Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը մայիսի 8-12-ը կազմակերպել և անցկացնում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը:
Մրցույթին Երևանից և մարզերից մասնակցում են 9-15 տարեկան պատանի ստեղծագործողները՝ ներկայացնելով 1 դաշնամուրային ստեղծագործություն:
Այսօր կայացած մրցույթն ընդգրկում էր երկու ենթափուլ. 9-12 և 13-16 տարեկան երեխաները ներկայացրեցին 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չէր գերազանցում 5 րոպեն:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը լրագրողների հետ զրույցում խոսելով նախաձեռնության մասին` ասաց, որ այն պատկանում է Կոմպոզիտորների միությանը:
«Երկար տարիներ է` մենք հնարավորություն չենք ունեցել լսել այն երեխաներին, որոնք ստեղծագործում են: Մասնակիցները կարող են և երաժշտական կրթություն չունենալ» ,-ասաց Արամ Սաթյանը`մանրամասնելով.
«Շատ երաժշտական դպրոցներում չկա կոմպոզիցիայի դասարան, հանրակրթական դպրոցներում էլ շատ վատ գիտեն հայ երաժշտությունը: Այսօր շատ երգեր, որ հնչում են տարբեր մրցույթներում, անգամ Եվրատեսիլում, կապված չեն կոմպոզիտորական մտածելակերպի հետ:
Անտեսված է ստեղծագործող երեխան: Այժմ մենք ուզում ենք հասկանալ` արդյո՞ք հետագայում կլինեն Խաչատրյաններ, Միրզոյաններ, Բաբաջանյաններ: Եթե այս մրցույթ-փառատոնը նորմալ անցնի, մենք հասկանանք` ինչ ունենք, ինչ չունենք, սա կարող է դառնալ ամենամյա: Կարծում եմ, որ հետագայում ավելի շատ մասնակիցներ կլինեն»:
Մրցույթին մասնակցող երեխաների մեծ մասը, չնայած հաղթելու մեծ ցանկությանը` ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ անգամ չհաղթելու դեպքում չեն հիասթափվելու, շարունակելու են ստեղծագործել, թեկուզև հետագայում այլ մասնագիտություն ունենան:
Մասնակիցներից մեկը` 9-ամյա Արուսյակը, ով ներկայացնում էր «Վարդերի պարտեզ» ստեղծագործությունը` ասաց, որ այն գրել է 6 տարեկանում: Անգամ բառերը կան: (Երգում է)
Ես գնացի, մի գիշեր գնացի վարդերի պարտեզ,
Ու այնտեղ տեսա, ու այնտեղ տեսա շատ-շատ վարդեր:
Բայց կարմիր վարդը տարբերվում էր…
Մեր փոքրիկ զրուցակիցը նշեց որ երազում է դառնալ բժշկուհի ու կոմպոզիտոր:
Իսկ 15-ամյա Ալեքսանդրը, ով ներկայացնում էր «Ծաղրածուների պարահանդես»-ը` պատմեց, որ 1.5 տարի է, ինչ սկսել է դաշնամուր նվագել:
«Ժամերով պարապում եմ: Կոմպոզիցիան մեկ տարի է խլել ինձանից: Վերջերս գրել եմ Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի հիմնը»,-անկեղծացավ Ալեքսանդրը:
Նշենք, որ ժյուրիի կազմում են անվանի կոմպոզիտորներ` Վահրամ Բաբայանը, Վարդան Աճեմյանը, Ժիրայր Շահրիմանյանը, Էդմոնդ Մակարյանը և ուրիշներ:
Գալա համերգը և մրցանակաբաշխութունը տեղի կունենա մայիսի 12-ին ` կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանի ծննդյան օրը:
Անի Կարապետյան