Օրերս, երբ առիթ ունեցա ընթերցելու իմ կողմից շատ հարգված ֆեյսբուքյան ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ ֆեյքի գրառում-բաց նամակը ուղղված ՀՀ Մշակույթի նախարարին, ասեմ բավական վաղ թվագրությամբ,ու թեև բովանդակային մասով համամիտ եղա, սակայն ամեն դեպքում նեղվեցի ձևակերպումների հարցում. դե մեջբերեմ` հասկացեք.
«Նախ ասեմ, Ձեր կամ, միգուցե, իմ մեղքով, Ձեր անունը իմացա Google-ի միջոցով, քանի որ գործնականում չի երևում, որ մենք տենց նախարարություն ու նախարար ունեք, բայց ինչևէ` վի սուշեստվուետե»:
Անկախ այն հանգամանքից, թե գրառման մեջբերածս հատվածը իրականությանը որքան է համապատասխանում կամ ոչ, միշտ այն կարծիքին եմ եղել, որ կնոջը քննադատելիս պետք է լինել ավելի մեղմ, ավելի .... ինչու չէ նաև` կնամեծար:
Սակայն, այս ամենով հանդերձ, երբ տեսա «Գողացված մանկություն» ֆիլմի թրեյլերը ու կարդացի Aravot.am-ում ֆիլմի կինոռեժիսոր Արմեն Գասպարյանի հարցազրույցը և հատկապես այդ հարցազրույցում տեղ գտած հատվածները ՀՀ Մշակույթի նախարարության վերաբերյալ, այլ բան ասել չեմ կարող քան միայն համաձայնել իմ ֆեյսբուքյան բարեկամ ԱՆԿԱԽ-ի ձևակերպմանը:
Նախ. արդեն երևի մի տարի է, ինչ խոսակցություններ են պտտվում, որ Մշակույթի նախարարությունը տեղափոխվելու է Գյումրի:
Չար լեզուներն ասում են նույնիսկ նախկին վարչապետը Գյումրի կատարած իր այցերին քննարկել է նախարարության ապագա շենքի հարցերը, ինչն ասում է, որ հարցը լուծված է, ըստ էության, թեև հիմա դեռ այս մասին խոսք չկա:
Հիմա, եթե ՀՀ Մշակույթի նախարարությունը գնալու է Գյումրի, ըստ նախկին ծրագրի, ապա որն է անպատեհությունը Գյումրու մասին փաստավավերագրական ֆիլմ նկարելու. ինչ է` հայտնի մշակութային գործիչները երբ գան Հայաստան ու հանդիպումներ ունենան տիկին նախարարուհու հետ, այդ հանդիպումները Գյումրիում չեն կազմակերպվելու, թե հյուրերի աչքերն են կապելու սև շորով, որ չտեսնեն մեր ներկայիս իշխանությունների «տիեզերական նվաճումները», որի մի մասն է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Ուզած-չուզած Գյումրին իր ներկայիս ողբալի վիճակով նորագույն մեր պատմության մեջ ներկայիս իշխանույունների ճակատին մնալու է որպես աղվեսադրոշմ, որպես խարան. կհրաժարվեն իրենք Գյումրիից թե ոչ, սա դատավճիռ է, որ արդեն այսօր է կայացված պատմության կողմից, եթե իհարկե ուշքի չգան ու չսթափվեն գյումրեցի երեխաների մանկության գողերը, ինչպես ակնարկվում է նկարահանվելիք ֆիլմի մեջ:
Սակայն սա դեռ հարցի մի կողմն է:
Եկող տարին համազգային մի տխուր տարելից ունենք` Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյակը: Արի ու տես, որ Թուրքիան արդեն ամենայն լրջությամբ նախապատրաստվում է դիմագրավելու սպասվելիք իրադարձություններին .... Մինչդեռ մեզ մոտ Հայաստանում ..... «Ես կարող եմ ասել, որ սեփական ֆիլմով Հայաստանը, կարծես թե, ի վիճակի չէ մասնակցել եղեռնի 100-ամյակին: Հայաստանը չի կողմնորոշվել, իսկ թուրքերը արդեն ունեն ֆիլմ: Եթե կայքում նայեք, թուրքերի ֆիլմը կոչվում է «120», իրենք պատահական չէ, որ էդ թեման են ընտրել, 120-ը այն թուրք երեխաներն են, ովքեր ցրտին, սառնամանիքին զինամթերք են հասցնում թուրք զինվորներին`Սարիղամիշում: Ինչի՞ց է սկսվել ցեղասպանությունը, պաշտոնական ու ոչ պաշտոնական տեսակետով այն սկսվել է թուրքական բանակի պարտությամբ Սարիղամիշում: Թուրքիան իր մեկնաբանությունը ցեղասպանության արդեն ցուցաբերել է:
Հիմա օրը եկել, հասել է, պաշտոնական տեսակետ կա, որ Հայաստանը ի վիճակի չէ ներկայանալ սեփական ֆիլմով:
Կարող է ինչ-որ մի բան նկարվի, «Մոսկվա կինոթատրոնը» մի երկու շաբաթ ցույց տա, վերջանա, գնա: Մերը մի քիչ ուրիշ պատմություն է, մեր երաշխիքը եվրոպական պրոկատն է: Սա միջազգային կինոնախագիծ է: Իսկ միջազգային կինոպրոցեսը ունի իր օրենքները, Հայաստանը դուրս է այդ օրենքներից, բայց, քանի որ բոլորիս համար եղեռնը սուրբ թեմա է, այսպես, թե այնպես Հայաստանը իրավունք չունի չմասնակցելու» ,- պատասխանում է կինոռեժիսորն ու կիսվում իր մտահոգություններով: Ինչ ստացվում է, որ մենք հավանաբար տանուլ ենք տալիս նաև այս ոլորտում ...
Այսքանից հետո դեռ էլի կարելի էր խոսել քննադատել, սակայն կարծում եմ որ ինչ էլ ասենք ավելորդ է ու անօգուտ ու ճիշտ էին մեր պապերը, երբ ասում էին` «սազանդարին որ խոհանոց ուղարկես ճաշ եփելու, կաթնովն էլ սոխով կեփի»:
Ի դեպ, հիշեցնեմ` այս տարի Օբաման էլի արտաբերեց աղավաղված «Մեծ Եղեռն» բառերը ապրիլքսանչորսյան իր ամենամյա ավանդական ելույթում: