▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Խաչի աղոթքը.Երանի մի օր մեր հողերն ազատագրված տեսնենք

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին  սեպտեմբերի 8-ին Հայոց Ցեղասպանությունից ի վեր արդեն չորրորդ անգամ վերակենդանացավ: Տարվա մեջ մեկ անգամ թանգարանից սրբավայրի վերածվող Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո կրկին հնչեց հայ աղոթքն ու շարականը:

Հիշեցնենք, որ  2010 թվականին առաջին անգամ թուրքական իշխանությունների կողմից թույլատրվել է  տարին մեկ անգամ ծիսական արարողություն իրականացնել Սուրբ Խաչում:

Այս անգամ  պատարագը խորհրդանշական էր. մեկդարյա դադարից հետո առաջին անգամ  եկեղեցում մկրտություն տեղի ունեցավ: Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականների ձեռամբ մկրտվեց 2 ընտանիք, որոնցից մեկը իսլամացած  էր և ցանկություն էր հայտնել դարձի գալ` կրկին  դառնալով քրիստոնյա, իսկ մյուս ընտանիքը` Հայաստանից:

«Մեզ համար այս պատարագը չափազանց կարևոր է: Տարին մեկ անգամ Աղթամար կղզու այս եկեղեցում,  որ  մեր պապերի կառուցած տաճարն է, հավաքվում է հայությունը, մեզ հետ աղոթում ու  մասնակցում պատարագի: Անշուշտ,  կարևոր է  վերհիշել մեր պատմությունը, մեր հավաքտը, մեր արմատները»,- ASEKOSE.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Տրդատ քահանա Ուզունյանը:

Թեև թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ սպասվածից ավելի քիչ էին Աղթամարի այցելուները,  սակայն հարյուրավոր ուխտավորներ էին այցելել Սուրբ խաչ`  թե Հայաստանից, թե սփյուռքից, թե Ստամբուլից:

«Հայերի հետաքրքրությունը պատարագի նկատմամբ բավական մեծ է և տարեցտարի մեծանում է:  Բայց պետք է ասեմ, որ զարմանալիորեն հոգևորականները հետաքրքրված չեն: Հայաստանից հոգևորոկաններ չեն գալիս, չեն մասնակցում: Մարդիկ ինքնակամ են գալիս,  ապա հեռանում են իրարամերժ զգացմունքերով` հպարտանալով, որ այսպիսի ճարտարապետություն ենք ունեցել, զայրանալով, որ այսօր արդեն մերը չէ, »,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Անիտուր»  տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Հռիփսիմե Առուշանյանը:

Պատարագին մասնակցում էր ստամբուլահայ Ջաբաթօղլիների (Ջաբաթյանների) ընտանիքը: Թեև դժվարությամբ, բայց կարողացանք զրուցել նրանց հետ.

 «Շատ ուրախ ենք, որ կարողացանք  այստեղ գալ, տեսնել  մեր եկեղեցին: Առաջին անգամ եմ եկել, սակայն Պոլսից շատ մարդ է մասնակցում»,-մեզ հետ զրույցում իր տպավորությունները կիսեց ազգությամբ հայուհի Օրքիդեա Ջաբաթօղլուն` շեշտելով, որ Ստամբուլում ապրող բոլոր հայերը թուրքական ազգանուն են կրում:

Նրա խոսքով`

«Յան ազգանուն չկա: Բայց բոլորը  գիտեն, որ հայ ենք»:

Մեր զրուցակիցը ծնվել է հենց Ստամբուլում: Հարցին, թե ինչպես են վերաբերվում թուրքերը հայերին, նա պատասխանեց.

«Քիչ մը լավ են, քիչ մը գեշ...»:

Ուխտագնացությանը մասնակցում էին լիբանանահայ 80-ամյա Հարություն Բոյաջյանը և նրա կինը` 70-ամյա Հերմինե Բոյաջյանը, ովքեր սիրով զրուցեցին մեզ հետ.

« Մեր այցելության գլխավոր նպատակը պատարագին մասնակցելն էր: Եկել ենք` մեր հայրենքը տեսնելու,  մեր նախնյաց եկեղեցիները: Մեր ազգի պատմություն պետք է շատ լավ իմանանք, իսկ ավելի լավ է աչքով տեսնելը»,- մեզ հետ զրույցում ասաց  Հարություն Բոյաջյանը:

«Մենք լսել էինք Աղթամարի մասին և երազում էինք: Հիմա, երբ իմ աչքերով տեսա, հագեցած եմ վերադառնալու: Մեր պապերիկառուցածը, մեր ծովը  մեր աչքով տեսանք: Չափազանց հուզված ենք վերադառնալու: Երանի մի օր տեսնենք մեր ժողովրդին այս հողերի վրա, տեսնենք մեր հողերն ազատագրված: Դա մեր երազանքն է»,- հավելեց Հերմինե Բոյաջյանը:

Հ. Գ. Անհնար է բառերով նկարագրել աշխարհի տարբեր ծագերից ուխտի եկած հայերի  հանդիպումը Աղթամարում:

«Հա՞յ եք» հարցին հետևում էր աննկարագրելի  հրճվանքն ու հուզմունքը...

Մշեցի` արդեն քրդացած հայը  իր ձեռքով աճեցրած մշո քաղցրահամ խաղող էր բերել Աղթամար և բաժին էր հանում բոլորին:

Սուրբ խաչը միավորեց ուխտավոր հայերին. բոլորի շուրթերին նույն աղոթքն էր...

 Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին