▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառը պատերազմ սառը ձմռան շեմին

Ռուսաստանը նոր Սառը պատերազմ է հայտարարել աշխարհին: Այդ մասին միանշանակ վկայում է ՌԴ նախագահ Պուծինի ճառը Սոչիյում, այսպես կոչված «Վալդայ» քաղաքական ակումբի հավաքին: Այստեղ պատահական չէ ո`չ Սոչին` ռուս մարզական, տնտեսական ու կոռւոպցիոն ռեկորդների շտեմարանը, ո`չ էլ Վալդայը`սիբիր-ալթայան մի վայր, ուր Պուծինը պարբերաբար հեռանում է տայգայում միայնակակ մնալու նպատակով: Չհաշված մոծակներին ու թիկնազորը: Դա պատասխան էր ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Օբամայի ճառին, որտեղ Ռուսաստանը թվարկված էր ջիհադիստ ահաբեկիչների ու Էբոլա վարակի հետ մեկ տեղ, իբրեւ աշխարհին սպառնացով վտանգ: Պուծինը այլընտրանք ուներ, սակայն նա գերադասեց առճակատում եւ ընդունեց մարտահրավերը: “Երկաթե վառագույրի”մասին Չերչիլի ֆուլթոնյան ճառից 65 տարի անց սկսվում է նոր համաշխարհային Սառը պատերազմ, որը տարբերվում է աշխարհամարտերից միայն նրանով, որ գերտերությունները ուղիղ ու մեծ առճակատման փոխարեն վարում են միմյանց դեմ բազմաթիվ “փոքր”տեղաշրջանային պատերազմներ: 
Տվյալ դեպքում մի կողմից ԱՄՆ գլխավորությամբ ողջ արեւմտյան քաղաքակրթությունն է, որի մեջ Եւրոպան է ու Հարավ-Արեւելյան Ասիան, Հարավային Ամերիկան ու Ավստրալիան, եւ որին անուղակիորեն բայց աճող հստակությամբ հարում են այնպիսի հսյկա ու անկախ դերակատարներ, ինչպիսին են Հնդկաստանը, Չինաստանը եւ անգամ արեւմտյան պատժամիջոցներից ազատվող Իրանը: Մյուս կողմից է Ռուսաստանը, նրա ոչ այդքան հուսալի արբանյակներ Բելառուսն ու Ղազախստանը, ինչպես նաեւ հերթական կտրուկ շրջադարձ կատարող Թուրքիան: Վերջինիս քաղաքական հաշվարկը հիմնված է չորս գործոնների վրա. ա/Եվրոմիությանը անդամակցելու ակնհայտ անհնարինության, բ/ տարածքային ամբողջականության հանդեպ քրդական սպառնալիքի, գ/ Ռուսաստանի մեկուսացման պատճառով նրա էժանացող հումքի ու վառելիքի ձեռքբերման ու սեփական արտադրանքի սպառման շուկայի առկայություն, դ/ նույն Ռուսաստանի ազդեցության ոլորտում գտնվող թյուրքալեզու տարածքներ ներթափանցելու հնարավորություն:
Ո’րն է Հայաստանի տեղն ու դերը այս նոր պատերազմում, որը սկսվել է մեզնից անկախ բայց անմիջականորեն ազդելու է մեր ազգային ճակատագրի վրա: Երկրում առկա քաղաքական դասը միանշանակ ընտրել է ռուս-թուրքական, “ասիական բռանապետության” կողմնորոշումը, որը մի շարք “ջղաձիգ” քաղաքացիներին, այդ թվում նաեւ ինձ, թվում է կործանարար ու դավաճանական: Վերջին օրերին ամենաբարձր մակարդակից հնչող “Ռուսաստանը` Պուծին է, Պուծինը` Ռուսաստան” կարգախասները կասկած չեն թողնում, որ հյուսիսային մեր հարեւանը անշրջելիորեն խորտակվում է անձի պաշտամունքի ու բռնապետության ճահճում, չունենալով գոնե ստալինյան շրջանի հարաբերական ինքնամփոփ արդյունաբերություն, գիտություն եւ գյուղատնտեսություն: Նոր Ռուսիայի կենսունակության հիմքը հանդիսացող նավթն ու գազը անշեղորեն գնանկում են ապրում, այլընտրնաքային վառելիքի օգտագործման ու զարգացման համաշխարհային միտումների լույսի ներքո: Բացի դա, մեր անմիջական հարավային հարեւան Իրանը բազմիցս առաջարկում էր մեզ ռուսականից երեք-չորս անգամ էժան գազի ու նավթամթերքի ներմուծում, սակայն տեղական ստրկատերերը ստիպված էին հրաժարվել մոսկովյան իրենց տերերի ճնշման տակ, տնտեսական հանցագործություն ու պետական դավաճանություն կատարելով: Ռուսական, իսկ իրականում արդեն ռուս-թուրքական դաշինքին միանալու ջատագովների ու նրանց կողմից ահաբեկված բնակչության ամենատարածված փաստարկը ազգային անվտանգությունն է` “առանց ռսի թուրքը մեզ կուտի” ձեւակերպմամբ: Մի կողմ թողած Սարդարապատում ու Արցախում թուրքի ատամները հաշվող ազգի անբացատրելի Ցռան-Վերգոյությունը, ասեմ միայն, որ “թուրքից փրկվելու” համար նույն թուրքի հետ ռազմական, քաղաքական ու տնտեսական դաշինքի մեջ միաձուլվելու գաղափարը նման է “մազերի թեփի դեմ լավագույն միջոցն է գլուխ կտրելը” շիզոֆրենիկ տրամաբանությանը: Իսկ եթե ոմանց դեռ թվում է, որ նման ռուս-թուրքական դաշինքում առաջին բաղադրիչն է մեզ պաշտպանելու երկրորդից, հիշեցնեմ, որ միայն վերջին հարյուրամյակի ընթացքում եւ 1905, եւ 1912, եւ 1920, եւ 1936, եւ 1965, եւ 1988-1990, եւ 1992 թթ. Ռուսաստանը միշտ, հետեւողականորեն ու անվերապահ պաշտպանում էր տարածքով ու բնակչությամբ մեծ ու մտածելակերպով նրան մտերիմ Թուրքիային, որին 1920 թ. օգնեց զենքով, զորքով ու փողով, սեփական սոված ժողովրդից այն կտրելով, որպիսզի փրկի Աթաթյուրքին հունական ու հայկական «իմպերիալիզմից», իսկ Բաքվին վաղուց նվիրելով Արցախն ու Նախիջեւանը, «եւրասիական» գաղափարախոսություն հռչակած Մոսկվան այսօր տրամադրում է նորագույն հարձակվողական զենք 5 միլիարդ դոլարի չափով: Եւ այս ծուղակը քշելով մեր ազգը ոմանք դեռ խոսում են անվտանգությունից եւ բարգավաճումից? Միգուցե միայն սեփական, անձնական անվտանգությունն ու բարգավաճումը նկատի ունեն ռուսական հատուկ ծառայությունների հայ սպասավորները, որոնք տանում են մեր երկիրը դեպի անդունդ ու կործանում: Ու եթե Քոչարյանի ու Սարգսյանի դեպքում ճշմարիտ են մամուլի երբեք պաշտոնապես չհերքված տեղեկությունները ԿԳԲ-շնիկների տնտեսական ու ոստիկանական կառույցներում նրանց ներգրավվածության մասին, ապա Քոչարյանի դրածո մարմնամարզիկի հանդեպ Տեր-Պետրոսյանի աջակցությունը բացատրելի է արդեն ոչ այնքան քաղաքական, որքան նյութական պատճառներով: Այլապես Սախարովի ու Ստարովոյտովայի զրուցակիցը չեր կարող դառնալ մարտիմեկյան սպանդի հանցակիցներից մեկի անշահ ու անշեղ համախոհը: 
Սկսված սառը պատերազմում Հայաստանը հայտնվել է սխալ ճամբարում: Դա մեր փոխարեն արեցին ագահ ու ապիկար դավաճանները: Մեր հազարամյա կողմնորոշումը դեպի առաջընթաց, դեպի քաղաքակրթություն, դեպի ազատություն` փորձում են վիժեցնել: Հայկ Նահապետի, Արա Գեղեցիկի, Տիգրան Մեծի, Աբգար Եդեսցու, Փառանձեմ թագուհու, Մեսրոբ Մաշտոցի, Մխիթար Սեբաստացու, Լեւոն Լուզինյանի, Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի ընտրությունը փորձում են կեղծել: Մեր միակ փրկությունն է` ներուժ գտնել ու փոխել ճամբարը, քանի դեռ ուշ չէ: Եթե թշնամու ճամբարի մեջ մենք հայտնվել ենք դավադրության պատճառով, ապա ճամբար փոխելը ոչ թե դավաճանություն, այլ սխրանք է: Երբ չի մնում էլ ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Շանթը սխալվեց միայն մի բանում` նա պետք է հավաքեր մարդկանց հրապարակից դուրս գալուց առաջ: Մեր ազգային էպոսն իզուր չէ որ կոչվում է Սասնա Ծռեր: Խենթ, ծուռ, ազնիվ, շիտակն է պատք այսօր: Վաղը ուշ է լինելու:

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին