▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոու, թե՞ ծածկադմփոց.«Ժողովուրդ»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել` քննարկելու համար առաջիկայում էլէկտրաէներգրայի սակագնի թանկացման թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը: Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը սակագնի թանկացման հայտով դիմել  է ՀԾԿՀ-ին, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների` այդ խնդրի շուրջ արտահայտվելու ցանկությունը Գալուստ Սահակյանն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել` անջատելով նրանց խոսափողները: Ավելի ուշ, տեսնելով, որ հարցը կարող է շատ ավելի մեծ հակազդեցություն ունենալ, քան սպասվում էր ի սկզբանե, ՀՀԿ վերնախավում որոշում կայացվեց, այդուամենայնիվ,  չարգելակել խորհրդարանական լսումների գաղափարը:

Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա խորհրդակցությանը մասնակցած ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների խոսքերից, ՀՀԿ-ականները ցանկանում են լսումներն անցկացնել փակ դռների հետեւում: Պատճառաբանությունը նույնն է, ինչ նախորդ լսումների դեպքում՝ ընդդիմությունը դռնբաց լսումները կվերածի շոուի, իսկ, ահա, փակ քննարկումների ընթացքում իրենք կկարողանան ավելի արդյունավետ քննարկում իրականացնել:

Այն, որ մեր խորհրդարանական ընդդիմությունը երբեմն իսկապես քննարկումները վերածում է շոուի` տուրք տալով անսանձ ամբոխահաճությանը, ժխտել չի կարելի, սակայն իշխանության այդ փաստարկը, կոնկրետ այս դեպքում, չի աշխատում, քանի որ իրավիճակն այն աստիճան խայտառակ է, որ ամբոխահաճության մասին խոսելն անգամ ավելորդ է: Ի վերջո, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ՀԾԿՀ-ին ներկայացրած ՀԷՑ-ի հայտը հրապարակվել է, եւ դրանում տեղ գտած աղաղակող փաստերն էլ արդեն հանրայնացվել են, ընդ որում, ոչ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքացիական ակտիվիստների եւ անկախ փորձագետների կողմից: Այնպես որ, այս լսումներում միակ նորությունը ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինի ակնկալվող մասնակցությունն է, եթե, իհարկե, նա բարեհաճի ներկայանալ ՀՀ ԱԺ: Սակայն եթե այդ լսումներն անցկացվեն դռնփակ, ապա, ինչպես նկատել է Լեւոն Զուրաբյանը, «նրանք ուղղակի ամենակոշտ ձեւով կհերքեն մեղադրանքները եւ կշարունակեն իրենց գործը: Իսկ բաց քննարկման ժամանակ գոնե նրանց կբերենք հանրային կարծիքի դատաստանին»:

Այս պահին դժվար է ասել` փակ թե բաց կարգով կանցկացվեն հունիսի 12-ին ակնկալվող լսումները, սակայն ՀԾԿՀ-ին ներկայացված հայտի հրապարակումն արդեն իսկ տեղիք է տալիս մտածելու, որ այս փուլում ՀՀ իշխանությունները որոշակի առումով ցանկանում են զսպել ռուսական ընկերության ախորժակը: Եվ նաեւ այս առումով շատ լավ կլինի, որ Աժ լսումները բաց լինեն, որպեսզի խորհրդարանում ներկայացված ռուսահպատակ ընդդիմությունը եւս հանրային ուշադրությամբ կաշկանդված լինի հերթական անգամ ռուսներին հաճոյանալու հարցում:

 

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին