18-ամյա ուսանողի Տաթև Դերզյանն օրեր առաջ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում: Հատկանշական է, որ այս առումով Տաթևն առաջին և միակ ներկայացուցիչն է՝ թե Հայաստանից, թե ամբողջ տարածաշրջանից: Սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում: Փոխադրվել է երկրորդ կուրս:
Մրցույթը, որը նվիրված էր բազմալեզվության և գլոբալիզացիայի խնդիրներին, կազմակերպել էր ՄԱԿ-ը՝ United Nations Academic Impact, ELS Educational Services-ի օգնությամբ:
«Մրցույթի մասին իմացել եմ փետրվարին, մայրիկս էր կարդացել: Շարադրությունս պետք է գրեի ՄԱԿ-ի 6 լեզուներից մեկով, ես ընտրեցի ռուսերենը: Իսկ խորագիրը հետևյալն էր՝ «много языков, один мир»: Ապրիլի 15-ին ինձ պատասխանեցին, որ անցել եմ երկրորդ փուլ: Իսկ Երկրոդ փուլը տեսազագով հարցազրույց էր, որը պետք է լիներ մեր ընտրած լեզվով՝ իմ դեպքում՝ ռուսերենով»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տաթևը, ապա հավելեց.
«Մայիսի 7-ին պատասխանեցին, որ հաղթել եմ: Նշված էր որ 60 հոգի՝ յուրաքանչյուր լեզվից՝ 10 հոգի 5 օրով գնալու են Նյու-Յորք և պետք է ելույթ ունենանք ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում:
Տաթև Դերզյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում հունիսի 27-ին էր՝ «понимание как ключ к миру» խորագրով:
Հայ ուսանողուհու շարադրությունը բարձր է գնահատվել ոչ միայն ՄԱԿ-ում, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Կանադայի, ԱՄՆ-ի բարձրաստիճան հյուրերի կողմից:
«Ելույթից հետո ովքեր հարցեր ունեին, մոտենում էին մեզ: Ինձ մոտեցան ՄԱԿ-ում Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներից: Բելառուսի ներկայացուցիչը կարդացել էր շարադրությունս: Գրել էի նաև անվանս ստուգաբանությունը, որ նշանակում է «տուր ինձ թև»: Բելառուսի ներկայացուցչին դա հետաքրքրել էր, անգամ ասաց, որ ցանկություն ունի հայերեն սովորել: Ռուսաստանի ներկայացուցիչը ևս կարդացել էր իմ և Ուկրաինան ներկայացնող մասնակցի շարադրությունները և կրկին իր գոհունակությունը հայտնեց: Հետաքրքրվեցին Հայաստանով, Տաթևի վանքով ու հատկապես աշխարհում ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղիով:
Ինչ վերաբերում է տպավորություններին.
«Երբ շարադրությունը գրում էի, ու մայրս ասում էր, որ հաղթողները Նյու Յորք են գնալու, ես չէի հավատում: Երբ նամակը ստացա, որով ինձ շնորհավորում էին, տեղեկացնում, որ հաղթել եմ, կրկին չհավատացի: Մեկ օրվա մեջ նույնիսկ մի քանի հոգու եմ տվել, որ կարդան: Մինչև վերջ չէի հավատում… սկսեցի հավատալ միայն այն ժամանակ, երբ արդեն օդանավակայանում էի»: