-ից կամ առհասարակ կոալիցիայից:

Այստեղ, իհարկե, տարբերակները միարժեք չեն: Վերջին հաշվով, ՀՀԿ-ն ինքն էլ, որպես կառույց, յուրօրինակ կոալիցիա է, որտեղ մեկտեղված են տարբեր շահեր ունեցող մի շարք մեծ ու փոքր խմբավորումներ: Ամենեւին բացառված չէ, որ նույն Սերժ Սարգսյանը շատ ավելի ընդհանրություն գտնի, օրինակ, Դաշնակցության հետ, քան ՀՀԿ-ում որեւէ խմբավորման, լինի դա մեծ, թե փոքր:

Ահա այս իրավիճակում Սարգսյանի համար կարող է կարեւոր լինել, որպեսզի խորհրդարանական մեծամասնության առումով ամեն ինչ կախված չլինի միայն ՀՀԿ-ի կազմից: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի դնելու է ոչ թե մեծամասնություն ձեւավորելու, այլ մեծամասնությունը բալանսավորելու խնդիր:

Թեեւ այստեղ, իհարկե, բալանսավորող դեր կարող է խաղալ նաեւ բավականին ուժեղ ընդդիմությունը: Այդպիսի ուժ կհանդիսանա «Ծառուկյան» դաշինքը:

Ի դեպ, այդ մասով հազիվ թե իրատեսական լինեն գնահատականները, թե Սերժ Սարգսյանի համար անակնկալ էր Ծառուկյանի մեծ ժողովրդականությունը: Ավելին, թերեւս հենց այդ հանգամանքն էլ պատճառ է հանդիսացել, որ «չողջունելով» նրա վերադարձը, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ չխանգարի այդ վերադարձին, քանի որ ուժեղ երկրորդ բեւեռի անհրաժեշտություն կա ոչ միայն մի քանի հարյուր հազար բողոքավոր ընտրազանգված կառավարելու, այլ նաեւ բավականին բողոքավոր եւ կասկածելի մթնոլորտ ունեցող մեծամասնությունը բալանսավորելու համար:

Այլ կերպ ասած՝ 2017 թվականի խորհրդարանում Սերժ Սարգսյանը եթե ձեւավորի կոալիցիա կամ եթե դիտարկում է կոալիցիայի ձեւավորման որեւէ տարբերակ, ապա դա ավելի շուտ ստվերային կոալիցիայի տարբերակն է, այսպես ասած՝ «տեսական» կոալիցիան առանց ՀՀԿ-ի, որը, սակայն, գործնական իմաստով մեծամասնություն կարող է դառնալ ՀՀԿ որեւէ խմբի աջակցության պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին