Անձրև էր, տաք ու հորդ, ամառային տեղատարափ անձրև՝ մինչև ոսկորները թափանցող, բայց և հաճելի ու թարմացնող:
Վաղեմի սովորության համաձայն ծեր պրոֆեսորը կանգնած էր լուսամուտի մոտ: Մի ձեռքը պահել էր մեջքի կողմում, մյուսով հետ տարել շերտավարագույրն ու հիանում էր հորդահոս անձրևով: Հիացել էր միշտ, տարիներ շարունակ… այս էլ քանիերորդ տասնամյակն է. և դեռ պիտի հիանա, պիտի հիանա ամառային տաք ու հորդառատ անձրևով, քանի դեռ ապրում է, մինչև վերջին շունչը: Հայացքի առաջ պատուհանի ողորկ ապակին էր, ապա՝ գոլ անձրևաջրով լվացվող երկնաքերների մոխրագույն քաղաքը, որից այն կողմ արդեն պրոֆեսորի ներաշխարհն էր, նրա հոգին, սիրտը, ուր ամփոփված ու դաջված էր ամառային տաք անձրևի նվիրական մի հիշողություն՝ հեռու մարդկային ու երկրային ամեն մի իրողությունից, ծածկված տասնամյակների ծանր բեռով: Թախծոտ մի ժպիտ էր գծագրվում իր հուշերի ջրապտույտին հանձնված պրոֆեսորի անգույն, բարակ շուրթերին:
Արդեն մի քանի օր շարունակվող տեղատարափը չէր ուզում դադարել: Երկնաքերների մոխրագույն քաղաքն համարյա կաթվածահար էր եղել: Օրն արդեն բավական ուշ էր, համարյա երեկո: Հերթական դատարկ փողոցով, ճեղքելով անձրևաջրի շիթերը, առաջ էր ընթանում երիտասարդ ասպիրանտի ոչ այնքան թանկարժեք մեքենան: Մայթին հազիվ էր նկատվում ավտոբուսի կանգառի ազդը: Մեքենայի մեջ շոգ էր, տաք, հաճելի: Ասպիրանտը զարմացավ՝ երիտասարդ տղամարդու մի ֆիգուր նկատելով կանգառում: Արգելակեց հենց երիտասարդի մոտ: Մի փոքր իջեցրեց կողապակին:
- Խնդրեմ, նստեցեք, կփորձեմ օգնել Ձեզ: Ու՞ր եք գնում:
Հարցերն արտաբերեց ակամա, արագ, գործնական:
- Կներեք, - եղավ պատասխանը, - ես … եմ գնալու: Սպասում եմ ավտոբուսի:
- Նստեցեք, կտանեմ: Անիմաստ է սպասելը: Քաղաքը համարյա կաթվածահար է, այս ժամին ավտոբուս չէք գտնի:
- Բայց…, - շարունակեց ֆիգուրը վարանոտ:
- Դե, - շտապեցրեց ասպիրանտը:
Եվս մի քանի վայրկյան և անձրևանոցի մեջ փաթաթված ֆիգուրն արդեն մեքենայի մեջ էր, ասպիրանտի կողքին:
- Կներեք, ես թրջեցի ողջ սալոնը…
- Ոչինչ, - ընդատեց ասպիրանտը, - ամեն ինչ կարգին է, կչորանա:
- Հեռու՞ ենք գնալու, - հարցրեց նորեկ ուղևորը, - սրբելով ճակատը:
- Ոչ այնքան, մոտ կես ժամ:
- Երբ մոտենանք…
- Իհարկե, - պատասխանեց ասպիրանտը: - Տեղացի չե՞ք:
- Ոչ, - պատասխանեց ուղևորը:
- Հյուսիսի՞ց, թե՞ Միջին Արևելքից, - ավելացրեց ասպիրանտը՝ ենթադրելով խոսվածքից:
- Միջին Արևմուտքից, - հնչեց պատասխանը:
Տիրեց կարճատև լռություն: Հերթական շրջադարձին ասպիրանտը նայեց ուղևորին: Միջին կազմվածք, փոքր-ինչ թխահեր, սև կոկիկ դեպի հետ սանրված ու հարդարված մազեր, շագանակագույն արտահայտիչ աչքեր: Ակամա ժպտաց քթի տակ:
- Իսկ դուք տեղացի՞ եք, - հարցրեց ուղևորը:
- Այո: Նյու Ջըրզիից:
- Ա, ա՜, - արձագանքեց ուղևորը:
- Մենք արդեն մոտենում ենք, - մի քանի րոպե անց ասաց ասպիրանտը:
- Խնդրեմ այստեղ մի րոպե կանգնեք, դուրս գամ զանգեմ:
Երբ ուղևորը դուրս էր գալիս դեպի հեռախոսախցիկ, ասպիրանտը խորը շնչեց: Ինչ-որ տարօրինակ ծակոցներ զգացվեցին կրծքավանդակի մոտ:
Մեկ, երկու, երեք, չորս, հինգ… Րոպեները անցնում էին: Ուղևորը նյարդայնացած շարունակում էր զանգել: Վերջապես վերադարձավ:
- Հը՞ …, - հարցական նայեց ասպիրանտը:
- Չի պատասխանում: Դե լավ, նստեք, մի բան կմտածենք:
- Բայց…
- Նստեք, նստեք,… հո չե՞ք թրջվելու:
Ուղևորը նստեց ակնհայտ տխուր ու դժգոհ տեսքով:
- Դե լավ, մի մտածեք, մի բան կմտածենք: Կյանք է, կպատահի:
- Բայց ախր…
- Հանգստացեք, դրսում չեք մնա: Կգնանք հյուրանոց կամ կգիշերեք ինձ մոտ, իսկ առավոտյան կգնաք տուն:
- Բայց հասկանում եք, ես չեմ ուզում չարաշահել ձեր բարյացակամությունը և նաև առավոտ արդեն պիտի մեկնեմ այստեղից: Լավ է գոնե դրամապանակս ու տոմսերս վերցրեցի:
Ասպիրանտը շեղակի նայեց ուղևորին: Տարօրինակ ջերմության հոսք զգաց մարմնում: Թեթևակի շիկնեց: Աննկատ ժպտաց ու միանգամից սեղմեց գազի ոտնակը:
Փոքրիկ, հարմարավետ բնակարանի մուտքի մոտ ուղևորը տարակուսած նայեց ասպիրանտին:
- Ամեն ինչ կարգին է: Դուք ինձ նեղություն չեք պատճառում:
Նախասենյակը լրիվ մութ էր: Ասպիրանտը, շոշոփելով պատը, գտավ լույսի կոճակը: Էլեկտրական թույլ լույսը լուսավորեց նախասենյակի համեստ կահավորանքը:
- Առաջացեք, - հրավիրեց ասպիրանտը, - սա էլ իմ որջն է:
Ուղևորն անհամարձակ քայլերով մտավ ներս: Ասպիրանտը ծածկեց դուռը:
- Առաջացեք նախասենյակ, շարունակեց ասպիրանտը տանտիրոջ նախաձեռնող հոգատարությամբ
Նրանք երկուսով մտան հյուրասենյակ: Լուսավորությունն հյուրասենյակում ավելի ուժեղ էր:
- Աստված իմ, դուք լրիվ թրջվել եք: Անհապաղ անցնենք իմ սենյակ, ես ձեզ փոխվելու հագուստներ կտամ: Անհապաղ մտեք լոգարան ու տաք ցնցուղ ընդունեք, այլապես կհիվանդանաք, - մերժում չընդունող տոնով շտապեցրեց ասպիրանտը:
Ուղևորը զարմանալիորեն հնազանդ կերպով ենթարկվեց:
- Իսկ մինչ այդ ես թեյ կպատրաստեմ մեր համար, - արդեն խոհանոցում ձայնեց ասպիրանտը:
Ցնցուղից հոսող տաք ջրի շիթրեը վերակենդանացրին ասպիրանտի ակամա հյուրին, թուլացրին ողջ մարմինը: Զգաց, որ թմրում է արդեն:
- Սա քեզ փոխանորդ հագուստ, - լսեց ասպիրանտի ձայնը լոգարանի դռան հետևից, - իմ զգեստապահարանից եմ ընտրել: Համարյա նույն չափսերն ուենք, կարծում եմ դուր կգա: Նաև սպիտակեղեն եմ դրել
- Շնորհակալ եմ, - ձայնեց բարձր՝ ի պատասխան:
Տարօրինակ հաճելի ու ջերմ մթնոլորտում էր զգում իրեն՝ ասպիրանտի փոքրիկ համեստ բնակարանում: Կարծես մի քանի ժամվա ծանոթներ չլինեին, այլ վաղեմի բարեկամներ:
Ի՞նչ կխմես, - լսեց ասպիրանտի ձայնը, երբ արդեն դուրդ եկած ցնցուղից հագնում էր իր համար դրված տնային հագուստը, - դե թեյն հասկանալի է, այսքան թրջվելուց հետո: Ուրի՞շ:
- Ը՜… ը՜… ը՜, - փորձեց կողմնորոշվել հյուրը:
- Գուցե բրենդի, կոնյակ, … ընտրեք, - եղավ պատասխանը:
- Թերևս բրենդի…, - ամաչկոտ հարեց հյուրը:
- Դե շտապեք, համարյա ամեն բան պատրաստ է
«Աստված իմ… ես թափառաշրջիկի նման պիտի մնայի փողոցում, բայց ի՞նչ գործ ունեմ այստեղ՝ անծանոթ այս մարդու մոտ: Շատ էլ բարյացակամ է հյուրասեր… ի վերջո ո՞վ եմ ես, ո՞վ է ինքը», - մտածում էր հյուրը հագնվելիս:
- Դե, իմ նորահայտ բարեկամ, բարի գալուստ քաղաքակիրթ աշխարհ, - ջերմ ժպիտով հյուրին դիմավորեց ասպիրանտը փոքրիկ հարմարավետ հյուրասենյակում, ուր բացառիկ խնամքով թեյի սեղան էր բացված:
- Աստված իմ, շնորհակալ եմ…, կներեք այսքան անհանգստության համար, որ պատճառեցի Ձեզ:
- Թողեք, նման բան չկա: Ամեն բան կարգին է: Համեցեք, սեղան նստենք:
Թեյ, մեղր, քաղցրավենիք, բրենդի… այն ինչ կարելի էր երազել տեղատարափ անձրևին՝ չհաշված ջերմ միջավայր, հաճելի մթնոլորտ…: Ամեն ինչ հիանալի էր, ասես ֆիլմում, այնքան իդեալական, որ թվում էր անհնարին իրական լինելու համար:
Զրույցը սկսվեց ինքնաբերաբար, ծավալվեց բրենդիի դատարկվող գավաթների հետ՝ էլ ավելի ջերմացնելով ու հարազատացնելով… Կեսգիշերն արդեն վաղուց էր անցել:
- Գիտես, - փոքր ինչ լռությունից հետո սկսեց հյուրը, - ես շատ շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Չգիտեմ վաղը կարթնանանք ու էլ կհանդիպենք կամ ոչ, բայց մի բան կուզեմ թողել քեզ հիշատակ կամ նվեր:
- Օ՜… օ՜…, - կիսահարբած արձագանքեց ասպիրանտը, - և ինչպիսի՞ նվեր:
- Թուղթ ու մատիտ ունե՞ս:
- Իհարկե:
- Բեր ես մեզ երկուսիս կնկարեմ:
- Շատ լավ, այս է բերեմ:
- Ես արագ մատիտանկար կանեմ:
- Շատ լավ, հավատա այն կպահեմ որպես թանկ հիշատակ:
Երիտասարդ ասպիրանտն անթաքույց հետաքրքրությամբ ու հիացմունքով էր նայում սպիտակ ստվարաթղթի վրա սահուն գծերով թուղթը կենդանացնող երիտասարդ իր հյուրին, որ կլանված և կենտրոնացած շունչ ու հոգի էր դնում ստվարաթղթի մեջ՝ արտահայտելով այն, ինչ բառերով չես արտահայտի:
Մեկ, երկու, հինգ, տաս րոպե անց նկարը պատրաստ էր:
- Հըմ դուր գալիս է, հավանու՞մ ես, - հարցրեց վախեցած:
Ասպիրանտը շշմել էր: Կարծես անծությունից եկող երկու սիլուետներ լինեին գրկախառնված, որ ուշադիր նայելիս նրանց կիսադեմքերի միաձուլումն էր ներկայացնում:
- Հիասքանչ է, հիանալի է…, բառեր չունեմ:
- Սա քեզ իմ կողմից, - մանկական զվարթությամբ պատասխանեց հյուրն ու նկարը մեկնեց ասպիրանտին:
Մի պահ երկուսն էլ լռեցին: Անթարթ հայացքով ասպիրանտը նայեց հյուրին: Տարօրինակ տխրություն կարդաց նրա աչքերում: Անհասկանալի ջերմություն ու գորովանք զգաց և ուզեց գրկել, շատ շատ ամուր գրկել ու համբուրել նրան:
- Շատ շնորհակալ եմ այս հոյակապ նվերի համար, - ասաց ակամա ու չկարողացավ շարունակել:
Հյուրը կարծես սպասում էր գրկախառնությանը: Անծանոթ ու հաճելի դող զգաց մարմնով, երբ արդեն իր գրկում ուներ նրան, ում գուցեև վաղը պիտի հրաժեշտ տար ընդմիշտ: Զգաց, որ պիտի չուշացնի այն, ինչ ուզում էր անել և ինչ սպասվու էր իրենից: Գրեթե վերերկրային քնքշությամբ համբուրեց շուրթերը, զգալով պատասխան համբույրի ջերմությունը: Անհավանական հաճելիություն էր այդ պահին պարուրել իրեն, անհավանական ապրում, որ պարույրի նման ավելի էր պըրկում ողջ մարմինն ու էությունը: Այն ինչ թվում էր երկուսին էլ անհավանական, շատ պարզ էր, շատ սովորական և ծավալվում էր իր կուլմինացիային հասնելու համար բնական, աներկյուղ ու անխոչընդոտ: Թվում էր ճանաչում էին իրար տարիներ շարունակ… Եվ այդպես էլ պիտի լիներ, չէ որ դա սեր էր, սեր իր բնական և մարմնական հանգուցալուծման մեջ…
Առավոտը բացվեց դանդաղ ու միապաղաղ մռայլությամբ: Արթնացավ երբ արդեն բավականաչափ լույս էր: Հյուրը չկար: Նախորդ գիշերվա իրական լինելու ապացույցը սեղանին թեյի պարագաներն էին, բրենդիի շիշը, մատիտանկարը և կիսախոնավ անկողինը: Նայեց շուրջն անսահման կարոտով ու թախիծով:
Թախծոտ ու թույլ ժպիտը դեռ մնում էր սառած ծեր պրոֆեսորի գունատ շրթունքներին: Ամեն ինչ ուրիշ էր այժմ, իր առօրյա իրականության մոխրագույն վիճակի մեջ: Հիշողություններն ու ապրումները իր ներսում են, սրտի ու հոգու ամենափակ, ամենախորունկ, ամենանվիրական անկյունում և ամառային մեկ գիշերվա սիրո պատմությունը մարմնավորող մատիտանկարում, որ միշտ իր հետ էր թալիսմանի նման:
Մատիտանկար` երկուսի համար.18 +
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet