«Ժամանակ» թերթը գրում է. «Ստատուս քվոն կայուն չէ, եւ ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, նախօրեին Փարիզի Ելիսեյան պալատում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ դիտարկում է բանակցությունն առաջ տանելու հնարավորությունը: Մակրոնը հայտարարել է, որ լուծումը պահանջելու է համարձակ փոխզիջումներ եւ կոնկրետ գործողություններ:
Ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի՝ Սերժ Սարգսյանը իր ելույթում ղարաբաղյան հակամարտության մասով եղել է շատ ավելի սակավախոս: Սերժ Սարգսյանը ասել է, որ շնորհակալություն է հայտնել Մակրոնին խնդրի կարգավորման Ֆրանսիայի տարիների ջանքի համար: Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը տարիներ շարունակ պայքարում է իր ինքնորոշան եւ ազատության համար, ու այդ պայքարը չի կարող հաջող ավարտ չունենալ:
Մակրոնի եւ Սարգսյանի հայտարարության շեշտադրումներում նկատելի է տարբերությունը: Դա պայմանավորված է կարգավիճակների՞ տարբերությամբ, որ ունեն Մակրոնն ու Սերժ Սարգսյանը, թե՞ նաեւ սկզբունքային մոտեցումների եւ դիրքորոշումների: Ի վերջո՝ Ֆրանսիան միջնորդ համանախագահներից է եւ իր հայտարարություններում անկասկած պետք է լինի որոշակիորեն չեզոք, զուսպ եւ ըստ էության՝ խոսի այն մասին, ինչի մասին խոսել է Մակրոնը, եւ խոսում են բոլոր համանախագահները՝ այս կամ այն նրբերանգային տարբերությամբ: Այդ տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահն ամենեւին նորություն չի ասում, երբ խոսում է, այսպես ասած, համարձակ փոխզիջումների մասին:
Սերժ Սարգսյանն, ըստ էության, հակամարտող կողմի ներկայացուցիչ է, եւ այստեղ, իհարկե, հռետորաբանությունը ենթադրում է բոլորովին այլ շեշտադրումներ ու մեսիջներ: Ավելի կարեւոր է, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը, այսպես ասած, դե ֆակտո, եւ այդ իմաստով որքանով է այն համընկնում Հայաստանի դիրքորոշմանն ու շահերին: Շատ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը հնչեցնում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության համար պայքարի անխուսափելի բարեհաջող ավարտը եւ դրա համար ամբիոն է դառնում Ֆրանսիայի նախագահական նստավայրը: Դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է:
Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահն իր անդրադարձում բավական մանրակրկիտ է եւ նշում է անգամ Կրակովում արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպման մասին, ինչով Մակրոնը թերեւս փորձում է վկայել, որ չնայած իր համեմատաբար նոր նախագահությանը, Ղարաբաղի հարցում հասցրել է բավականին խորամուխ լինել պրոցեսի մեջ եւ բավական ուշադիր է դրա ընթացքի նկատմամբ: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահն առնվազն ամրագրում է, որ ղարաբաղյան խնդիրն իր համար կարեւոր թեմաների շարքում է, համենայնդեպս՝ այն աստիճան, որ հետեւում է դրա ընթացքին՝ ընդհուպ արտգործնախարարական մակարդակի հանդիպումների ներառմամբ:
Դա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան ղարաբաղյան խնդրում առաջիկայում պատրաստվում է ցուցաբերել առավել նախաձեռնողականություն, եւ այդ համատեքստում արդյո՞ք Սերժ Սարգսյանը Մակրոնի հետ հանդիպմանը փորձել է խաղարկել ղարաբաղյան խնդրի հանդեպ Ֆրանսիայի նախագահի այդ ուշադրությունը իր հետնախագահական պլանների վրա ուշադրություն բեւեռելու իմաստով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում