▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսուլից փախստական 65 հայ ընտանիքներ ցանկանում են մշտապես հանգրվանել մայր հայրենիքում

Իրաքում և Իրաքյան Քուրդստանում տեղի ունեցող ահավոր իրադարձությունները, հալածանքներն ու կոտորածները, եղեռնագործությունները Արևմուտքի երբեմնի  «ձեռնասուն», Իսլամական ծայրահեղական «ԴԱՀԷՇ»-ի կողմից՝ ցնցել են աշխարհը;Ինչպիսին է Իրաքյան Քուրդստանի հայ համայնքի վիճակը։ Այդ մասին «Արցախպրես»-ին հաղորդել է լրագրող  Համո Մոսկոֆյանը էրբիլից;

Թե անցյալ տարի և թե 2014-ին, բազմիցս լինելով Էրբիլում, Դհոկում, Զախոյում, հայկական Ավզրուկ և Հավրեզ ավաններում, հիացել էի այն մեծ հարգանքով ու պատվով, որ վայելում են հայկական ծաղկուն գաղթօջախի որդիներն ու դուստրերը, Իրաքի Խորհրդարանի պատգամավոր, «Փեշմերկա» Արամ Շահին Բակոյանը և նշանավոր ճարտարապետ Երվանդ Ամինյանը։

Արբանյակային հեռարձակմամբ, եռալեզու «Իշտար» հեռուստաընկերության տնօրեն Ռազմիկ Մուրադյանը, Էրբիլի հայոց կառուցվող փառավոր եկեղեցվո և հայ գաղթօջախի ղեկավար Շանթ Մուրադյանը՝ պատմում էին, թե ինչպես նախագահ Մեսուդ Բարզանին 5 միլիոն դոլար է նվիրել, որպեսզի Իրաքից փախստական հայերը  ունենան իրենց հոգևոր տաճարը և տունը մայրաքաղաք Էրբիլում։ Ամենուրեք տեսնում էինք նախկին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաճանի կառուցած հրաշալի ավաններն ու գյուղերը հայերի և այլ քրիստոնյաների, եզիդիների և քրդերի համար։

Մոսուլի հայ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Առաքել Գասբարյան

Մեր վերջին հանդիպումը, սակայն, Մոսուլի հայ եկեղեցվո հոգևոր հովիվ, իրաքյան բանակի նախկին բժշկական սպա Տեր Առաքել Գասբարյանի հետ, տխուր խոհերի մեջ թողեց բոլորիս։ «ԴԱՀԷՇ»-ական գազանները հարձակվել էին (ինչպես 1915ին…), հայերի և քրիստոնյաների թաղամասերի վրա՝ կողոպտելով և սպանելով, գեղեցիկ կանանց ու երեխաներին գերեվարելով և վաճառքի հանելով որպես հարճեր և ստրուկներ՝ իրենց կողմից զավթված իրաքյան և սիրիական տարածքներում, ստիպելով քրիստոնյաներին կրոնափոխ դառնալ կամ գլխահարկ վճարել ու սրահատման սպառնալիքով լքել իրենց տներն ու կալվածները, որտեղ ապրել էին տասնամյակներ կամ… դարեր շարունակ։ Տեր Առաքելին հաջողվել էր Մոսուլի վրա ԴԱՀԷՇ-ական բորենիների հարձակվելուց մի քանի ժամ առաջ 65 հայ ընտանիքների անվտանգ հեռացնել քաղաքից ու տեղավորել Էրբիլի, Դհոկի, Զախոյի, Ավզրուկի, Հավրեզի հայոց տներում, եկեղեցիներում։

Մի քանի օր առաջ, արևմտյան պետությունների անտարբեր աչքերի և ցինիկ վերաբերմունքից քաջալերվելով, մանավանդ, որ նրանք մասնակցել էին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Իրաքի զավթմանն ու թալանմանը, իբր թե զանգվածային ոչնչացման զենքեր «ման գալով» ու կախաղան բարձրացնելով Սադդամ Հյուսեյնին (ինչպես ԱՄՆ արտաքին գործերի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնի «խոստովանությունները» վկայում են ԴԱՀԷՇ-ի բացարձակ օժանդակման մասին),  այս անգամ Բաղդադի նոր «խալիֆ»-ի զորքերը հարձակվեցին քրիստոնեական մեծագույն ավան Ղարաղոշի և շրջակա գյուղերի, ինչպես նաև Աղաջանյան» ավանի վրա, միաժամանակ՝ ուղղակի ցեղասպանություն գործադրելով հայ ժողովրդի բարեկամ ու դաշնակից եզդիների վրա, որոնք 1918թ. Ջահանգիր Աղայի գլխավորությամբ մասնակցել էին Սարդարապատի ճակատամարտին…։ Դարձյալ հազարավոր գաղթական-փախստականներ՝ Էրբիլի քրիստոնեական քաղաք Անկավայում, ուր եկեղեցիներն ու վանքերը, դպրոցները տրամադրվել էին ամեն ինչ կորցրած հայ, ասորի, քաղդեացի, եզդի, թուրքմեն, Իրաքի և Քուրդստանի քաղաքացիների։

Ի վերջո, վախենալով, թե իրենց կենսական շահերը Հյուսիսային Իրաքում կարող են վտանգվել իսլամական ծայրահեղականների կողմից, մանավանդ, որ մարդկային ողբերգության մանրամասները տարածվել էին զանգվածային լրատվամիջոցներով՝ շարժելով «քրիստոնյա» ղեկավարների «գութը», ԱՄՆ ռազմական ինքնաթիռները մի քանի օդային ռմբահարումներով փորձում են հավասարակշռել իրավիճակը՝  ոչ մեկ հստակ ծրագրով, թե ի՞նչ է լինելու բյուրավոր գաղթականների ապագան և ո՞վ է ջախջախելու մինչև ատամները զինված, Արևմուտքի գաղտնի օգնություններով և նավթի անհատնում եկամուտներով «սնուցվող» այս մարդակերպ գազանները։

«Մենք ձեզնից խնդրում ենք, որ կապվեք Հայաստանի կառավարության հետ, որպեսզի կազմակերպի Մոսուլից 65 հայ փախստական ընտանիքների վերադարձը և մշտական բնակությունը Մայր Հայրենիքում»,- անցած գիշեր Էրբիլից հեռախոսով հայտնեց մեր ժամանակների Ղևոնդ Երեց  Տեր Առաքել Գասբարյանը։

Հուսով ենք, որ արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ քայլերն ու կապերն ի վերջո իրաքյան նորագույն դժոխքից կփրկեն նաև մեր հարազատ եղբայրներին ու քույրերին, որոնք այսօր իրենց նոր կյանքը կստեղծեն Մայրենի հողում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին